Չպե՛տք է գերի դառնանք թերուսներին. այս տեմպերով կարող ենք դառնալ քաղաք-պետություն, որտեղ նշվում են գինու փառատոներ. Ռուբեն Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հնչեցրած իր հայտարարություններով հերքում է օբյեկտիվ իրականությունը:
- Հայաստանի որևէ իշխանություն նման պայմաններով բանակցություն չի վարել և Արցախը չի տեսել Ադրբեջանի կազմում։ Հունիսի 13-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ «Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում: Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով։ Դա միանգամայն միանշանակ էր»:
Հետաքրքիր է, այս իշխանությունները Բորելի՞ն ինչպես են պիտակավորելու, նախկի՞ն, ծախվա՞ծ, թե՞ այլ բառով:
Փաշինյանն ասում էր, իբր Արցախը նախկիններն են Ադրբեջանին հանձնել ու իր գրպանը գցել. դե հիմա թող պատասխանեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելին՝ օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետին, որը նման բարձր ամբիոնից բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը:
- Արևը ցեխով չես կարող ծածկել, իրականությունը սա է, այսինքն՝ Բորելն ասեր, թե մեկ ուրիշը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելի հայտարարությունը մեր դիվանագիտության ամենասև էջերից մեկն է:
Բայց գալու է ժամանակը, որ նաև այսօր դեռևս իրականությունը չընկալող և չգիտակցող հասարակության համար ամեն ինչ պարզ է դառնալու: Այս իշխանությունները 30 տարվա դիվանագիտական, ռազմական պայքարը հասցրել են զրոյական մակարդակի: Փաշինյանը ոչ թե զրոյից է սկսել, այլ ամեն ինչ տարել է դեպի իր ասած զրոյական մակարդակ:
- Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ոչ ճիշտ հայտարարությունները սովորական են դարձել ոչ միայն մեր՝ Հայաստանի գիտակից հատվածի համար, այլև համաշխարհային դիվանագիտական շրջանակների համար: Մնում է, որ Բորելը և մնացածները հայերենով ասեն՝ «ձեր ղեկավարն ուղղակի սուտ է խոսում»։ Այս մարդը Հայաստանը տանում է կործանման։
- Մի հոգևորական ասում էր, թե իր խնդիրն է՝ հասարակությանը բացատրել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող այս մարդը հայ ժողովրդի պատմության երախտավորներ Գրիգոր Նարեկացու, Մովսես Խորենացու, հայ ազգի ներկայացուցիչը չէ։ Սա զուտ իշխանափոխության կամ զուտ քաղաքական խնդիր չէ, սա բառիս բուն իմաստով քաղաքակրթական խնդիր է: Վնասված է, վիրավորված է մեր քաղաքակրթական կերպարը:
- Աշխարհում մենք այլևս չենք ընկալվում՝ որպես Նարեկացու, Խորենացու ազգ, ընկալվում ենք, պայմանականորեն ասած, որպես ախուրյանցի Անոյի ազգ: Սա ողբերգությո՛ւն է և համազգային, ողջ հայ ժողովրդի խնդիրն է, ով իրեն համարում է Կոմիտասի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Խորենացու ժառանգը: Բայց կա՛ հասարակության մի հատված, որը գիտակցում է, որ իր թույտվությամբ է այս անձը զբաղեցնում վարչապետի պաշտոնը և այսօր ներկայացնում է հայ ազգին: Ուստի այս ամենից ազատվելը ոչ միայն՝ ընդդիմության, ոչ միայն՝ քաղաքական ուժերի, այլ՝ գիտակից ողջ հայ ժողովրդի խնդիրն է:
- Եղել է ժամանակ, երբ մենք պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք հարգանք ինքներս մեր նկատմամբ, իսկ հիմա վերածվում ենք սպառողական հասարակության: Այսօր մենք ապրում ենք տաբուների կոտրման ժամանակաշրջանում: Այսօրվա իշխանական ուժը թշնամաբար է տրամադրված ամեն ինչին. Արարատ լեռանն է կպնում, վաղն էլ կարող է Կոմիտասին, Նարեկացուն թիրախավորեն… Սա մեր արժեհամակարգի ոչնչացման փուլերից մեկն է:
- Սրանք թշնամաբար են տրամադրված հայկական ամեն ինչին: Թուրքիայում բազմաթիվ փողոցներ, պուրակներ կրում են Էնվեր փաշայի, Թալեաթի անունները, թուրք պաշտոնյաներն էլ որպես հերոսների՝ քարոզում են նրանց, իսկ սրանք ասում են՝ ճիշտ չէր Հայաստանում Նեմեսիսի արձանի տեղադրումը…
- Այսօր Աշոտիկ Փաշինյանից կերտում են արվեստագետ, և որևէ արվեստագետ չի արձագանքում, մի խոսք չի ասում, չի ընդվզում: Ես ենթադրում եմ, որ ոչ միայն չեն խոսելու, այլ ասելու են, թե սա նոր ձեռքբերում է, աբստրակցիոնիզմի նոր ուղղություն: Այդ մտավորականների համար կարևոր չէ, թե ում են քծնում, կարևորը, որ պաշտոն զբաղեցնի. մենք տեսնում ենք անձի պաշտամունքի ատրիբուտներ, որոնք հարիր են բռնապետական երկրներին։ Արդյո՞ք Ստալինի երեխաների նկատմամբ նման հերոսացումներ եղել են։ Պատմությունը վկայում է, որ չեն եղել, անգամ այն ժամանակ՝ Խորհրդային Միության տարիներին:
- Ինչպես ասում է հայտնի վեպի հերոսը՝ ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ։ Կգա ժամանակը, երբ այդ նույն քծնող մտավորականները չեն էլ բարևելու նույն Աշոտիկ Փաշինյանին և մնացածներին։
- Տարածաշրջանի բոլոր երկրները զբաղված են ագրեսիվ ռազմական պատրաստվածությամբ, միայն Հայաստանն է, որ զբաղված է պացիֆիզմով և լիբերալիզմի քարոզով։ Տարածաշրջանում ծանր ռոք է հնչում, իսկ Հայաստանում ֆլեյտա են նվագում։ Էրդողանն ու Ալիևը հայտարարում են, թե թուրքական և ադրբեջանական բանակները միասնական են: «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտին ավելացել է «մեկ ազգ, երկու բանակ» կոնցեպտը։ Ադրբեջանը դե յուրե ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց Թուրքիայի միջոցով դառնում է դե ֆակտո ՆԱՏՕ-ական բանակ ունեցող պետություն:
- Էրդողանը և Թուրքիան այս ընտրություններից հետո դուրս եկան ավելի ուժեղացած և ագրեսիվ։ Աշխարհում փլուզվել են խաղի կանոնները, քաոսային իրավիճակ է, որտեղ մենք տեսնում ենք ուժեղացած Թուրքիա և նրան կցված ուժեղացող Ադրբեջան։
- Էրդողանը հայտարարում է, թե Շուշիում բացելու են հյուպատոսություն… Իսկ Հայաստանը չկա, Հայաստանը լռում է…
- Իրանի հետ կոշտ հռետորաբանությամբ խոսում է ոչ թե Ադրբեջանը, այլ թուրք-ադրբեջանական տանդեմը։
- Այս իշխանությունը չի էլ ուզում դիմադրել, սրան հետաքրքրում են այլ բաներ, և խոսում են միայն, որ ժողովրդավարությունը մեր երկրի բրենդն է: Ժողովրդավարությունից ո՞նց կարող է խոսել մի մարդ, որի արձանը տեղադրված է հանրապետությունում՝ անվտանգության աշխատակիցների և սարքերի հսկողությամբ, որպեսզի ևս մեկ անգամ քաղաքացիները չջարդեն այն…
- Երբ քո վրա կրակում են, չես կարող ասել՝ իմ մոտ ընտրություններն արդար են անցել՝ ինձ վրա մի կրակեք։
- Մեր երկրում ժողովրդավարության իմիտացիա է, իրականում Հայաստանում ո՛չ ժողովրդավարություն կա, և ո՛չ էլ անվտանգություն։ Եվ մեզ չի օգնելու ժողովրդավարության բրենդը և խաղաղության այդ կեղծ կոնցեպտը։
