Ինչո՞ւ Իրանն այլևս չի խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին. պարզաբանում է Հարութ Արթին Առաքելյանը
Ադրբեջանի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը բավականին հաճախակի են դարձել: Զուգահեռաբար աճում են Ադրբեջանում հակաիրանական հայտարարությունները: Վերջերս պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված համատեղ հայտարարությունում նշել էր, որ դիտարկել են անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որում Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանն արդեն պլացդա՞րմ է դարձել՝ Իրանի դեմ Իսրայելի և, ինչո՞ւ չէ, Արևմուտքի հնարավոր գործողությունների համար, թե՞ պաշտոնական Բաքուն դեռ որոշակի կաշկանդվածություն ունի Իրանից, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ նշում են, որ իրենց երկիրը պլացդարմ չի դառնալու Իրանի դեմ գործողությունների համար:
«Տարածաշրջանում վերջին ամիսներին անվտանգային լուրջ իրավիճակ է փոխվում: Տարածաշրջանի երկրները փորձում են այլևս Իրանին ոչ թե որպես սպառնալիք տեսնել, այլ՝ որպես տարածաշրջանի անվտանգության պահապան ուժ: Տեսանք, որ Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնագրից սկսվեց այս ամենը և այդպես էլ շարունակվում է: Մենք օրեր առաջ ականատես եղանք, որ Էմիրությունները դուրս եկան ԱՄՆ-ի հետ ռազմածովային դաշինքից, և արդեն Պարսից ծոցում ստեղծվում է նոր անվտանգային ռազմածովային դաշինք, որի գլխավոր հովանավորն Իրանն է: Շատ բնական է, որ սա Իսրայելում և հատկապես ԱՄՆ-ում դիտարկվում է տարածաշրջանային իրենց ազդեցության համար սպառնալիք, և փորձում են ակտիվանալ այդ ուղղությամբ: Արդեն Իսրայելի պաշտոնյաներն այցելում են Իրանի հարևան երկրներ՝ Ադրբեջան, Թուրքմենստան, որտեղ Իրանի սահմանին մոտ բացեցին իրենց դեսպանատունը: Կապեր կան անգամ Հայաստանի իշխանությունների հետ, որը լրատվությամբ դեռևս չի հրապարակվում: Նույնը՝ Աֆղանստանում, Իրաքում: Իսրայելը փորձում է նաև հակադարձել Իրանի տարածաշրջանային քայլերին»,- ի պատասխան՝ ասաց Առաքելյանը՝ շեշտելով, որ այս պահին Ադրբեջանն Իսրայելի համար հարմար տարբերակ է:
«Իսրայելը փորձեց Իրաքի ինքնավար Քյուրդիստանի շրջանն օգտագործել, որը Իրանը 15 օր շարունակ հրթիռակոծեց, բայց քրդերը ճանաչված պետություն չեն, որ կարողանան միջազգային ատյաններում Իրանի դեմ իրավական քայլեր ձեռնարկել, բայց Ադրբեջանն անկախ միավոր է: Իրանում նաև ապրում են ծագումով ատրպատականցիներ, և Ադրբեջանը փորձում է դա օգտագործել՝ ասելով, որ իր ազգակիցներն են: Դրա համար Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է որպես կարևոր գործոն՝ Իրանի դեմ քայլերի համար, որտեղ կան գրեթե բոլոր հարմար ենթահողերը»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ Ռաշտ-Աստարա 162 կիլոմետրանոց երկաթգծի կառուցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը փորձում են Ադրբեջանին վերահսկողության տակ պահել:
Հարցին՝ չի՞ ստացվում, որ շրջանցում են Հայաստանը, նա պատասխանեց. «Երբ Իրանը 20 տարի առկախված պահեց «Հյուսիս-Հարավ»-ի ադրբեջանական միջանցքին վերաբերող Ռաշտ-Աստարա 162 կիլոմետրանոց երկաթգիծը, հայկական կողմը ոչ մի քայլ չձեռնարկեց, չկարողացավ 20 տարվա ընթացքում «Հյուսիս-Հարավ» մայրուղին ստեղծել: Եթե չես կարող նման բան անել, բնական է, որ ցանկացած պետություն իր շահերը չի կապելու մեկ երկրի հետ: «Հյուսիս-Հարավ»-ը երեք միջանցք ունի՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքմենստան: Թուրքմենստանի միջանցքը դեռ նոր է, ենթակառուցվածքներն այդքան էլ չկան, հայկական կողմը խոսում էր Հյուսիս-Հարավ բետոնապատ արագընթաց մայրուղու մասին, որի շատ փոքր հատվածն է կառուցվել, և մնում էր Ադրբեջանի տարածքը, որտեղ Ադրբեջանը բոլոր ենթակառուցվածքները կառուցեց՝ «Հյուսիս-Հարավ»-ին ծառայեցնելու համար:
