Ալիևի ծավալապաշտական գործիքը. ոչ մի երկրի հետ սահմանազատում չի արել.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը ՀՀ-ին ստիպում է սահմանազատում, բայց ինքը ոչ մի երկրի հետ չի արել դա։ 2021 թվականի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները ապօրինի ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հարցը առաջին պլան մղվեց:
Հայաստանը հարեւան որեւէ երկրի հետ սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա չի իրականացրել, թեեւ Իրանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ տարածքային խնդիրներ չկան։ Արեւելյան կողմից հարեւան Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում եւ սահմանագծում իրականացված չէ, գրեթե ամեն օր տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին:
Ադրբեջանի բռնատիրական նախագահն էլ, կեղծ քարտեզներ վկայակոչելով, սպառնում է, թե Հայաստանը պետք է դեմարկացիան եւ դելիմիտացիան իրականացնի իրենց իսկ թելադրած պայմաններով, այն է` պետք է բացվի դեպի Նախիջեւան տանող ճանապարհը, երկրորդ` Լեռնային Ղարաբաղում չպետք է լինեն Հայաստանի զինված ստորաբաժանումներ, արցախցիները պետք է ստանան ադրբեջանական անձնագրեր:
«Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն իր հարեւան մյուս երկրների հետ դեմարկացիա իրականացրել է, որ հիմա փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Փորձագետը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, ընդ որում՝ Վրաստանի հետ լուրջ հակասություններ կան այդ առումով:
Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանին, ապա դրանք սահմանազատվել են՝ խորհրդային քարտեզների համաձայն, բայց Իրանի հետ էլ կան խնդիրներ՝ Կասպից ծովի բաժանման, ռեսուրսների վերահսկման առումով, ուստի այդտեղ էլ առկա են լուրջ հակասություններ: Իսկ ինչու՞ է սպառնում Հայաստանին՝ ստիպելով իր իսկ պայմաններով դելիմիտացիա իրականացնել. «Ադրբեջանական կողմը, չունենալով դելիմիտացված սահման իր հարեւանների հետ, հսկայական ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանի հետ կապված հստակ ծավալապաշտական նկրտումներ ունի:
Օրեր առաջ էլ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ իրենք միջազգային իրավունքը չեն հարգում, գերական ուժն է իրենց համար, եւ ուժով պետք է խնդիրները լուծեն, իսկ մնացածը լիրիկական զեղումներ են:
Բնականաբար, իրենք բանակցում են, այդ գործընթացներն օգտագործում են իրենց դիրքերն ամրապնդելու համար, բայց հետո գնում են նորանոր էսկալացիաների»:
Հավելենք, որ արդեն երկու օր է, ինչ Երասխի հատվածում ժամերով կրակահերթ է արձակում Ադրբեջանը»: