Տիգրանաշենը չի հանձնվելու… Գիտե՞ք՝ ինչ, ասելը… Ես չծավալվեմ, բայց Տիգրանաշենը չի՛ հանձնվելու, նման բան չի կարող լինել. Ռազմիկ Թևոնյան
«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի: Մենք ասում ենք, որ պետք է գնանք, իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք… Ես ուզում եմ, որ մենք էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև տենց անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է: Չկա տենց հարց, որովհետև եթե ճանապարհը սենց չի կարող անցնի, նենց կարող է անցնի: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն էսօր էնքան ենք զարգացնում, որ էդպիսի անլուծելի ոչ մի խնդիր չկա»,- երեկ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Տիգրանաշենն Ադրբեջանին տալու հարցին:
Այն, որ հարցի կարևորությունը Նիկոլ Փաշինյանը վարպետորեն մանիպուլացնում է, ակնհայտ է, որովհետև չկա մի նախանշված ճանապարհ, որն այս պահին հայտնի է, որ փոխարինելու է Տիգրանաշենով անցնող ճանապարհին: Թե ինչ տեղի ունեցավ, երբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Նիկոլ Փաշինյանը նվիրեց Ադրբեջանին, իրենց մաշկի վրա առաջին հերթին շատ պատկերավոր զգում են սյունեցիները՝ Գորիսից Կապան հասնելու համար անցնելով ուղիղ ադրբեջանական անմիջական հսկողության ներքո գտնվող և արդեն իսկ քարուքանդ եղած ճանապարհով:
Այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի գյուղերն ու Տիգրանաշենը խոստացել է տալ Ադրբեջանին, ակտիվորեն սկսեց խոսվել 2 տարի առաջ՝ գարնանը: Այդ ժամանակ իշխանական քարոզչամեքենան՝ իր մանր ու մեծ սպասարկուներով և տարբեր տրամաչափի պաշտոնյաներով, սկսեց ակտիվորեն հերքել այդ տեղեկությունը՝ դա համարելով «նախկինների» սադրանքը:
Արարատի այդ ժամանակվա մարզպետը Ռազմիկ Թևոնյանն էր, ով հենց լուրը տարածելու օրը՝ 2021թ. ապրիլի 1-ին, մի բոցաշունչ հայտարարություն տեղադրեց մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։ Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը, այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։ Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։
Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշել էր նա:
Նման մի հայտարարություն էլ նա տարածել էր պաշտոնից հրաժարվելու ժամանակ՝ 2021թ. սեպտեմբերի 10-ին:
«Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,- մասնավորապես նշել էր նա:
2021թ. մայիսի 30-ին Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով խայտառակ ռեպորտաժ հեռարձակվեց, այսպես կոչված, «անկլավների» մասին, ինչի վերաբերյալ արձագանքը Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի կողմից չուշացավ, ով մի ծավալուն դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ՝ հընթացս ներկայացնելով պատմական ու իրավական ապացույցներ այն մասին, որ Տիգրանաշենը երբեք ադրբեջանական անկլավ չի եղել և պատմական հայկական գյուղ է:
«Ինչո՞ւ է միայն նշվում, որ գյուղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել, և չկա որևէ նշում այն մասին, որ գյուղն ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով:
Արդյո՞ք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ, որ Տիգրանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս:
Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս (քարտեզը հրապարակվում է՝ որպես սույն հայտարարության հավելված):
Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:
Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով:
Արդյո՞ք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ այն փաստը, որ եթե որևէ բնակավայր բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլավ» են և այլն:
Ինչո՞ւ ռեպորտաժում չկա որևէ քննարկում այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների, այլ ՀՀ ողջ բնակչության իրավունքների ու անվտանգության համար, եթե առաջնորդվենք այն կեղծ պնդումներով, թե ռեպորտաժում քննարկվող գյուղերն ադրբեջանական են:
Արդյո՞ք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլավ» նշանակում է տարածքի ոչ հայաստանյան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիություն, ու հարցն այդպես լուծվելու դեպքում առաջանալու են հարյուրավոր նոր ներքին տեղահանվածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգվելու է Տավուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպես արդեն ներկայում Սյունիքում է):
Ի՞նչ հիմքով է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեպորտաժով հանրության քննարկմանը ներկայացվում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակությամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձևակերպումներն ու հասկացությունները այդպես էլ պաշտոնական որևէ աղբյուրով չեն հրապարակվել ու պետական հաստատում չեն ստացել: Ավելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրա քննարկվում են տարածքի փոփոխությանն առնչվող հարցեր՝ այն էլ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության վկայակոչմամբ»,- մասնավորապես այս հարցերն էր Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղել Արման Թաթոյանը:
Այսօր, երբ արդեն իսկ հայտնի է, և դա Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ Տիգրանաշենը հանձնվելու է թշնամի Ադրբեջանին, ցանկացանք Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանից իմանալ՝ ինչ է զգում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր տունը հանձնվելու է Ադրբեջանին:
«Ես նորից այն կարծիքին եմ, որ Տիգրանաշենը չի հանձնվելու»,- ասաց Ռազմիկ Թևոնյանը:
Վերջինիս հիշեցրինք՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ հանձնվելու է Տիգրանաշենը, ինքը վստա՞հ է, որ չի հանձնվելու:
«Տիգրանաշենը չի հանձնվելու… Գիտե՞ք՝ ինչ, ասելը… Ես չծավալվեմ, բայց Տիգրանաշենը չի հանձնվելու: Նման բան չի կարող լինել»,- կրկին պնդեց Արարատի նախկին մարզպետը:
Կրկին ասացինք, որ հասկանում ենք, որ ինքը թերևս չի ուզում, որ հանձնվի, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ասել է Տիգրանաշենը հանձնելու մասին:
«Ոչ մեկն էլ չի ուզում, Նիկոլ Փաշինյանն էլ չի ուզում»,- ասաց Ռազմիկ Թևոնյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է հայտարարում, որ հանձնվելու է, եթե չի ուզում, Արարատի նախկին մարզպետը պատասխանեց՝ չգիտեմ:
Վերջում ևս մեկ անգամ Ռազմիկ Թևոնյանին հարցրինք՝ հասկանում ենք, որ իր համար մարդկայնորեն ծանր է, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է զգում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո:
«Ես գիտեմ, որ չի հանձնվելու, դրա համար էլ սովորական եմ տարել»,- եզրափակեց Ռազմիկ Թևոնյանը: