Նիկոլ Փաշինյան․ մի դիմանկարի պատմություն
Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային խոսքից հետո հասարակության առողջ հատվածը հետտրավմատիկ թերապիայի անհրաժեշտություն է զգում։
Նորմալ մարդկանց համար անհնար է առանց հոգեկան ցնցումների ժամեր շարունակ լսել ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների այն չափաբաժինները, որ կրկեսային ժանգլյորի վարպետությամբ մատուցում է Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կամ կառավարության շենքից։
Խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում ստի չափից ավելի առկայությունը չէ, որն այս կամ այն չափով բնորոշ է շատ քաղաքական գործիչների։ Ոչ էլ անգամ մանիպուլյացիան, ինչը կրկին կարելի է հանդիպել նաև մյուսների մոտ։ Ստի, կեղծիքի ու մանիպուլյացիաների միջոցով Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում է այնպիսի մտքեր, պնդումներ, մեղադրանքներ, որոնք առողջ բանականություն ունեցող մարդն ուղղակի չի կարող ընդունել։
Երբ նա, օրինակ, խոսում է՝«Հայաստանի կադաստրի վկայականի» մասին, հայտարարում է, թե «բոլոր իշխանությունները Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի կազմում», կամ, որ «Ալմա Աթիի հռչակագրով ամեն ինչ կանխորոշվել է», և այդպես շարունակ, բռնաբարում է լսողի բանականությունը, որովհետև նրա պնդումները՝ դուրս լինելով միջազգային իրավունքի տարրական նորմերից, մազաչափ անգամ չհամապատասխանելով Հայաստանի պատմությանը, չունենալով որևէ փաստական ապացույց, դիմացինին հանում են բանականության, դատողականության հարթությունից՝ լավագույն դեպքում մղելով դեպի հուզական տիրույթ, որտեղ միակ մխիթարանքը որևէ գործառույթ չունեցող հայհոյանքն է կամ անեծքը։
Այսինքն՝ իրականում Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ միայն պետության, պետականության, հայկականության, Արցախի, այլ նաև առողջ բանականության դեմ։ Իսկ ավելի հավանական է, որ վերջինը՝ բանականության դեմ նրա պայքարը, նպատակ ունի հանրությանը զրկել պետության ու պետականության, հայկականության ու Արցախի դեմ վարվող նրա քաղաքականության դեմ պայքարելու հնարավորությունից։
Խնդիրն այն է, որ առողջ բանականություն ունեցող մարդկանց հետ հակաբանական լեզվով խոսակցությունը վերջիններիս զրկում է փաստական ապացույցներով, հակադարձումներով պատասխանելու հնարավորությունից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի անհնար է։
Բանականության դեմ պայքարողն այդպիսով նպատակ ունի ընդդիմախոսներին դուրս դնել ռացիոնալ տիրույթից և բերել էմոցիոնալ, հուզական դաշտ, որտեղ ինքն անպարտելի է, քանի որ այդ դաշտում հաղթանակի գրավականը ոչ թե միտքն է ու ինտելեկտը, այլ ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի հնարավորինս լավ փաթեթավորումն ու մատուցումը։ Նիկոլ Փաշինյանն ահա, այդ դաշտում իրեն հավասար մրցակից չունի։
«Գժի տեղ դնելու» սինդրոմը
Այս իրավիճակը մոտավորապես նման է նրան, որ հոգեպես առողջ մարդը բանավեճի մեջ մտնի հոգեկան խնդիրներ ունեցող կամ այդպիսի խնդիրներ ձևացնող մեկի հետ, որը լավագույնս տիրապետում է ագրեսիվ հռետորաբանությանը, ձայնային տեմբրի տատանման կանոններին, դերասանական վարպետությանը։
Հասկանալի է, որ բանավեճ հնարավոր է միայն այն դեպքում, երբ կամ առաջինն է տեղափոխվում բանականության հարթություն, կամ երկրորդը կարողանում է իրեն գժի տեղ դնել։ Ճիշտ այնպես, ինչպես գաղտնազերծված հայտնի ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանն էր հպարտանում իրեն գժի տեղ դնելու կարողությամբ։
Հիմա քաղաքական դաշտում փաստացի չկան մարդիկ, ովքեր կարող են իրենց գժի տեղ դնել կամ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել նրա իսկ հարթությունում, որը կապ ունի բանականության հետ այնքան, որքան փաշինյանական ռուսերենը՝ պուշկինյան լեզվամտածողության հետ։
Նիկոլ Փաշինյանը լավագույնս օգտվում է ընդդիմախոսների, ավելի լայն իմաստով՝ հանրության շրջանում «գժի տեղ դնելու» ցուցանիշով իրեն հավասար մրցակիցների բացակայությունից և ասում է ոչ թե այն, ինչ պետք է, ոչ թե այն, ինչ ճշմարիտ է, ոչ թե այն, ինչ ապացուցելի է, այլ միայն այն, ինչ ինքն է ցանկանում։
Բացառված չէ, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ մշակված մարտավարություն է, քաղաքական տեխնոլոգիա՝ հուզական բնազդներով առաջնորդվող ընտրազանգվածին կառավարելի պահելու և ռացիոնալ տիրույթում իր դեմ պայքարող ընդդիմախոսներին զինաթափելու համար։ Բայց հնարավոր է նաև, որ այս գործելաոճի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի անձնային, հոգեբանական ապրումները, որոնք նրա մոտ ձևավորել են գիտակցական, իսկ ավելի շատ՝ անգիտակցական պաշտպանական մեխանիզմներ, որոնց մասին հոգեբանության տեսությունը բավական հետաքրքիր բացատրություններ ունի։
Ես-ի հակառակ կողմը
Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում են, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր և տհաճ զգացմունքներից:
Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ՝ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը:
Անձի Ես-ը նրա գոյության և ամբողջականության հիմքն է, բոլոր հոգեկան երևույթները միավորող, ինտեգրող կենտրոնը: Հենց որ Ես-ին որևէ վտանգ է սպառնում, անմիջապես գործի են դրվում նրա պաշտպանական մեխանիզմները, որոնք ձևավորվել են հոգեկան զարգացման ընթացքում:
Պաշտպանական մեխանիզմները, ըստ հոգեբանության տեսության, «հոգու վերքերը» բուժելու միջոցներ են, հարմարվողականության նորմալ մեխանիզմներ, բայց նաև հոգեկան առողջության ու վարքի համար վտանգավոր են դառնում, երբ սկսում են օգտագործվել ծայրահեղ հետևողականությամբ, չափազանցվածությամբ և թույլ չեն տալիս ճիշտ ընկալել ու գնահատել ոչ միայն սեփական անձն ու արարքները, այլև արտաքին իրականությունը, անձի սոցիալական կապերը:
Պաշտպանական մեխանիզմները պարունակում են ինքնախաբեություն և իրականության պատկերի աղճատման մեծ բաժին:
Եթե պաշտպանական մեխանիզմներն ինչ-որ պատճառով չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիաները, ապա այդ հանգամանքը կարող է նպաստել հոգեկան խանգարումների առաջացմանը:
Դիագնոստիկ այս նկարագրությունը բավական մոտ է Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակավ հանրությանը ներկայացող կերպարին։
Կա՞ դրանում կլինիկական ախտորոշում, թե՞ սա մտածված մանիպուլյացիա է, մասնագետների պարզելու գործն է։ Բայց ուշագրավ է պաշտպանական մեխանիզմների ֆունկցիայի այն տեսական բացատրությունը, ըստ որի՝ դրանց օգտագործումն անձին թույլ է տալիս ժամանակ շահել նոր խնդրի լուծման կողմնորոշված միջոցներ ստեղծելու կամ յուրացնելու համար:
Բավական է հիշել, թե ինչ իրավիճակում է այսօր Արցախի խնդիրը, ինչպիսի գոյաբանական սպառնալիքների առջև է կանգնած Հայաստանը, և ինչպիսի անկարողություն ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ դրանք հաղթահարելու համար, և պարզ կլինի, որ ժամանակ շահելը օդ ու ջրի պես անհրաժեշտ է նրան։
Ասա դու ինձ, հայելի…
Չափազանց հետաքրքիր են հոգեբանության տեսությունների կողմից պաշտպանական մեխանիզմների դասակարգումները՝ «Նարգիզական կամ նարցիստիկ պաշտպանություն», օրինակ` հերքում, պրոյեկցիա և այլն, «Ոչ հասուն կամ ոչ լիակատար պաշտպանություն», օրինակ` ռեգրեսիա, կոնվերսիա կամ սոմատիզացիա, պասիվ ագրեսիվ վարք և այլն, «Նյարդային կամ նևրոտիկ պաշտպանություն», օրինակ`փոխադրում, հակազդեցության ձևավորում, ռեպրեսիա և այլն, և «Հասուն կամ լիակատար պաշտպանություն», օրինակ` հումոր, ալտրուիզմ, սուբլիմացիա և այլն:
Նշված դասակարգումներից Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակավ տեսանելի վարքն ամենաշատը համապատասխանում է «Նարգիզական կամ նարցիստիկ» և «Նյարդային կամ նևրոտիկ պաշտպանություն» տեսակներին՝ իրենց դրսևորումներով։ Եվ կրկին՝ դասագրքային նկարագրությունները շատ խոսուն են. Օրինակ, հերքումը (ժխտումը) նկարագրող տեսությունն ասում է, որ հերքելիս մարդն իր համար անցանկալի իրադարձությունները (ներկայի կամ անցյալի) չի ընդունում որպես իրականություն, այսինքն՝ մարդը հերքում է իրականության փաստերը: Կարծես ամբողջությամբ ախտորոշված լինի Նիկոլ Փաշինյանի համար, ով իր պաշտոնավարման հինգ տարիներին զբաղված է նորանկախ Հայաստանի ողջ պատմությունը, բոլոր ձեռքբերումները հերքելով, հաղթանակները ժխտելով ու արժեզրկելով։
Նապոլեոնից՝ Հիսուս
Պակաս հետաքրքիր չէ «Պաշտպանական երևակայություն» կոչվող մեխանիզմի բացատրությունը: Ըստ տեսության, ֆրուստրացիայի դեպքում հաճախ ինքնաբերաբար գործի է դրվում անձի երևակայությունը, որը պաշտպանական ֆունկցիաներ է կատարում: Երևակայական պատկերների ստեղծումը հնարավոր է նաև գիտակցորեն, կամածին:
Նիկոլ Փաշինյանի ստեղծած կերպարների մեծ մասը կարելի է դասել հենց այս՝ պաշտպանական երևակայության խմբին՝ դավաճան գեներալներ, հազարավոր դասալիքներ, «5-րդ շարասյուն», «սատանաներ», և այդպես շարունակ։
Տեսությունն ասում է, որ պաշտպանական երևակայության դինամիկան սկզբնական փուլում կարող է թվալ արդյունավետ, չնայած ֆրուստրացված պահանջմունքը չբավարարված է մնում:
Պատճառը պաշտպանական երևակայության հետևանքով առաջացած հույսն է կամ ցանկությունը, որ մի օր, հնարավոր է, երևակայությունն իրականություն դառնա: Աստիճանաբար հույսը նահանջում է, իսկ երևակայությունն իր հերթին՝ կարող է ժամանակի ընթացքում աղքատանալ: Սա՝ երևակայության աղքատացումը, հենց այն է, ինչ վերջին շրջանում նկատվում է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նա ավելի ու ավելի դժվար է նոր երևակայական կերպարներ հորինում, ինչի պատճառով նախկինում մատուցվածները նույն ձայնասկավառակի նման պտտվում են՝ որոշակի կոսմետիկ փոփոխություններով։
Հետաքրքիր է, որ որոշ մասնագետներ պաշտպանական ֆանտազիան բաժանում են երկու տեսակի՝
ա) նվաճումների հասնող հերոսի երևակայություն,
բ) տառապող հերոսի երևակայություն:
Եվ ո՞վ է ամենաառաջինը երևակվում այս դասակարգումն ընթերցելիս։ Կրկին Նիկոլ Փաշինյանը՝ 2020 թվականի տավուշյան արկածախնդրությամբ իրեն որպես նվաճող ներկայացնելու փորձերով, իսկ արդեն պատերազմից հետո՝ «տառապող հերոսի», բունկերում թաքնվող զոհի կերպարով, ով, ինչպես վերջերս պարզվեց՝ ամեն օր մեռնում ու հարություն է առնում։
Ասա՝ ում ես կշտամբում, ասեմ՝ ով ես դու
Պաշտպանական մեխանիզմների մեկ այլ հետաքրքիր և մեր հերոսի հետ կապված տեսակ է պրոյեկցիան, որի դեպքում մարդն իր համար անընդունելի զգացումները, բնավորության գծերը, հակումները, ձգտումներն անգիտակցորեն վերագրում է այլ մարդկանց: Այսպիսով, Ես-ը պաշտպանվում է՝ իրենից հեռացնելով և ուրիշի վրա տեղափոխելով իր համար բացասական կողմերը:
Մարդու համար շատ ցավոտ է հոգեկանի անցանկալի բովանդակությունների գիտակցումը: Պրոյեկցիան սովորաբար ուղղվում է այն մարդուն, ում իրավիճակը, հատկանիշները նման են պրոյեկտողի իրավիճակին:
Ք. Հորնին ասում է, որ՝ ելնելով նրանից, թե մարդն ինչպես է կշտամբում մարդկանց, կարելի է հասկանալ, թե ով է ինքը: Եվ կրկին ծանոթ պատկեր է ուրվագծվում, երբ հիշում ենք, թե Արցախը հանձնելու իր քայլերը Նիկոլ Փաշինյանն ինչպես է փորձում տարածել բոլորի վրա՝ Լևոն Տեր–Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան։ Սա լավագույնս բացատրում է նաև, թե ինչու է իրեն ուղղվող «դավաճան», «կապիտուլյանտ» որակումներ լսելիս Նիկոլ Փաշինյանն առանձնակի հիստերիայով հակադարձում՝ «դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք…»։ Մարդը պաշտպանվում է։
Ագրեսիվ ռացիոնալիզատորը. լայքողներ բոլոր գյուղերի՝ միացեք
Պաշտպանական մեխանիզմների թվում Նիկոլ Փաշինյանին շատ բնորոշ է թվում նաև ագրեսիան։
Տեսությունն ասում է, որ երբ մարդը ֆրուստրացվում է, հաճախ դիմում է ագրեսիվ քայլերի՝ ոչնչացնելու նպատակը խոչընդոտող արգելքները: Ագրեսիան կարող է ուժեղանալ, եթե չի հաջողվում հաղթահարել արգելքը, և նպատակը դեռևս արդիական է: Տարբերում են ագրեսիայի տարբեր տեսակներ. ուղիղ ագրեսիա՝ մարդիկ դիմում են բացահայտ ագրեսիվ գործողությունների, անուղղակի ագրեսիա՝ ագրեսիան ունի լատենտ բնույթ, արտահայտվում է անմիջականորեն (ագրեսիան կարող է ուղղել այլ մարդու վրա, որը չի պատասխանի, մարդու ետևից բամբասանքներ տարածել), վերբալ (խոսքային) ագրեսիան խոսքի միջոցով ագրեսիայի դրսևորումն է (վիրավորանքներ, հայհոյանք, ծաղրանք), ֆիզիկական ագրեսիա՝ ֆիզիկական վնաս, ցավ պատճառելն է։
Նիկոլ Փաշինյանի, ինչպես ինքն է սիրում ասել, խոսույթում ագրեսիայի վերը նշված բոլոր տեսակներն առկա են տարբեր համամասնություններով՝ կախված իրավիճակից և թիրախներից։
Պաշտպանական մեխանիզմների թվում կա մի տեսակ, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է կիրառել, բայց դա նրա մոտ ամենավատն է ստացվում։
Խոսքը բանականացման (ռացիոնալիզացիա) մասին է, երբ անհատն անընդունելի գործողությունների, մտքերի, հակումների համար ընդունելի, արդարացնող պատճառներ և բացատրություններ է որոնում:
Իր համար կամ սոցիալապես անընդունելի վարքի, զգացմունքների համար մարդը ներկայացնում է տրամաբանական, համոզիչ բացատրություններ:
Բավական է հիշել Մադրիդյան սկզբունքների փաշինյական մեկնաբանությունը, դրա հիման վրա որպես լոզունգ ներկայացվող այն կեղծ եզրահանգումը, թե այդ սկզբունքներով Հայաստանը դեռևս 2007 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել է Արցախից։
Նրա այս մեկնաբանությունները մակերեսային հարթությունում կարող են տրամաբանական թվալ, բայց բավական է փոքր-ինչ ավելի խորքային հայացքը, որպեսզի բացահայտվի դրանց ողջ սնանկությունը։
Ի թիվս պաշտպանական մեխանիզմների բազմաթիվ տեսակների, Նիկոլ Փաշինյանին մոտ է թվում նաև այն, ինչ տեսությունն անվանում է «Փախուստ վիրտուալ իրականություն», որի միջոցով մարդը կարողանում է փախչել ռեալ իրականությունից:
Ըստ մասնագետների, այն իրականության սուբյեկտիվ մոդել է, միջանկյալ իրականություն, որի միջոցով մարդը հաղթահարում է ներհոգեկան, ընտանեկան, միջանձնային կոնֆլիկտները, պաշտպանվում է տագնապից, խնդիրներից, լարվածությունից, անհաջողություններից առաջացած անհարմարավետությունից: Ժամանակին Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցային գերակտիվ կյանքը, իսկ հիմա՝ սոցցանցերում հսկայական ռեսուրսների ծախսումն ու վիրտուալ բանակների միջոցով այդ տիրույթում իր համար ցանկալի իրականության կերտումը կարելի է վերագրել նրա կողմից պաշտպանական հենց այս մեխանիզմին հակվածությանը։
Թե վերը նկարագրված պաշտպանական մեխանիզմներից հատկապես որը՝ գիտակցաբար, որը՝ անգիտակցորեն է օգտագործվում Նիկոլ Փաշինյանի կողմից, իհարկե, չափազանց դժվար է ասել։ Ինչպես և անկարելի է ճշգրիտ հասկանալ՝ ի վերջո, հանրության հետ նրա կոմունիկացիաներում գործ ունենք նաև անգիտակցական պաշտպանական մեխանիզմների՞, թե՞ միանգամայն գիտակցված, մշակված ռազմավարության ու մարտավարության հետ, որը պայմանականորեն կոչեցինք «գժի տեղ դնելու» համախտանիշ։
Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է իր այդ կարողության և դա որպես արտաքին քաղաքական հնարք օգտագործելու փորձի մասին։
Հարություն Ավետիսյան