Արագածավանում երիտասարդին ծեծած ՔՊ-ականն ազատության մեջ է. բնակիչները ստորագրահավաք կսկսեն
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 7-ին Արարագածոտնի մարզի Արագածավան գյուղում միջադեպ էր տեղի ունեցել Արագածավանի կոմունալ վարչության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի և բնակիչներից մեկի միջև։ Միջադեպն առաջացել էր այն բանից հետո, երբ ՔՊ-ականն իր մեքենան տարել է ավտոլվացման կետ, որպեսզի լվանա, աշխատակցի սպասարկումը, ով առողջական որոշակի խնդիրներ ունի, Սուրեն Թորոսյանի «հավանությանը չի արժանացել», որի արդյունքում էլ նա հարվածել է տղային և նրա աչքերին գազ փչել։ Այս ամենից հետո արագածավանցիները փակել էին ճանապարհը և պահանջում էին պատասխանատվոթւյան ենթարկել Սուրեն Թորոսյանին։
Դեպքից մեկ օր անց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում էր, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին, ժամը 00:15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
168.am-ի հետ զրույցում Արագածավանի երիտասարդ բնակիչներից մեկն ասաց, որ իր տեղեկություններով՝ Սուրեն Թորոսյանին բաց են թողել, այդ պատճառով էլ համագյուղացիներով որոշել են ստորագրահավաք սկսել, որպեսզի գոնե Սուրեն Թորոսյանն ազատվի Կոմունալ վարչության պետի պաշտոնից։
«Դե, իր պաշտոնյա մեծերը բարեխոսել են, ու հիմա այդ անձն ազատության մեջ է։ Իմ տեղեկություններով՝ գլխավոր դերում եղել է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։ Համագյուղացիները ստորագրահավաք են սկսելու, որ Սուրենին պաշտոնից ազատեն։
Այդ Սուրենը լավ մարդ չէ, բոլորի հետ կոնֆլիկտ ունի, բայց դե, նրա թիկունքում իշխանություն կա կանգնած, բնակիչներն էլ վախենում են դատի տալուց, մեկ է՝ վերջում ազատ կարձակեն։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա ավելի վատն է դարձել՝ «բեսպրեդել» է, ավելի է ակտիվացել, իսկ մինչ այդ «չոբան» էր»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա դժվարացավ ասել, թե կոնկրետ երբ կսկսեն ստորագրահավաքը, ընդգծելով, որ բնակիչներն այս մասին կհայտարարեն։
168.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց, որ Սուրեն Թորսյանն ազատության մեջ է։
«Երեկ անձին ներկայացվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասով։ Անձը ձերբակալումից ազատ է արձակվել, այդ հոդվածն առհասարակ կալանք չի նախատեսում, այսինքն՝ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, դրանով կալանքը չի կարող լինել որպես խափանման միջոց»,- նշեց ՔԿ խոսնակը։