Անհանդուրժողականության ապստամբություն
Պատմությունը, հայտնի է՝ «եթե»-ներ չի սիրում։ Դա, անշուշտ, ճիշտ է, բայց նույնքան իրավացի է նաև պնդումը, որ թեական հարցադրմամբ պատմության վերլուծությունը հնարավորություն է տալիս դասեր քաղել նույն պատմությունից՝ առնվազն դրանք ապագայում չկրկնելու համար։ Մյուս կողմից, պատմությանը «եթե»-ով վերաբերվելը դառնում է փիլիսոփայական, հաճախ՝ նաև հռետորական մոտեցում, երբ խոսքը հեռավոր շրջանի անցքերի մասին է։
Ընթացիկ զարգացումները՝ ոչ վաղ անցյալի իրադարձությունների թեական հայացքով դիտարկումը, սակայն, հնարավորություն է տալիս առնվազն ուղղելու այն սխալները, որոնք դեռևս շարունակվում են այդ թեականության պատճառով։ Այլ կերպ ասած, հարցադրումը՝ «ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չպահպաներ իշխանությունը», միայն առաջին հայացքից է ժամանակավրեպ ու խիստ թեական։ Այդ հարցի պատասխանը վերաբերում է անցյալին զուտ ժամանակային ընդգրկման իմաստով։ Բայց պատասխանը նույնքան այժմեական է այն առումով, որ այդ նույն թեականության արդյունքը շարունակվում է նաև այսօր։
Այսինքն, եթե պայմանականորեն վերը նշված հարցի պատասխանն այն է, որ Փաշինյանի՝ իշխանությունը չպահպանելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել հետպատերազմյան աղետներից, Հայաստանի ինքնիշխան տարածքների կորստից, նախորդ տարվա ադրբեջանական ագրեսիայից ու հարյուրավոր զոհերից, Արցախի ուրացումից ու բանակցային գործընթացում նվաստացածի կարգավիճակից, ապա այդ նույն պատասխանը տեղին է նաև հենց այսօր ու վերաբերում է՝ ինչպես այսօրվան, այնպես էլ՝ վաղվան՝ ամենամոտ ու առնվազն միջնաժամկետ ապագային։
Հետևաբար, եթե բոլոր այդ հարցադրումը հնչեցնողներն ու ճշմարիտ պատասխանին հանգողները (իսկ հիմա հասարակության մեջ շատ մեծ մաս են կազմում այդպես մտածողները) ընդունում են, որ սխալվել են 2021թ. ընտրություններում Նիկոլ Փաշինյանին կամ ուղղակի ընտրելով, կամ անտարբերությամբ՝ իշխանության պահպանումը թույլ տալու համար, այսօր այդ հետևությունից բխող վարքագիծ դրսևորեն, կարող են ուղղել իրենց՝ եթե ոչ անցյալին վերաբերելի, ապա գոնե ապագան կանխորոշող սխալը։
Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակում է պահպանել իշխանությունը, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև, իսկ գուցե առավելապես այն պատճառով, որ հասարակությունը հանդուրժում է նրան։
Հասարակությունը հանդուրժում է իր սխալը։
Հասարակությունն ապրում է սխալի մեջ։
Հասարակությունը սխալ է ապրում։
Պետությունը սխալ է ապրում։
Սխալը հանդուրժելով՝ հանդուրժվում է նաև անարժանապատվությունը։ Անարժանապատվության հանդուրժումը նվաստացման հանդուրժում է նաև։
Ու նաև անպատվության հանդուրժում։
Հայաստանը՝ որպես պետություն, մենք՝ որպես հասարակություն, այս խորը ճգնաժամը հաղթահարելու միայն մեկ հնարավորություն ունենք, որը կարող ենք պայմանականորեն կոչել ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ։ Կամ հեղափոխություն։ Կամ շարժում։ Միայն այդ անհանդուրժողականությունը կարող է հնարավորություն տալ, որ աշխարհը մեզ հանդուրժի՝ որպես պետություն ու որպես հասարակություն։ Որովհետև անպատվությունը չեն հանդուրժում ոչ միայն մարդկային, այլ նաև երկրային կամ միջպետական հարաբերություններում։
Հարություն Ավետիսյան