
«Այդ «Թրամփի ուղի» կոչվողը «դժոխքի ուղի» է, բա մարդ իր հողը կտա ուրիշին ու կասի՝ նայի՞ր. ազգը խելքը գլուխը պետք է հավաքի». Մասիս Զեյնալյան

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ալիևի հետ նախաստորագրած «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթով Հայաստանին խաղաղություն կբերի։ Ասում է՝ իր շրջապատում գտնվող բոլոր սյունեցիները նույնպես չեն հավատում Հայաստանի օրվա իշխանությունների որևէ խոսքի։
«Նախ, այդ «Թրամփի ուղի» կոչվողը «դժոխքի ուղի» է, բա մարդ իր հողը կտա ուրիշին ու կասի՝ նայի՞ր։ Եթե այսօր Ադրբեջանը չի ազատում Հայաստանի օկուպացրած տարածքները, Գորիս-Կապան ճանապարհը շարունակում է փակ մնալ, հայ պատանդներն ու գերիները շարունակում են ապօրինի պահվել Բաքվում, Արցախն օկուպացված է, արցախահայերը՝ բռնի տեղահանված, ի՞նչ խաղաղության կամ Ադրբեջանին ի՞նչ ճանապարհ տալու մասին է խոսքը։
Այսօր որևէ մեկն իշխանությանը չի հավատում, որովհետև իրենք այլ բան են ասում, իսկ Ալիևը պարզ հայտարարում է՝ եթե ուզում եք խաղաղություն, ապա պետք է փոխեք ՀՀ Սահմանադրությունը։ Հիմա Փաշինյանի իշխանությունն Ալիևին ձեռնտու է, երբ օրը գա, այլևս ձեռնտու չլինի, գուցե այլ բաներ էլ «ջրի երես» դուրս գան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մասիս Զեյնալյանը։
Ըստ նրա, ՀՀ իշխանություններն անունը կդնեն «ամերիկյան կազմակերպություն», բայց Սյունիքով անցնող ճանապարհին կբերեն թուրքական կամ ադրբեջանական կազմակերպություն, հետո ժամանակի ընթացքում 1-2 կրակոցներ կլինեն այդ ճանապարհին, որից հետո թշնամին զորք կմտցնի Սյունիք՝ ասելով, թե՝ «ճանապարհն ենք վերահսկում»։
«Այդ ընթացքում կբերեն ադրբեջանցիների ու այդ տարածքներում տներ «կդզեն-կփչեն» ու կբնակեցնեն, ավտոմատ մի քանի տարի հետո ամեն ինչ կավարտվի, էլ ի՞նչ Մեղրի, ամբողջ Սյունիքը կկորցնենք։ Արցախում հիշո՞ւմ եք՝ ինչ արեցին, անունը դրեցին «բնապահպանական բողոք» ու Բերձորի ճանապարհը փակեցին ու մեկ տարի հետո հայաթափեցին, նույնն էլ Սյունիքում է լինելու։
Դե, Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանը հենց նեղն է ընկնում, ասում է՝ «ժողովուրդը պետք է քվեարկի հանուն խաղաղության», այդ ժողովուրդը քեզ քվե տվե՞լ է, որ Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում կամ ինքնագլուխ գնաս Սյունիքով ճանապարհ տաս։ Ասում էր՝ «ապագա կա», հիմա սա՞ է ապագան, բա իրական ապագան ո՞րն է»,- հավելեց Մասիս Զեյնալյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ երբ Ջերմուկի սարերում ադրբեջանցիները գնդակահարում էին հայ զինվորներին, անդամահատում հայ կանանց, այն ժամանակ չէի՞ն մտածում, որ հարևանների հետ պետք է խաղաղ ապրել։
«2020 թվականին եմ ասել՝ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, ապա գալու է օրը, որ պատերազմի բոլոր մասնակիցներին դատելու են, առաջինն եմ ասել, որ Հակարիի կամրջի վրա թշնամին անցակետ է դնում, չէին հավատում։ Հիմա փաստացի մեր զինվորներին դատում են, խոշտանգում, եթե խաղաղության են գնում, ինչո՞ւ են մեր հայերը Բաքվի բանտերում, ինչո՞ւ են այնտեղ մեր գերիներին շան կեր տալիս։
Նիկոլ Փաշինյանը դպրոց է սարքում, բայց 3 դպրոց փակում է, որ 1-ը թողնի։ Ասֆալտն ինչի՞ս է պետք, եթե ամեն պահի մեզ վտանգ է սպառնում, դե, ասֆալտն էլ իրենց կողմից «կուլտուրնի» նախընտրական աշխատանք է»,- շեշտեց նա։
Մասիս Զեյնալյանը նաև ընդգծեց՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են, հայ ազգը պետք է միասնական լինի ու իր խոսքն ասի։
«Ազգը խելքը գլուխը պետք է հավաքի, ասում են՝ մեկը քարը գցում է ձորը, 10 խելոք չի կարողանում հանի, հիմա մեր ազգին մեկ խելոք մարդ է պետք, այնպիսի ուժ, որ այդ գլորած քարը ձորից կհանի։ Հիմա մեր երկիրը ձորն է գլորվել, պետք է խելացի ղեկավար, որը կկողմնորոշվի, ու երկիրն առանց կորուստների կհանի։
Նիկոլ Փաշինյանը երբ գնում է բանակցելու, ասում է՝ իշխանությունը ես եմ, բայց երբ երկրի համար ցավոտ որոշում է ընդունում, ասում է՝ ժողովուրդն է որոշել։ Օրինակ, գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է, բայց ասում է՝ Արցախը Սամվել Շահրամանյանն է հանձնել, դու ես գերագույն հրամանատարը, Շահրամանյա՞նն է։ Կամ՝ ինչ լինում է, ասում է՝ դե, նախկիններն են արել, նախկինների ժամանակ Եռատոն է եղել, հիմա Եռատոնը դարձրել ես եռասուգ։ Այս 7 տարիների ընթացքում կա՞ մի տուն, որ զոհ չենք ունեցել, Կոռնիձորից մինչև Երևան՝ բոլոր գերեզմանոցներում Եռագույն դրոշն է»,- նշեց Մասիս Զեյնալյանը։