Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել. փոխնախարար Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Կառավարության հեղինակած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Արման Սարգսյանին վերջին շրջանում շրջանառվող  հարցի՝  սահմանին կրակել-չկրակելու հրամանի վերաբերյալ։

«Անցնող առնվազն 3 տասնամյակներում սահմանագծում, առաջնագծում ծառայող զինվորը իմացել է՝ իրեն ինչպես պահի, երբ հակառակորդը կամ թշնամին է իր դիմաց։ Վերջին օրերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Մայիսի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։ Այդ ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նման բան էր հայտարարում, տրամաբանորեն Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է անդրադառնա, որ ամբողջ սահմանում կրակոցներով սահմանը չի պահվում՝ ուղղակի փայտերով իրար ծեծում են։ Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում դիրքապահ, մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ստորաբաժանումները որևէ  կրակոց չեն արձակել»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Մինչև Արման Սարգսյանը  պատրաստվում էր պատասխանել հարցին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց, թե պատգամավորի հարցը որևէ կապ չունի  օրակարգային  օդային սահմանի վերաբերյալ հարցի քննարկման հետ։

Այդուհանդերձ Արման Սարգսյանը պատասխանեց. «Միայն կարող եմ պնդել, որ չկրակելու հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, վստահաբար։ Ինչ վերաբերում է ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող, հենց զինվորականնների այդ պահի թելադրանքով իրականացրած գործողություններ են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս