Եթե բոլոր այդ հարցադրումը հնչեցնողներն ու ճշմարիտ պատասխանին հանգողները (իսկ հիմա հասարակության մեջ շատ մեծ մաս են կազմում այդպես մտածողները) ընդունում են, որ սխալվել են 2021թ. ընտրություններում Նիկոլ Փաշինյանին կամ ուղղակի ընտրելով, կամ անտարբերությամբ՝ իշխանության պահպանումը թույլ տալու համար, այսօր այդ հետևությունից բխող վարքագիծ դրսևորեն, կարող են ուղղել իրենց՝ եթե ոչ անցյալին վերաբերելի, ապա գոնե ապագան կանխորոշող սխալը։
Ժամանակակից հաջողակ պետություններն ու հասարակությունները զգալիորեն հիմնված են կայացած ինստիտուտների վրա, որոնցում անհատների դերը, թեև կարևոր, բայց որոշիչ չէ։ Տասնյակ տեսություններ ու հարյուրավոր աշխատություններ կան, որոնք ապացուցում են ինստիտուտների արդյունավետության ու պետության որակի միջև ուղիղ կախվածությունը։ Բայց կան նաև արժանահավատ վկայություններ, որ ինստիտուցիոնալ կայացածությունը՝ որպես հաջողության գրավական, գործում է հարաբերականորեն ստանդարտ, համեմատաբար հանգիստ պայմաններում։