Իրանը չէր ցանկանում մեկ միջանցք շահագործել և կախված մնալ թուրքական գործոնից, դրա համար, գիտեմ երկու կապալառու ընկերություններ, որոնք եկել էին Հայաստան՝ քննարկելու, որ անգամ Սյունիքի ճանապարհները կամ թունելները կառուցեն, որ գոնե միաժամանակ բացվեն այդ միջանցքները: Դա եղել է պատերազմից հետո: Իսկ հիմա, երբ սկսվի Ադրբեջանի միջանցքի շահագործումը, որը նաև Իրանն ու Ռուսաստանն է իրար կապում ցամաքային ճանապարհով, դա արդեն լուրջ կարևորություն է ձեռք բերելու թե՛ Հարավային Կովկասում, թե՛ առհասարակ Եվրասիական տարածաշրջանում, այդտեղ նաև Թուրքիայի գործոնն է ուժեղանում: Դրա համար, Իրանը ժամանակին չէր ցանկանում միայն ադրբեջանական միջանցքը, ցանկանում էր նաև Հայաստանինն էլ շահագործել, որով կարողանար Վրաստանով Սև ծով և նաև Ռուսաստան դուրս գալ: Դա դուրս չի մղվում Իրանի օրակարգից, բայց կարծում եմ՝ մեր օրակարգում չկա: Իրանական կողմը չի սպասելու մեր քմահաճույքներին, թե երբ ենք պատրաստվում այն կառուցել»:
Իրանագետը նկատեց՝ այն մեսիջը, որը հիմա Հայաստանի իշխանություններից գնում է Իրան, դրական չէ. «Երբ Հայաստանի ղեկավարն ասում է, որ Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրում նաև ներառված են «անկլավները», այդտեղ Իրանը պատկերացնում է, որ հայկական կողմը նաև արևմտյան խաղ է խաղում տարածաշրջանում, որովհետև եթե հայաստանյան իշխանությունները հանձնեն «անկլավները», Հայաստանի երկու միջպետական մայրուղիները փակվում են: Էլի մեզ բլիթներով են փորձում խաբել, թե այլընտրանք ունենք, բայց այլընտրանքը Տաթևի ճանապարհն էր, տեսանք, թե ինչ վիճակում է:
Այդ այլընտրանքին Իրանն ինչքա՞ն պետք է սպասի: Երբ տեսնի, որ երկու հայկական մայրուղիները փակ են, այլևս ներդրումներ չի անելու այստեղ: Կամ ինչ-որ ուժեր գնում են Հանրային հեռուստաընկերություն և հայտարարում, որ Իրանն անգամ իրեն չի կարողանում պահել, մեզ ինչպե՞ս է օգնելու, դա Իրանում ընկալում են, թե հայկական կողմն ինչ է ուզում: Այդպես, ոչ թե Հայաստանը դուրս է մղվելու պլանից, այլ այս ամենը հետաձգվելու է, մինչև լինի կոմպետենտ և ռեալ մտածող իշխանություն Հայաստանում, որի հետ Իրանը կկարողանա համագործակցել»:
Նա ընդգծեց, որ Հայաստանի շահերը տարածաշրջանում շատ խորը կապված են Իրանի և Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի իշխանություններն այս պահին երկուսին էլ մերժում են. «Այնպես չէ, որ նրանք պետք է թույլ տան, որ տարածաշրջանային այս մրցավազքում իրենց ազդեցության գոտիներն իրենցից տանեն, դրա համար, օրինակ, Սյունիքում գալիս-կանգնում են և իրենց շահերն են պաշտպանում, եթե անգամ հայաստանյան իշխանությունները դրա հակառակը ցանկանան: Այ, սա է վտանգավորը, որ տարբեր բևեռների բախումը, անգամ՝ ռազմական բախումը, կարող է մեր երկրում տեղի ունենալ»:
Հարցին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների չփոփոխվելը շարունակո՞ւմ են Իրանի համար կարմիր գիծ լինել, նա պատասխանեց. «Արդեն մի քանի ամիս է՝ չենք լսում դա, որովհետև Իրանն արդեն այլ տեսակետ ունի և կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան իբր սահմանային վեճերն ու բախումները պարզապես թակարդ են Իրանի համար՝ Իրանին տարածաշրջանային պատերազմում ներքաշելու: Դրա համար տեսնում ենք, որ վերջին ամիսներին Իրանի որևէ պետական գործիչ չի խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության և իրենց կարմիր գծերի մասին, ինչպես ամիսներ առաջ, երբ երկրի առաջնորդից մինչև ԳՇ պետով, ԱԳ նախարարով, նախագահով բոլորը դրա մասին էին խոսում: Սա պայմանավորված է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում