Նիկոլ Փաշինյանի վախերն այլասերում են իշխանությունը
Հայտնի է դարձել, որ օրեր առաջ Արագածավան գյուղում առողջական խնդիրներ ունեցող երիտասարդի հանդեպ անասնական վարքագիծ դրսևորած ՔՊ-ականը ձերբակալումից մեկ օր անց ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատվել է պաշտոնապես՝ ինչ-որ իրավական հիմնավորումներով:
Դրանք, սակայն, ունեն երկրորդական, երրորդական նշանակություն։ Այլանդակությունն արդարացնելու համար միշտ կգտնվեն իրավական ձևակերպումներ ու դրանք հիմնավորող քննիչներ, դատախազներ, այլ պաշտոնյաներ, որոնք իրենց այդ արարքով դառնում են անասնականության մեղսակից ու հանցակից։
Բայց խնդիրը, իհարկե, միայն այդ պաշտոնյաները չեն, այլ առաջին հերթին՝ դրանց նման հրահանգ իջեցնող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Արդեն անհաշվելի են դեպքերը, երբ տեղի է ունենում հանրությանը ցնցող իրադարձություն, որն առաջացնում է հասարակական մեծ ցասում, բողոքի, դժգոհության ալիք։ Դրանցում, որպես կանոն, ներգրավված են կամ ՔՊ-ականները, կամ պետական տարբեր կառույցների, հիմնականում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Մոտ մեկ տարի առաջ՝ 2022թ. մայիսի 17-ին, ձերբակալվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մի իսկական մասկի-շոու կազմակերպեց, տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են անձը նվաստացնելով՝ տանում Արմեն Գրիգորյանին: Քննիչը, դատախազը, երկու կին դատավորներ համարեցին, որ Արմեն Գրիգորյանը «թուրք» բառը գործածելով՝ ազգային թշնամանք է տարածել ու պիտի անպատճառ կալանավորվի: Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց՝ «Ինձ թուրք ասելով՝ չեմ վիրավորվում, ես դա վիրավորանք չեմ ընդունում», առողջական լուրջ խնդիրներ ունեցող Արմեն Գրիգորյանին կալանավորեց: Քաղաքական հետապնդումների զոհ դարձած Ա. Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ իր գործով հենց առաջին նիստին:
Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Նրա սպանության համար որևէ մեկն անգամ մեկ ամիս անազատության մեջ չգտնվեց և, ինչպես վերջերս ազնվորեն խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, այդ քրեական գործն իրեն նույնիսկ չի հետաքրքրում։
Անցած տարի Եռաբլուրում կարմիրբերետավորները դաժան վերաբերմունքի արժանացրեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին՝ բերանքսիվայր քարշ տալով և նրանցից ազատելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։
Կրկին հանրային մեծ ցասում, դատապարտումներ, բայց էլի՝ առանց որևէ իրավական և քաղաքական հետևանքի։
Ապրիլի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, և նորից՝ հանրային մեծ աղմուկ, խայտառակության մասին բարձրաձայնումներ, պոռթկում և այլն, ու ինչպես նախորդ դեպքերում՝ Նիկոլ Փաշինյանի ցինիկ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանը թքել է, որովհետև պետական պաշտոնյան նույնպես մարդ է։
Իշխանության ուղղակի ներկայացուցիչների ու նրանց ուսադիրավոր կամ շարքային սպասարկու կենսաբանական զանգվածի գործություններն ուղղակի լկտիություն են։ Նիկոլ Փաշինյանը տեսնում է այդ լկտիությունը և իր վերաբերմունքով խրախուսում է՝ ավելի լկտիանալ։ Առաջին հայացքից դա հակասական արձագանք է, բայց հենց այդ հակասականությունն է բացահայտում Նիկոլ Փաշինյանի լատենտ վախերը։
Արձագանքը հակասական է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանն իրավական պետություն է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ հանուն արդարության անձնազոհության պատրաստ սամուրայ, այլ՝ որովհետև բոլոր նման այլանդակ միջադեպերը հարվածում են Նիկոլ Փաշինյանի անհատական և իշխանության հավաքական վարկանիշին, որի համար նա ժամանակին պատրաստ էր ամեն ինչի։
Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանին վարկանիշը չի հուզում, որովհետև նա հասկացել է, որ վարկանիշի անկումն անցել է անդառնալիության կետը, և քաղաքական կլոունադան այլևս ի զորու չէ վերականգնել այն։ Հակառակ դեպքում, նա բոլոր նման սկանդալային միջադեպերը կօգտագործեր՝ «արդարության հաստատման» շոուներ բեմականացնելու, սեփական թիմակիցներին պատժելու տեսարանների համար։ Իսկ հիմա նա դա չի անում ոչ միայն այն պատճառով, որ վարկանիշն այլևս անփրկելի է, այլ, որովհետև այսօր արդեն այդպիսի պոպուլիզմը կարող է իրական սպառնալիք չներկայացնել իր իսկ իշխանության համար։ Հանրային վարկանիշի գահավիժման պայմաններում Նիկոլ Փաշինյանի հենարանը մնացել են ամեն ինչի պատրաստ քաղաքական ժանգլյորները, ուժային կառույցները՝ ոստիկաններ, պարեկներ և այլք, հանուն պարգևավճարների կանանց հանդեպ յաշմայություն անող զանազան բերետավորները և ուղեղի բացակայությունը փողի ավելացման հետ զուգակցած տեղական նշանակության նվիրյալները։ Իսկ դա նշանակում է, որ թեկուզ հանուն քարոզչության նրանց պատժելով, Նիկոլ Փաշինյանը համակարգին դեռևս ամենատարբեր շարժառիթներով նվիրվածներին ազդակ կհղի, որ ինքը տեր չի կանգնում իրեն կրծքով և այլ մարմնամասերով պաշտպանողներին։
Եվ դա կարող է դոմինոյի էֆեկտով տարածվել իշխանության բոլոր հենարանների շրջանում՝ սկսած սեփական քաղաքական թիմ վերնախավից, մինչև գյուղական նշանակության կենդանակերպ ակտիվ ու իրավապահ համակարգ։ Նիկոլ Փաշինյանի վախերն են, որ նրան հետ են պահում պոպուլիստական առիթներից օգտվելու գայթակղությունից և այլասերում են առանց այդ էլ այլասերված իշխանությունը։
Հարություն Ավետիսյան