Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում
Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Խորհրդի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ակադեմիական քաղաքը» Նիկոլ Փաշինյանի մտասևեռումներից մեկն է։ Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով։
Նախ՝ խոսքը հսկայածավալ նախագծի մասին է, որն ապահովելու է ՓՈՂԻ, հսկայական փողի շրջանառություն՝ դրանից բխող լուսավոր և ստվերային հետևանքներով։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թուլությունը փողի հանդեպ գաղտնիք չէ։ Ընդ որում, «Ակադեմիական քաղաքի» ֆինանսական ասպեկտները չեն սահմանափակվում միայն դրա շինարարության վրա ծախսվելիք մեծամասշտաբ գումարներով։ Այդ նախագծի արդյունքում ազատվելու և վաճառվելու են Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը, որոնք մի կողմից՝ ապահովելու են կրկին մեծ ֆինանսական հոսքեր, մյուս կողմից՝ նոր «բիզնես հնարավորություններ» են ստեղծելու իշխանական շրջանակների համար։
Բայց, ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանն «Ակադեմիական քաղաք» նախագծի հետ կապված ոչ մի ստվերային մոտիվ չունի, և նրա հետաքրքրությունը պայմանավորված է, ինչպես ինքն է ասում, կրթության մակարդակի բարձրացմամբ, նոր որակի կրթության ապահովմամբ։ Այդ դեպքում նույնպես ու առավել ևս «Ակադեմիական քաղաք» նախագիծն ի սկզբանե դատապարտված է և ոչ միայն՝ դրա հոգաբարձուների խորհրդի նախագահի հակակրթական անձ լինելու պատճառով։ Խնդիրը շատ ավելի խորքային է ու կրթական լինելուց բացի, քաղաքական է ու քաղաքակրթական։ «Ակադեմիական քաղաքն» ապահովելու է կրթական բազմաշերտ գործընթացի միայն ձևը և ոչ երբեք՝ բովանդակությունը։
Այն՝ որպես ենթակառուցվածք, կրթական համակարգի համար կարող է դառնալ սոսկ այնպիսի շղարշ, ինչպես Հայաստանի քաղաքական, պետական կառավարման համակարգը՝ ժողովրդավարության պարագային։ Նոմինալ առումով առկա են ժողովրդավարության բոլոր կառուցակարգերը, որոնց մտցվում են միջազգային հանրության՝ սեփական շահերի դիտանկյունից նայող աչքը, բայց բովանդակային առումով ժողովրդավարությունն ամեն օր ավելի է դեգրադացվում։ Նույնը՝ ոլորտին բնորոշ առանձնահատկություններով, տեղի ունի և ապագայում տեղի է ունենալու կրթական համակարգի դեպքում։
Որակյալ կրթական ծառայությունների ու համակարգի համար պետությունը պետք է հանդես գա իրապես մրցունակ կրթության պահանջարկ ներկայացնողի դերում։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նման պահանջարկ չի կարող ներկայացնել մի քանի պատճառներով։
Նախ՝ իրապես կրթված հասարակությունը փաշինյանական իշխանության ամենամեծ թշնամին կարող է դառնալ, քանի որ ոչ միայն նոմինալ, այլ նաև բովանդակ կրթություն ունեցող մարդիկ չեն կարող հանդուրժել գործող՝ հակակրթական, հակաարժեքային, հակաբանական իշխանությանը։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե սեփական իշխանության ցենզի բարձրացումն է պայմանական կրթական չափանիշների, այլ հակառակը՝ հանրության ցենզի իջեցումն իր իշխանության՝ զրոյին ձգտող կրթական ու քաղաքակրթական ցենզին։
Բացի այդ, այն, ինչ հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն անում են հասարակության հետ, օրգանապես դեմ է կրթության փիլիսոփայությանն ու գաղափարաբանությանը։ Բարձրագույն կրթությունն արդյունավետ կարող է լինել միայն ազատ մտածող, արժանապատիվ, արժեքային հենք ունեցող քաղաքացիների առկայության դեպքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա լայն իմաստով զբաղված է հայ հասարակության մանկուրտացմամբ, նրա իշխանությունը, քարոզչությունն անում է ամեն ինչ՝ առանց ինքնության ու հիշողության, առանց պետականության ու ազգային առաքելության զգացման, առանց ցավի ու առանց իղձերի հասարակություն կերտելու համար։ Իսկ մանկուրտները չեն կարող կրթություն ստանալ՝ բառի բովանդակային, ոչ թե տեխնիկական իմաստով։
«Ակադեմիական քաղաքը», ահա, իրագործվելու դեպքում դառնալու է մանկուրտների կրթության համակարգ, որոնք կարող են դառնալ լավ, գուցե կատարյալ մասնագետներ, բայց ոչ երբեք՝ արժեքաստեղծ անհատներ, որովհետև առանց վերը նշված հատկանիշների, անգամ ամենաժամանակակից կրթություն ունեցող մարդը ոչ թե ստեղծելու, արարելու է իրենը, այլ լավագույն դեպքում՝ սպասարկելու է այլոց արարումները։
«Ակադեմիական քաղաքի» իրական իմաստը հենց դա է՝ ստեղծել կադրերի դարբնոց, որի պատրաստած մասնագետները կսպասարկեն որևէ այլ երկրի մեծ ու փոքր նախագծերը։ Հերթում հիմա առաջինը, իհարկե, Թուրքիան է, բայց կախված իրադարձությունների զարգացման ընթացքից, ապագա հայ մասնագետների պատվիրատուների ազգային կազմը կարող է փոխվել։
«Ակադեմիական քաղաքն» իրականում դառնալու է ոչ թե՝ իրապես որակյալ կրթություն ստանալու կենտրոն, այլ սպառողական հասարակության ակտիվ երիտասարդների համար ժամանցի հարմարավետ վայր։
Այնպես որ, դա կարող է ոգևորել ոչ թե բարձրագույն կրթությամբ մտահոգ շերտերին, այլ վերջին շրջանում Հայաստանը թմրանյութերի շրջանառության միջազգային որջ դարձրած շրջանակներին։ Մի քանի կամ մի քանի տասնյակ հազար երիտասարդների կենտրոնացումը նույն վայրում հրաշալի իրացման նոր ու մեծ շուկա կարող է դառնալ թմրանյութերի վաճառքով զբաղվողների համար։ Հետաքրքիր «զուգադիպությամբ»՝ «Ակադեմիական քաղաքի» հոգաբարձուների խորհրդի կազմի հաստատումից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում գուցե արժե մտածել նաև որոշ թմրամիջոցների օրինականացման մասին։
Հարություն Ավետիսյան