Որպեսզի Փաշինյանը մնա իշխանության, արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը նշանակում է, որ Հայաստանն այսուհետ նաև ընդունում է, որ գտնվում է Թուրքիայի ազդեցության գոտում:
«Տվյալ դեպքում այդ ազդեցության գոտին կիսվում է Ռուսաստանի հետ, և մենք մտնում ենք թուրք-ռուսական ազդեցության գոտի: Վերջինս ՌԴ թուլության հետևանքն է, ուկրաինական պատերազմի հետևանքն է,- նշեց քաղաքագետը՝ պարզաբանելով,- Դա ակտ էր, որովհետև մոտ 20 երկրի ղեկավարներ են գնացել՝ հիմնականում թուրքական աշխարհի և աֆրիկյան, բալկանյան երկրների ղեկավարներ, այսինքն՝ այն երկրները, որոնց վրա Թուրքիան ունի ազդեցություն:
Նաև՝ այցից առաջ մի քանի հայտարարություններ, գործողություններ են արվել՝ և՛ Գյումրիի կենտրոնում թուրքական դրոշ հիշեցնող դրոշը, Ցեղասպանության մասին հայտարարությունները, Արարատ լեռան մասին հայտարարությունները (որովհետև Թուրքիան պահանջում է Սահմանադրությունում և զինանշանում փոփոխություններ), անկլավների, միջանցքի հետ կապված հայտարարությունները և այլն:
Ինքը գնալով Ստամբուլ, ըստ էության, այդ երկրների շարքում ճանաչում է, որ նաև թուրքական ազդեցության երկիր է, և իր վարչապետությունը հաստատվում է նաև Թուրքիայի կողմից»:
Ստեփան Դանիելյանը նկատեց՝ թուրքական լրատվամիջոցներում խոնարհված Փաշինյանի կոլաժը ևս այդ հպատակության արձանագրումն էր:
Արդյոք առկա տարածաշրջանային իրավիճակում, երբ օբյեկտիվորեն մատնանշում եք ՌԴ ազդեցության թուլացումը, Հայաստանն ունե՞ր մանևրելու հնարավորություն, ուժեղ իշխանության դեպքում կարո՞ղ էինք խուսափել այդ սցենարից՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքագետը վստահեցրեց՝ կարող էինք:
Նա մանրամասնեց. «Տարբեր երկրներ ունենում են սուվերենության տարբեր աստիճան, և ցանկացած երկրի ղեկավարություն իր սուվերենությունը ստանում է կա՛մ ներսից, կա՛մ դրսից: Եթե ներսում Փաշինյանի ռեյտինգը 15 տոկոսից ցածր է իջել, այսինքն՝ չունի ժողովրդի աջակցությունը, նշանակում է՝ այդ իշխանությունը պահելու համար ինքը պետք է լեգիտիմություն ստանա դրսից: Եվ որպեսզի մնա իշխանության՝ արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա, այնտեղից աջակցություն ստանալու: Պետք է հասկանալ, որ Ալիևը նույնպես աջակցում է Փաշինյանին:
Վիճակը փոխվում է շատ հեշտ. եթե ժողովուրդն է ընտրում իր ղեկավարին, ապա այդ ղեկավարը, թիկունքում ունենալով ժողովրդին, արդեն այլ կերպ է բանակցում:
Իրավիճակը փոխելու միակ տարբերակը կառավարության հրաժարականն է. եթե հայ ժողովուրդը կարողանում է դրան հասնել, ցույց է տալիս, որ այդ ամենի հետ համաձայն չէ, իր հետ արդեն խոսում են նոր պայմաններով»:
Հարցին, թե հաշվի առնելով, որ, փաստորեն, որոշակի արտաքին կոնսենսուս է ձևավորվել Փաշինյանի իշխանավարման շուրջ, հնարավո՞ր է նման ինչ-որ գործընթաց, որը կբերի իշխանափոխության, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Հնարավոր է, և ես կարծում եմ՝ այդ գործընթացը պետք է լինի հանրային և ոչ թե՝ կուսակցական, այսինքն՝ բոլորը պետք է միավորվեն դրա մեջ՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից: Նման գործընթաց մենք փորձում ենք «Մայր Հայաստան» շարժումով մեկնարկել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ գյումրեցիներին բարկացրել է Մանկապատանեկան Արվեստի Պալատ-ի 100-ամյակին նվիրված լոգոն, որն այս օրերին տարածվում է քաղաքում պաստառների, դրոշակների տեսքով։ Քաղաքացիներն այն ամբողջությամբ նմանեցնում են թուրքական դրոշին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Բուն արարողության ժամանակ Փաշինյանը նստած է եղել հրավիրյալների երկրորդ շարքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում։