Իշխանափոխությունից հետո սարսափելի բացահայտումներ կլինեն՝ գործող իշխանությունների օֆշորային և այլ գործարքների մասին. Անժելա Էլիբեգովա

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • ԱՄՆ-ից Ադրբեջանին ոգեշնչող հայտարարություններ էին գալիս, մասնավորապես՝ արցախահայությանը համաներում շնորհելու մասին՝ Ալիևի հնչեցրած հայտարարությունների առնչությամբ, դա մեզ համար առնվազն տարակուսելի էր:
  • Ցանկացած դիսկուրս, որը տանելու է հայերին ինտեգրելու ճանապարհով, վկայում է, որ արցախահայության իրավունքները ստորադասվում են Ադրբեջանի պահանջները բավարարելու գնով։ Որևէ մեկը չի պաշտպանելու հայերի իրավունքները, հատկապես, երբ ՀՀ իշխանություններն իրենք են դրդում դրան` ասելով, թե արցախահայությունը պետք է ինքն իր հարցերը լուծի բանակցությունների միջոցով:
  • Գործնականում մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը, երբ ուզում է սանկցիաներ` պատժամիջոցներ կիրառել, ինչպես Ուկրաինայի դեպքում, անում է ամեն ինչ, բայց Ադրբեջանի դեպքում, որևէ պատժիչ մեթոդի չեն դիմում, գործում են երկակի ստանդարտներ։ Այսինքն՝ իրենք համագործակցում են Ադրբեջանի հետ, որովհետև գազ են ստանում։
  • Արևմուտքին պետք են արագ լուծումներ, իրենք Արցախի հարցը փակված են համարում և հիմա կենտրոնացել են Սյունիքի վրա։ Պայմանավորվածությունները կարծես այդ ուղղությամբ են։ Ադրբեջանը վերջին 2.5 տարվա ընթացքում փորձում է Արևմուտքի վրա վաճառել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը՝ ֆինանսատնտեսական ուճացրած հնարավորություններ ներկայացնելով: Այնինչ, իրականում տնտեսական առումով Ադրբեջանի շահը շատ մեծ չէ, Ադրբեջանին պետք է քաղաքական պրոյեկտը թաքցնել տնտեսականի տակ։ Եվրոպային, Արևելքի երկրներին ասում են՝ ձեզ պետք է կանաչ էներգիա՞՝ կապահովենք, մեզ պետք է 40 կմ-անոց  հատված Հայաստանում, լուծեք այդ հարցը՝ մենք ձեզ համար կապահովենք կանաչ էներգիա, ներդրումներ օկուպացված տարածքներում։ Բայց այդ ներդրումները չիրականացվեցին, սպասումները չարդարացան՝ դրանք մնացին Ադրբեջանի բյուջեի վրա։ Եվրոպան ուզում  է վստահություն, կայուն անվտանգություն, պետական, դատական համակարգի թափանցիկություն, կայուն բնակչություն, որպեսզի ներդրողներն իմանան, որ կլինի աշխատուժ։

  • Այսինքն՝ ներդրողներն ունեն իրենց պահանջները։
  • Այս պահի դրությամբ այնքան էլ լավ չեն Ալիևի գործերն ակնկալվող ներդրումների առումով, իսկ ծախսը շատ է։
  • Մոտակա 5-10 տարիների ընթացքում լուրջ վերաբնակեցում չեն կարող կատարել։ Իրենք պլանավորում են մինչև 2026 թվականը վերաբնակեցնել 34 հազար ընտանիք, բայց դա իրատեսական չէ։ Թեև Ադրբեջանն օկուպացրած տարածքներում զրոյից չի կառուցում, այդ բնակավայրերում՝ Սոս, Աղավնո, եղած տները վերանորոգում են և հանձնում՝ որպես նոր կառուցած թաղամաս։ Իրական ներդրումները կատարում են ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում՝ օդանավակայաններ, ճանապարհներ։
  • Կա միֆ, թե իբր միջազգային խաղաղապահները հերթ են կանգնել արցախահայությանը պաշտպանելու համար։ Որևէ նման պաշտոնական հաղորդագրություն չկա, որ պատրաստակամություն հայտնեն:
  • Իսկ քանի դեռ գործնականում նման պրոյեկտ տեսանելի չէ, չի կարելի դրա մասին խոսել ու քննարկել: Վտանգավոր է հրաժարվել ռուսներից, երբ չկա խաղաղապահ ուժերի այլընտրանք:
  • Ադրբեջանցիներն էլ ընդհանրապես դեմ են, որ որևէ միջազգային կառույց հայտնվի իրենց տարածքում:
  • ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը հասկանալի չէ։
  • Արևմուտքն ավելի շատ հակված է Ադրբեջանի հետ համագործակցելու, անկախ այն հանգամանքից, որ տեսնում են՝ Ալիևը դիկտատոր է, բայց որևէ սանկցիա չի կիրառում: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս է Արևմուտքը պատրաստվում պատժել Ադրբեջանի դիկտատորին, երբ նույնիսկ Հաագայի դատարանի որոշումները չեն կարողանում պարտադրել կատարել և բացել ճանապարհները:
  • Մենք ունենք բնական դաշնակիցներ, օրինակ, Իրանը և այլ երկրներ, որ դեմ են պանթուրքիստական պրոյեկտների զարգացմանը, Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա համագործակցությանը: Բնական դաշնակից է նաև Հնդկաստանը, որը դեմ է Պակիստանի հետ Ադրբեջանի համագործակցությանը: Պարզապես պետք է աշխատել բնական դաշնակիցների հետ, ճիշտ դիվանագիտություն կառուցել և կիրառել:
  • Մենք հասկանալի չենք միջազգային գործընկերների համար, անընդհատ փոխում ենք դիրքորոշումները, անում ենք հակասական հայտարարություններ։
  • Տիրում է իրական քաոս թե դրսի հետ աշխատանքներում, և թե երկրի ներսում:

Կարդացեք նաև

  • Սխալ պատկերացում կա, թե ինչ-որ մեկը մեր փոխարեն պետք է մեր խնդիրը լուծի, օրինակ՝ Իրանը։ Իշխանությունները գնում են ամենաաբսուրդ ճանապարհով՝ «ոչինչ չանել ու հետո ասել՝ չստացվեց»։
  • Պետք է հասկանալ, որ պետության հետ ինչպես պետք է աշխատել, շահագրգռել, բայց գնում են այլ՝ մեզ համար ոչ բարենպաստ փաստաթուղթ ստորագրելու ճանապարհով՝ զիջելով Թուրքիային և Ադրբեջանին։
  • ՀՀ այսօրվա իշխանությունների բոլոր հայտարարությունները սպառնում են մեր պետականությանը, ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը: Հնչում են հայտարարություններ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լսարանի համար՝ Ադրբեջանի համար, որը վաղը-մյուս օրը դրանք մեր դեմ է օգտագործելու և այսօր էլ օգտագործում է, ինչպես մենք ժամանակին Ադրբեջանի դեմ էինք օգտագործում, ասենք, Էլչիբեյի, Մութալիբովի խոսքերը։
  • Ադրբեջանը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, գտել է իր երազանքի գործընկերոջը։ Նիկոլ Փաշինյանը պալեզնի դուրաչոկի կերպար է նրանց համար, որից ամեն ինչ կարելի է ստանալ:
  • Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Արմեն Գրիգորյանի հայտարարություններն Ադրբեջանը ցնծությամբ է ընդունում և դրանց միջոցով աշխատացնում է քարոզչական մեքենան։
  • Հայաստանի իշխանական ծաղկանոցը (ցվետնիկը) իրենց ուշադրության կենտրոնում է, Ադրբեջանի հետ որքան երկար համագործակցող հայկական վարչակարգ լինի՝ այնքան իրենց օգուտն է։
  • Ադրբեջանական մեդիայում հեգնանքը, նվաստացնող վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների հանդեպ պրոյեկտվում է նաև հայ բնակչության վրա։
  • Մեզ բաժին է հասել ոչ արժանապատիվ թշնամի, հետևաբար՝ հույս ունենալ, որ նման հարևանի հետ հնարավոր է խաղաղ համակեցությունը, միամտություն է առնվազն։
  • Հայաստանում իշխանական տեսակետը կիսողները փոքրամասնություն են, բայց իշխանությունն ակտիվ է իրենց տեսակետները տարածելու հարցում, կուռ են և միասնական։
  • Ի՞նչ մանդատով էիք ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե չունեիք մանդատ, 2018 թվականից ինչո՞վ էիք բանակցում Ադրբեջանի հետ Արցախի հարցով։ Այսինքն՝ որևէ բանակցություն լեգալ հիմք չունի, 5 տարի անլեգալ են գործել։
  • Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մանդատ ունի ժողովրդից ստացած խաղաղության հաստատման  փաստաթուղթ ստորագրելու, իրականում դա էլ չունի, որովհետև քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև կառավարության ծրագրում բոլորովին այլ բան էր  խոստանում, հիմա ուրիշ բան է կատարում ու հայտարարում։
  • Փաշինյանը հասկանում է, որ հանրային աջակցություն չի ստանալու։ Ուստի ունի 2 ճանապարհ՝ կամ առանց հանրությանը տեղեկացնելու և հարցնելու՝ գնալ և ստորագրել խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը, որը որևէ իրավական հիմք չի ունենալու ՀՀ քաղաքացիների համար։ Կամ գուցե փորձի գնալ հանրաքվեի, հավաքել իր էլեկտորատը ու սպառնալ՝ եթե չստորագրի՝ պատերազմ կլինի, բայց դա էլ ռիսկային է, ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ կգնա ստորագրելու՝ հանրության կարծիքն անտեսելով:

  • Էդ մարդու համար սեփական իշխանությունը շատ ավելի կարևոր է, քան հայրենիքի տարածքները կամ դրանց կորուստը։
  • Միջազգային կառույցները կարող են օգտագործել իրենց ֆինանսական լծակները՝ երկու կողմի՝ Փաշինյանի ու Ալիևի վրա ճնշում գործադրելու համար։
  • Շատ են Ալիևի և Փաշինյանի ընտանիքների միջև զուգահեռները PR-ի տեսանկյունից ։
  • Միջազգային մամուլը տարիներ շարունակ գրում է օֆշորային գոտիներում Ալիևի, ինչպես նաև՝ նրա ընտանիքի անդամների ունեցվածքի մասին, վաղ թե ուշ Հայաստանի  իշխանությունների մասին էլ կգրեն:
  • Իշխանափոխությունից հետո մենք ականատես կլինենք սարսափելի բացահայտումների, որոնց մասին հիմա մենք պատկերացում չունենք:

Տեսանյութեր

Լրահոս