- Ուրախանում ես, որ Էրդողանը քեզ՝ երկրորդ շարքում գտնվողիդ, մոտեցել և բարևել է… Այն Էրդողանը, որ 5000 տղաների զոհվելու, 10.000-ի հաշմանդամության պատճառ է դարձել:
- Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ասում է՝ Արարատը պետք է հանենք, և… զրո ընդվզում։ Այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո, երբ Սերժ Սարգսյանի կողմից կտրուկ մերժվել էին Թուրքիայի բոլոր նախապայմանները, Ցեղասպանության ճանաչման հարցն էլ օրակարգում էր, Սերժ Սարգսյանին Սփյուռքի որոշ հատվածներում մեծ ընդվզումով էին դիմավորում, հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակներն էին ջարդում… Իսկ հիմա զրո ընդվզում… ո՞ւր են այդ ծաղկեպսակ ջարդողները:
- Շուշիի հռչակագիրը թուրք-ադրբեջանական նոր դաշինքի անձնագիրն է։ Դրա դիմաց մենք ուղղակի չենք պատրաստվում։
- ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Զանգեզուրի միջանցքի հարցը մենք կասեցրել ենք, որովհետև լեգիտիմ ենք՝ ոչ թե ծիծաղելի է, այլ ողբերգական է։
- Մենք թուրքերին և ադրբեջանցիներին քաղաքակրթության ճանապարհ ենք տալիս, Բաքվում Էրդողանի ելույթի ամբողջ տեքստում Հայաստան անունը չկար, այսինքն՝ գալիս են մեր տան միջով անցնելու, ճանապարհներ են գծում ու մեր տնից տարածքներ վերցնում՝ առանց մեզ ասելու, ու մեր անունը չեն էլ տալիս…
- Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի 100 տարվա գերնպատակն է, հայր Ալիևի երազանքը, որ որդին ամեն գնով ուզում է կյանքի կոչել, մի բան, որ անգամ խորհրդային տարիներին նրանց չէր հաջողվել, Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները կարողացել էին կանխել, հիմա Փաշինյանը տվել է այդ հնարավորությունն Ալիևին։ Հայաստանի այսօրվա իշխանությունները սպասարկում են ոչ հայկական շահեր:
- Սա մի իշխանություն է, որը զբաղված է պատասխանատվությունն իր վրայից ուրիշների վրա գցելու գործով և բառիս բուն իմաստով վայելում է ստացած իշխանությունը, օգտվում հաճույքներից։
- Իրավական առումով որևէ անձ, այդ թվում՝ Փաշինյանը, Արցախն Ադրբեջանի կազմում միանձնյա ճանաչելու որոշում չի կարող կայացնել, Փաշինյանը միապետ չէ։ Գերագույն իշխանությունը ժողովրդին է պատկանում:
- Մարդկության պատմությունը նման պոպուլիստներ շատ է տեսել, որ խոստացել են ամեն ինչ և արել՝ ոչինչ։
- Այս իշխանությունը Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» գիրքն է այսօր իրականություն դարձնում:
- Ժողովրդին ակտիվացնողների մեղքն է, որ ժողովուրդը չի ակտիվանում, նրանց ոչ բավարար ակտիվությունը։
- Դիվանագետները չեն տեսնում, որ իրենց ղեկավարը հակադիվանագիտական հայտարարություններ է անում, որ Նիկոլ Փաշինյանն իր մեկ հայտարարությամբ ինչքան վնաս է տալիս Հայաստանին և հենց իրենց՝ դիվանագետներին:
- Փաշինյանն իր հայտարարությամբ օգուտ է տալիս Ադրբեջանին, ուժեղացրել է ադրբեջանական հռետորաբանությունը։
- Ինքնախաբեություն է, երբ դիվանագետներն ասում են, թե իրենք մնում են իշխանության մեջ, որպեսզի ծառայեն պետությանը։
- Անձը չի կարող որոշել ոչ պետության, և ոչ էլ սահմանների ճակատագիրը, սա միապետություն չէ։
- Այս տեմպերով մենք կարող ենք դառնալ քաղաք-պետություն, որտեղ նշվում են գինու փառատոներ:
- «Զանգեզուրի միջանցք» տերմինն ակտուալ է եղել անգամ ԽՍՀՄ տարիներին։ Այն ժամանակ Հայաստանի ղեկավարները պայքարել են դրա դեմ՝ հասկանալով, որ նույնիսկ խորհրդային տարիներին կարող էինք հայտնվել շրջափակման մեջ։ Զանգեզուրի միջանցք հասկացությունը դա կարծես Հայաստանի պորտալարն է, և դա այս իշխանությունների ձեռքով կտրվում է։ Հայաստանն իսկապես կկորցնի պետականության վերջին անվտանգային փշրանքները:
- Որևէ բան չի կասեցնելու թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերը, «ուժն է ծնում իրավունք» արտահայտությունն այսօր շատ իրատեսական է, և այդ ուժը ծնվում է Թուրքիայում և Ադրբեջանում:
- Էրդողանը Բաքվում հայտարարում է՝ որևէ մեկի հետ հաշվի չեն նստելու, մեսիջներ է ուղարկում Հայաստան՝ համաձա՞յն եք «Զանգեզուրի միջանցքը» բացել՝ լա՛վ, եթե չէ՝ ուժի միջոցով ենք բացելու։ Եվ այս ամենը տանում է դեպի Հայաստանի կործանում:
- Մեզ այս իշխանությունը զրկում է հույսից, ընդդիմությունն էլ դեռ չի կարողանում բերել հույսը։ Ընդդիմությունը քաղաքացիների հետ միասին պետք է բերի այդ հույսը։
- Մենք չպետք է գերի դառնանք թերուսներին։
- Բա ո՞ւր մնացին այն կոչերը, որոնցով Փաշինյանը եկավ, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է հարգվի, Պուտինի հետ առաջին հանդիպումներում երբ շեշտում էր դրա մասին, ո՞ւր մնաց բա: Բա երբ խոսում են քո երկրի մասին՝ քո երկրի անունը չտալով, իսկ դու ասում ես՝ Երևանում մետրո ենք սարքում, տրոլեյբուսներ ենք բերում, ի՞նչ ես մտածում… Այսինքն՝ մենք կորցնում ենք մեր պետականության վերջին անվտանգային փշրանքները, բայց դրա փոխարեն՝ Երևան նոր տրոլեյբուսներ են գալիս: Հասկանո՞ւմ եք՝ ինչը ինչի հետ է համեմատում: Ո՞վ է դեմ նոր տրոլեյբուսներին, բայց եթե նոր տրոլեյբուսները լինում են ի հաշիվ մեր անվտանգության, այդ տրոլեյբուսներով ո՞ւր եք գնալու: Այդ տրոլեյբուսով երթևեկելու դեպքում հաջորդ կայարանն Ադրբեջանն է լինելու:
- Պատմությունը հստակ ասում է, որ այս տիպի իրավիճակներում խնդիրը լուծվել է ընդվզումով, և ոչ թե՝ հանուն իշխանության, այլ՝ հանուն պետականության: Իշխանության փոփոխությունը, եթե ոչ ճանապարհ է, գոնե հույս է այս ամենը կասեցնելու: Անգամ ամենաբարդ իրավիճակում ելք կա, պետք է գործել։ Ամեն օրը ավելի է փոքրացնում Հայաստանի տարածքը։ Բոլոր նրանք, ովքեր լուռ աջակցում են տեղի ունեցողին և այս իշխանություններին՝ դառնում են մասնակիցը Հայաստանի կործանման։
- Սա Փաշինյան անձին սատարել-չսատարելու հարց չէ, սա մեր պետականության գահավիժումը կասեցնել-չկասեցնելու հարց է:
- Այս իշխանությունների ամեն օր մնալն ավելի է փոքրացնում Հայաստանի տարածքը:
- Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, բոլոր մարդիկ և բոլոր այն կերպարները, որոնք ընդվզելու, այս ամենի հետ չհաշտվելու որոշակի ներուժ ունեն, բնական է, որ լինելու են այս իշխանությունների թիրախում:
- Բոլոր այն մարդիկ, ովքեր լուռ կամ բացահայտ աջակցում են այս ամենին, իրենք էլ մասնակիցն ու հանցակիցն են պետության կործանման, այդ թվում՝ այդ դիվանագետները, որոնք իբրև թե ծառայում են պետությանը, լուռ, կեղծ այդ մտավորականները…
- Այսպիսի իրավիճակները լուծվում են ընդվզմամբ՝ ոչ թե հանուն իշխանության, այլ՝ հանուն պետականության:
Մանրամասները՝ տեսանյութում: