Հրաժեշտ ճշմարտությանը․ քվազիհեղինակությունների Հայաստան
Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած քաղաքական շրջանակների կողմից մարդկանց անտարբերության մեջ մեղադրելու փորձերին, հանրությունն այդուհանդերձ բավական համարժեք է երկրի առջև ծառացած մարտահրավերների գնահատման հարցում։
Նախկինում գործազրկությունն ու սոցիալական խնդիրները կարևորող հասարակությունը, այսօր, գրեթե բոլոր հարցումներով, առաջնային է համարում անվտանգությունը, Արցախի հիմնախնդիրը, համարժեք արտաքին քաղաքականության կարևորությունը։ Մյուս կողմից՝ կա խզում հանրային տրամադրությունների և կոնկրետ քաղաքական գործընթացներում հասարակության գործնական մասնակցության միջև։
Եթե ավելի պարզ՝ մարդկանց մեծ մասը գիտակցում է պետության ողբերգական վիճակը, բայց պատրաստ չէ մասնակցել դա հաղթահարելուն ուղղված գործընթացներին։ Այստեղ, իհարկե, առաջնային խնդիրը քաղաքական համակարգի անարդյունավետությունն է, մարդիկ կամ չեն վստահում երկիրը փրկելու՝ քաղաքական ուժերի խոստումների անկեղծությանը, կամ չեն հավատում դրանք իրականացնելու կարողությանը։ Բայց բացի քաղաքական գործիչների հանդեպ վստահությունից, կա ևս մեկ կարևոր, հիմնարար խնդիր։ Հայաստանում գրեթե իսպառ վերացել է հեղինակությունների ինստիտուտը՝ բառի ինչպես նեղ, այնպես էլ՝ լայն իմաստներով։
Հանրության համար այլևս չկան անառարկելի հեղինակություններ, որոնց խոսքը, գնահատականը եթե ոչ՝ գլոբալ, համապետական մասշտաբում, ապա գոնե ոլորտային հարցերում կարող է որոշիչ կամ ուղղորդող լինել։ Ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, հեղինակության ինստիտուտի վերացմանը նպաստել են նաև ժամանակակից տեխնոլոգիաները՝ համացանցը, սոցկայքերը, կոմունիկացիոն ամենատարբեր հարթակները, որոնք կարճ ժամանակում մարդկանց՝ տասնամյակներով կուտակած անձնային ու մասնագիտական հեղինակությունը կարող են հավասարեցնել հողին։
Այսօր արմատապես փոխվել է նաև հեղինակությունների գոյացման մեխանիզմը։ Եթե նախկինում հանրության շրջանում հեղինակություն վաստակելու համար անհատը պետք է տարիների, տասնամյակների վաստակ ունենար, իր անհատական ու աշխատանքային վարքագծով ապացուցեր նվիրվածությունը դավանած արժեքներին, պետությանն ու հայրենիքին, ապա այսօր դա հաշված օրերի կամ շաբաթների խնդիր է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների, քարոզչության, գովազդի, մարքետինգի միջոցով հիմա հնարավոր է շատ կարժ ժամանակում հեղինակություններ կերտել։
Մենք ապրում ենք ոչ թե իրական, այլ «տեխնոլոգիական հեղինակությունների» ժամանակներում, որոնք, ի տարբերություն առաջինների, ծառայում են ոչ թե պետությանն ու հասարակությանը, այլ իրենց կերտողներին։ Իսկ կերտողների թվում ամենամեծ հնարավորությունն ունի իշխանությունը, որն այդ նպատակին է ծառայեցնում պետական ֆինանսները, քարոզչական միջոցները, կիսապետական սոցցանցային միավորները և այլն։ Դրա ապացույցները կարելի է հաշվել տասնյակներով, ինչը ցայտուն երևում է, օրինակ, այսպես կոչված, «փորձագետների» շրջանում։
Իշխանությունը հիմա, բառի բուն իմաստով, «բուծում» է ամենատարբեր ոլորտների փորձագետների, հանրային միջոցներով գովազդում է նրանց, և հաշված շաբաթների ընթացքում հանրությանն անհայտ մեկը՝ մասշտաբի, քանակի էֆեկտով, անընդհատ հայտնվելով իշխանության վերահսկողության տակ գտնվող եթերներում ու կայքերում, դառնում է «հեղինակություն»՝ տարածելով այն թեզերը, որ այդ պահին պետք են իշխանությանը։ Եվ հակառակը, բոլոր այն իրական հեղինակությունների առաջ, որոնք դա վաստակել են երկարատև աշխատանքի արդյունքում, լավագույն դեպքում, փակվում են բոլոր այդ հարթակների դռները, իսկ ավելի հաճախ, եթե նրանք արտահայտում են իշխանությանը ոչ ձեռնտու տեսակետ, հայտնվում են հակաքարոզչության հարվածների ներքո։
Հեղինակությունների դեֆիցիտը, այլ գործոնների շարքում, հանգեցնում է նրան, որ հանրությունը զրկվում է կարևոր հարցերում կողմնորոշվելու, ուղղորդվելու հնարավորությունից և շատ ավելի հեշտ է հայտնվում իշխանության քարոզչության ազդեցության տակ, քան կլիներ իրական հեղինակությունների առկայության դեպքում։ Վերացնելով իրական հեղինակություններին՝ իշխանությունը լայն իմաստով վերացնում է նաև ճշմարտությունը, որը գնալով անհետանում է տեղեկատվության աճի ու անսահմանության պայմաններում։ Իշխանության կերտած քվազիհեղինակություններն ապահովում են այն, ինչը հիմա ընդունված է անվանել հետճշմարտություն։
Հարություն Ավետիսյան