Փաշինյանն այն աղբյուրը չէ, որի բանավոր խոսքը կարելի է ընդունել որպես հիմք. փորձագետ
«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նման, անգրագետ թափթփուկներից ինչ-որ խումբ է հավաքվելու, որոնք առաջին հերթին կոմպետենտ չեն խնդրից, որոնք պատկերացում չունեն՝ ճիշտն ու սխալը որն է, ու «սիրում եմ-չեմ սիրում», «հավանում եմ-չեմ հավանում» սկզբունքներով են առաջնորդվելու:
Ու ստացվելու է այն, ինչ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում անցկացվող քննիչ հանձնաժողովի նիստերին՝ նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Ի դեպ, այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ընդհատվել է Նիկոլ Փաշինյանի ելույթը. այն կշարունակվի հունիսի 27-ին, որի ընթացքում, ինչպես վստահեցրեցին Փաշինյանն ու հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, հարցեր տալու հնարավորություն կունենան հանձնաժողովի անդամ պատգամավորները։
Նիկոլ Փաշինյանի ելույթում տեղ գտած մի շարք արձանագրումների մասին իր դիտարկումներում ադրբեջանագետը նկատեց, որ Փաշինյանը կոմպետենտ չէ հայտարարություններ անելու, ունակ չէ կարդացած տեքստը ճիշտ ընկալելու և հասկանալու, ինչի ապացույցը նաև, ըստ Ադիբեկյանի, Մադրիդյան սկզբունքների տեքստի՝ փաշինյանական մեկնաբանությունն է:
«Հաջորդը՝ այս պետությունում առաջին դավաճանն ինքը՝ Փաշինյանն է, ինչի ապացույցն է ռազմական գործողությունների իրականացման սաբոտաժը, այսինքն՝ ռազմական գործողությունների ղեկավարումից կոմպետենտ, գրագետ մարդկանց հեռացնելը, զորահավաքի սաբոտաժը, երբ կոմպետենտ մարդիկ գնում էին զինկոմիսարիատներ, սակայն այդ մարդկանց չէին տանում՝ փոխարենը հավաքելով մարդկանց, որոնք բացարձակապես կապ չունեին, պատրաստ չէին ռազմական գործողություններին, բանակի մատակարարումը սաբոտաժի ենթարկելը, քանի որ կան փաստեր, որ չեն ապահովել մեր բանակը պաշտպական միջոցներով (զրահաբաճկոններ ու սաղավարտներ), և մարդիկ անպաշտպան գնացել ու ընկել են կրակի տակ:
Այսինքն՝ Փաշինյանը, դավաճանելով Հայաստանի Հանրապետությունը և հայ ժոովրդի պաշտպանությունը, միտումնավոր պարտվելով պատերազմում, իրավունք չունի խոսել ինչ-որ մեկի դավաճանությունից»,- շեշտեց Արմինե Ադիբեկյանը:
Քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը, որպես կարևոր հանգամանք՝ ուշադրություն էր հրավիրել «Ընդհանուր պետություն» փաթեթի վրա՝արձանագրելով, որ «1998 թվականին ԼՂ շուրջ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները պարտվողական համարելու ֆոնին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման մեկնարկից փակ դռների հետևում սկսեց քննարկել ու ընդունելի համարել այնպիսի տարբերակներ, որոնք Լեռնային Ղարաբաղն աներկբա ճանաչում էին՝ որպես Ադրբեջանի մաս»: Արմինե Ադիբեկյանին խնդրեցինք պարզաբանել նաև այդ դրվագը:
«Մարդը կարդում է կամ լսում է ինչ-որ բան և չի հասկանում, կամ՝ հասկանում է, բայց միտումնավոր խեղաթյուրում այն.գոյություն չունի որևէ փաստաթուղթ, տեսագրություն, որի հիման վրա կարելի է պնդել, թե Քոչարյանը երբևիցե անգամ ակնարկել է Արցախի՝Ադրբեջանի կազմում հայտնվելը, ասեմ ավելին՝ անգամ Լևոն Տեր- Պետրոսյանը նման բան չի ասել: Ինչոր խոսվել է, խոսվել է ազատագրված տարածքների մասին, որոնք ի սկզբանե հանդիսացել են առևտրի առարկա՝ այսինքն, տարածքներ՝ անկախության դիմաց. սա ասել են ՀՀ բոլոր երեք նախագահները:
Եթե Փաշինյանն այդքան տգետ է, որ չի կարողանում տարբերել բուն Արցախը և ազատագրված տարածքները, դա Փաշինյանի խնդիրն է, բաց պետք չէ սեփական տգիտությունը, ապաշնորհությունը բարդել ուրիշների վրա:
Կամ՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտող մարդ է, թող լսի Տեր-Պետրոսյանի արտահայատությունները հենց իր հասցեին՝ ինչպես, օրինակ, «ազգակործան պատուհաս»-ը,- ի պատասխան՝ նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետը՝ դարձյալ շեշտելով,-Փաշինյանն այն աղբյուրը չէ, որի բանավոր խոսքը կարելի է ընդունել որպես հիմք. մարդը լուրջ խնդիր ունի գրավոր տեքստի ընկալման»: