Հայաստանի արժանապատվության և Էրդողանի միջև ընտրությունում Փաշինյանն ընտրեց Էրդողանին
Այսօր Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրություններում վերընտրված Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությունը։
Երեկ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Այս լուրը հրապարակվելուց ժամեր անց միայն, ՀՀ կառավարությունից հաստատեցին՝ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, նշելով, որ հրավերը եղել է թուրքական կողմից։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի հրավերն ընդունելուն և նախագահի երդմնակալությանը մասնակցելուն, նախ հիշեցրեց, որ ՀՀ որևէ ղեկավար՝ նախագահ, վարչապետ, երբևէ չի մասնացել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։
«Ես հիշում եմ միայն, որ Հայաստանի նախագահը 1993 թվականին գնացել է Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը, խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի այցի մասին էր։ Սակայն չեմ հիշում, որ երբևէ ՀՀ ղեկավար այցելի Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Վերջին անգամ Էրդողանի երդմնակալության արարողությանը 2014 թվականին մասնակցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ընդ որում, նա իր այցի ժամանակ փոխանցել է հրավերը՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակին նվիրված միջոցառումներին»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա հերթական սխալ քայլն է, ընդ որում, սխալ է մի քանի առումով։
«Առաջինը՝ պետության արժանապատվության տեսանկյունից է սխալ, որովհետև այցելել մի երկրի նախագահի երդմնակալության արարողությանը, Հայաստանի, ցավոք, առաջին դեմքի մակարդակով, այն պարագայում, երբ այդ երկիրը շարունակում է մեր հանդեպ վարել թշնամական քաղաքականություն, շահառու է Արցախի կորստի, հազարավոր մեր եղբայրների մահվան՝ ուղղակի հեռու է պետական արժանապատվության դասական նորմերից։ Իհարկե, այդ արարողությանը կարող էին մասնակցել, բայց արտգործնախարարի կամ մեկ այլ պաշտոնյայի մակարդակով։
Երկրորդ՝ սա սխալ է նաև դիվանագիտական առումով, հերթական սխալը՝ իրենց դիվանագիտական «հանճարեղ» քայլերի շրջանակներում։ Շնորհավորում է Էրդողանին, հետո առաջինը ցավակցում Էրդողանին՝ երկրաշարժի համար, կարծելով, թե այդ ամենով անում են շատ լուրջ դիվանագիտական քայլեր։ Կարծում են՝ իրենց այս քայլով մեղմացնելու են Թուրքիայի վերաբերմունքը և հասնելու են ինչ-որ նպատակների։
Երրորդ սխալը չգիտեմ, թե որ հարթության մեջ կարող եմ տեղավորել։ Ինչպես է ներկա լինելու մի միջոցառման, որտեղ չի բացառվում, որ Էրդողանը ևս մեկ անգամ հիշի Արցախի օկուպացիան և թուրք-ադրբեջանական միասնականությունը։ Եվ ինչպե՞ս է ներկա գտնվելու մի միջոցառման, որտեղ անպայմանորեն թևածելու է թուրք-ադրբեջանական ոգին, Արցախը գրավելու և Հայաստանի համար նմանատիպ մեծ խնդիրներ ստեղծելու ոգին։ Թեպետ, երբ նա ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն ասում են՝ թուրք, ապա մնացած ամեն ինչ կարելի է ընկալելի համարել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Հունիսի 1-ին Մոլդովայում՝ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի միտք էր հրապարակել, «ինչի՞ Մանուկ Բեյն էս պալատը 100 տարի առաջ կառուցեց Մոլդովայում, որովհետև չկար Հայաստան»: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմությանն անդրադառնալիս սրբագրում կամ յուրովի է մեկնաբանում: Ռուբեն Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան՝ նախ ասաց, որ դա պատմության սխալ մեկնաբանում, աղճատում է, ապա շարունակեց.
«Սա պատմության ներկայացում է միայն ու միայն հակահայկական ու հակահայաստանյան շեշտադրումներով։ Եվ, իհարկե, մեկնաբանում եմ ոչ միայն պատմության չիմացության, այլև պատմական զուգահեռների միջոցով իրենց պարտությունը հիմնավորելու, արդարացնելու մղումներով։ Այն հայտարարությունները, որոնք անում է Փաշինյանը՝ կապված պատմության տարբեր դրվագների հետ, ոչ միայն շոկ են առաջացնում անգամ սկսնակ պատմաբանների մոտ, այլև հարվածում է մեր պետության շահերին»,- հստակ գնահատականով եզրափակեց խոսքը Ռուբեն Մելքոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում