«Ազդարարել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավարտվել է, մեղմ ասած, չգիտության կամ չպատկերացնելու հետևանք է». Հայկ Դեմոյան

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադառնալով խոսակցություններին, որ 2018 թվականից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տապալվել է, հակադարձել էր.

«Կներեք, բայց այդ ի՞նչ գործընթաց է, բայց ի՞նչ ցեղասպանության գործընթացի մասին է, ճանաչվել է՝ գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Չինաստանը երևի չի ճանաչել, ճիշտ է։

Մեր ցեղասպանության ճանաչման փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի հետ, որը մնացել է ու ապրում է իր հայրենի, պատմական հողի վրա՝ այդ ժողովրդի անվտանգության հետ։ Այսինքն՝ պետք է ոչ թե ասենք՝ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել և կարևոր է ճանաչելը, քանի որ դուք չեք ճանաչում, ցեղասպանության իրագործողները կարող են դա անել Արևելյան Հայաստանի այն բոլոր տարածքներում, որտեղ… Մենք աշխարհին պետք է կոմունիկացնենք, որովհետև ցեղասպանության ճանաչումն օդի մեջ մեզ բան չի տալիս, բացի ինչ-որ բարոյական շոյվածությունից»։

168.amՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարելի է համարել ավարտված, և Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունն անելիք չունի այլևս։

Կարդացեք նաև

Ըստ նրա, լսելով այս ամենը՝ բազմաթիվ հարցեր են ծագում, թե ինչպես կարող է սփյուռք-Հայաստան կապերի համար պատասխանատուն նման մտքի գոհարներ շաղ տալ։

«Երբ ասում ենք՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, չպետք է ունենալ մակերեսային պատկերացումներ երևույթի մասին։ Սա ենթադրում է քաղաքական, տեղեկատվական, գիտական, քարոզչական ճանաչում։ Այս բաղադրիչները կարող են միասին լինել մեկ փաթեթի մեջ և առանձին-առանձին իրականացվել, ավելին՝ այս ամբողջ աշխատանքը կարող է տեղի ունենալ հայկական շրջանակից դուրս։ Ուստի ազդարարել, որ ինչ-որ բան ավարտվել է՝ ուղղակի, մեղմ ասած, չգիտության կամ չպատկերացնելու հետևանք է, որը շատ վատ է, հատկապես, երբ գործ ունենք Հայաստան-սփյուռք կապերի պատասխանատուի հետ։

Հիմնավորել մարտավարական ու ռազմավարական ինչ-որ տհասությամբ՝ տհաս նշանակում է՝ չհասունացած, որ այդքան վիրավորական չլինի, համաձայն չեմ։ Իրականում աչք է զարնում այն, որ իշխանությունները որպես զենք՝ վերցրել են շատ տկար, անհասկանալի, երկակի արժեքներ ունեցող մի հռետորաբանություն, որով փորձում են ազդակներ ուղղել առաջինը՝ Թուրքիային ու Ադրբեջանին, և հետո՝ արտաքին աշխարհին։ Սա է, որ չեն կարողանում ճիշտ միտք ձևակերպել, հետևաբար՝ գործողություն: Ամբողջ ողբերգությունն այստեղ է, որի արդյունքում ստացվում են ինչ-որ էզոթերիկ տեքստեր՝ ակնարկներով, անհայտների բացահայտումներով և այլն»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս