«Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի դիրքից հետ չի գնացել. կդժվարանամ ասել՝ սահմանազատո՞ւմ է, թե՞ ոչ,  ինֆորմացիան բավականին սուղ է». Շահեն Շահինյան

Ապրիլի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Տեղ համայնքի 11 կմ հատվածից 5 կմ հատվածը համարել են պրոբլեմատիկ։

«Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ հատվածով, ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Սա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունեն ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով։ Սա նշանակում է  նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա։ Այդ պրոբլեմատիկ հատվածում, մեր գնահատմամբ՝ իրենք գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, նախկին իմ հայտարարությունը դա 5 կմ հատվածից ավելին է, հիմա այդ պրոբլեմատիկ հատվածը դարձել է 3,6 կմ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տեղեկություններից կարելի՞ է ենթադրել, որ Տեղ համայնքում սկսվել է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց։

168.am-ի հետ զրույցում գեոդեզիստ, քարտեզագիր, ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ Շահեն Շահինյանը պատասխանելով հարցին՝ նշեց, որ դժվարացավ ասել, թե ինչ է տեղի ունեցողը,  քանի որ դեմարկացիան և դելիմիտացիան ունեն որոշակի չափորոշիչներ, որոնք պետք է սկսվեն այդ տեղանքում սահմանապահների կամ զորքերի տեղակայումներով։

Կարդացեք նաև

«Ըստ այդմ, կդժվարանամ ասել՝ սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ մեզ համար ինֆորմացիան բավականին սուղ է։

Այս գործընթացը ես կարող եմ գնահատել՝ որպես շփման գծի տեղակայում կամ շփման գծի կազմում տեղանքում։ Այսինքն՝ ձևավորվում է շփման գիծ, ուստի պետությունները չեն կարող իրենց սահմանի մեկ հատվածում ունենալ շփման գիծ՝ օրինակ, Ջերմուկի հատվածում, իսկ Տեղ համայնքի հատվածում ունենալ պետական հաստատված սահման։ Իմ գնահատմամբ՝ սա շփման գիծ է, ու քանի դեռ չունենք հստակ տեղեկություն, թե ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները ՀՀ տարածքում քանի մետր են հետ գնացել, և արդյո՞ք ամբողջությամբ դուրս են եկել մեր սահմանից՝ կդժվարանամ գնահատել այս գործընթացը»,- նշեց Շահեն Շահինյանը։

Նրա խոսքով՝ իրենց հետ առհասարակ որևէ խորհրդատվություն չի անցկացվել, անգամ իրենց կողմից Կառավարությանն ուղարկված նամակներն ու գրությունները մնացել են անարձագանք, կամ դրանց տրվել է անբովանդակ պատասխան։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանը վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի դիրքից հետ չի գնացել, Տեղ համայնքում էլ ինչ-որ փաստագրված տեղեկություններ չունենք, որ, օրինակ, այսինչ հատվածում Ադրբեջանը դիրք է ունեցել և այժմ հետ է քաշվել, այսինքն՝ զավթումներից հետո չունենք արձանագրված որևէ դեպք, որ հետ են գնացել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Կառավարությանն ուղղված իրենց նամակների նպատակը եղել է առաջարկ ներգրավվելու սահմանազատման գործընթացում՝ սկսած խորհրդատվական մակարդակից, վերջացրած անգամ տեղանքում գործիքային և սեփական միջոցներով աշխատանքներ իրականացնելով։

«Սա եղել է առաջարկ, որպեսզի օգտագործվի նախկինում գոյություն ունեցած Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի ներուժը։ Մենք բաց ենք եղել ցանկացած աջակցություն ցուցաբերելու համար, քանի որ այս հարցը դիտարկում ենք ոչ թե քաղաքական իշխանություններին աջակցելու կամ չաջակցելու տեսանկյունից, այլ, որ սա պետական սահմանի հարց է, մեր հայրենիքին է վերաբերում, և այն բոլորինս է։ Բոլորս պարտավոր ենք անել հնարավորինը, որպեսզի անառիկ պահենք սահմանները։ Այսինքն՝ մեր նամակներն ու առաջարկները եղել են զուտ մասնագիտական՝ սկսած խորհրդատվությունից, վերջացրած ամբողջական ներգրավվածությամբ։ Մեր որևէ հարցադրման պատասխան չի տրվել, առաջարկներին չի եղել որևէ ադեկվատ ու խորքային արձագանք, մեր բոլոր առաջարկները մնացել են օդում»,- եզրափակեց Շահեն Շահինյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Տեղ համայնքի հատվածում առաջացել և ամրաշինական աշխատանքներ է սկսել մարտի 30-ին։

Տեսանյութեր

Լրահոս