Գրիգոր Մինասյանին չէ, որ ինչ-որ բան պետք է հարցնեն, որովհետև ինքն էլ այն նույն անձանց շրջանակում է, որոնք ամեն ինչ անում են դատավորներին ենթարկեցնելու համար․ Լուսինե Սահակյան
«Դատավորների նկատմամբ ճնշում գործադրողներից մեկն էլ Գրիգոր Մինասյանն է, բնականաբար, երբեք չի ընդունելու, որ կա ճնշում»,- այս մասին քիչ առաջ ԲԴԽ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նա նշեց, որ դատական նիստերի դռնփակության և դռնբացության խնդիրները վերջին տարիներին խայտառակ լուծումներ են ստանում, որովհետև այն գործերը, որոնք պետք է քննվեն դռնփակության պայմաններում, չգիտես՝ ինչու, քննվում են դռնբացության պայմաններում զուտ այն նպատակով, որ հասարակական հնչեղություն են ցանկանում տալ ինչ-որ գործերի, և ակնհայտ այն գործերը, որոնք չպետք է քննվեն դռնբացության պայմաններում, և իրականում հասարակությունը պետք է տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, քննում են դռնփակության պայմաններում, որովհետև այնպիսի խայտառակ ապօրինություններ են կատարում, որ ցանկանում են դա դռների ետևում իբրև թե պահել։ «Սա է պատճառը, որ նաև այս դեպքում դռնփակություն են կիրառել, որովհետև այն խայտառակությունը, որը կատարվում է այս վարույթով, չեն կարողանա նրանք որևէ կերպ հասարակությանը որևէ օրենքի լույսի ներքո ներկայացնել»,- ասաց Լուսինե Սահակյանը դատավոր Դավիթ Հարությունյանի գործով նիստը դռնփակ ռեժիմով իրականացնելու մասին։
Նա նշեց, որ միանալու է փաստաբանների ծրագրած գործադուլին։ «Բայց որ ասեմ, թե մեծ սպասելիքներ ունեմ, չունեմ, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ այս բոլոր գործընթացներն ուղիղ հրահանգավորմամբ են կատարվում։ Եվ սա պարզապես մի ոստիկանի գործունեություն չէ, որ, ասենք, մի ոստիկան այդ օրը որոշեց փաստաբան ծեծել։ Սա կարծես թե ընդհանուր միտում է, որովհետև մենք էլի դեպք ունեինք, որ փաստաբանի նկատմամբ բռնություն էր գործադրվել, և որևէ մեկն ըստ էության պատասխանատվության չենթարկվեց։ Սա շարունակական բնույթ է կրելու և շարունակվելու է, քանի դեռ մենք մինչև վերջ չենք պայքարել նրա համար, որ ոչ թե ուղղակի աշխատանքից ազատեն, դրան էլ համաձայն չեմ, կատարվել է հանցագործություն, և անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն իմանալու համար, որ յուրաքանչյուր գործողություն, որն իրենց կողմից կնախաձեռնվի ընդդեմ փաստաբանի, և որևէ ապօրինություն, նրանք պատասխանատվության կենթարկվեն։ Միգուցե այս դեպքում, երբ նրանք հրահանգ ստանան նման ապօրինություններ կատարելու, արդեն ականաջալուր չլինեն և այդ գործողությունները չշարունակեն»,- ասաց Սահակյանը։
Անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի այսօր արած մեկնաբանություններին, Լուսինե Սահակյանն ասաց, որ չհասկացավ, թե ինչ նկատի ունի Մինասյանը։ «Նա խոսում է իրավախախտների մասին, այսինքն՝ նա ի սկզբանե համարում է, որ դատավորները խախտում կատարել են, այն դեպքում, երբ դատավորները խախտում չեն կատարել։ Բացի դրանից, իրեն չէ, որ ինչ-որ բան պետք է հարցնեին, որովհետև ինքն էլ գտնվում է այն նույն անձանց շրջանակում, որոնք ամեն ինչ անում են ենթարկեցնելու դատավորներին։ Դրա համար էլ, բնականաբար, ինքն ինչ հայտարարություն ասես անելու է, երբևէ չի ընդունելու, որ դատավորների նկատմամբ կա անօրինական ճնշում, որովհետև ճնշում գործադրողներից մեկն էլ ինքն է այս նույն կարգապահական վարույթներով, դիմելով ԲԴԽ և այլն»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով, որ բազմաթիվ դատավորներ կան, որոնք խախտումներ են թույլ տալիս, չեն ենթարկվում պատասխանատվության։ Ըստ Սահակյանի՝ վառ օրինակ՝ եթե ԲԴԽ-ն համարում է, որ որոշումը՝ վերջնական դատական ակտը չտրամադրելը կարգապահական խախտում է, և պետք է դատավորի լիազորությունը դադարեցնել, ապա այդ նույն ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն իր բազմաթիվ գործերով արդեն 2-2,5 տարի որոշում չի տալիս նույնիսկ այն բանից հետո, երբ ինքը բարձրաձայնել է այդ մասին։ «Նրա նկատմամբ կարգապահական վարույթ չի նախաձեռնվել, նա շարունակում է այստեղ պաշտոնավարել և դրա հետ մեկտեղ՝ պատասխանատվության ենթարկել դատավորներին։ Հիմա հարցը սա է՝ հասկանանք, բա այդ դեպքում այդ նույն նախարարը, որը գտնում է, որ, օրինակ, Նախշքարյանի պարագայում պետք է վարույթ հարուցվեր և պետք է դադարեցվեր լիազորությունը, ինչո՞ւ նույն հետևողականությամբ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ վարույթ հարուցելու համապատասխան միջնորդությամբ չի դիմել։ Այստեղ պատասխանն ակնհայտ է, որովհետև ընտրովի մոտեցում կա»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: