Փաշինյանի ձևակերպումը Հայոց ցեղասպանության ժխտում է, ինչը համարվում է քրեորեն հետապնդելի արարք. Հայկ Դեմոյան

Ապրիլի 18-ին ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով 2022 թվականի Կառավարության կատարողականը, անդրադարձել էր նաև հայ-թուրքական հարաբերություններին։

«Պետք է արձանագրեմ, որ այո՛, մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը, պիտի խոստովանեմ՝ մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, և Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները այդպես էլ ընկալեցին և ընդունեցին:

Մենք Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէինք կայացնի, եթե չփոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունը այս ժամանակահատվածում, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ, Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը մեր բեռների և փրկարարական ջոկատի համար չէ՛ր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, նախ ասաց, որ որպես գիտնական՝ անպատվաբեր է համարում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության, քանի որ նրան չի ընկալում՝ որպես ՀՀ վարչապետ։

Կարդացեք նաև

«Ես լիովին համոզված եմ և կարող եմ ցանկացած հարթակում ու ցանկացած անձանց հետ ապացուցել թավշյա հեղափոխության խեղկատակության ֆեյք, շինծու լինելը։ Այսինքն՝ ով այդ ամենին հավատացել է կամ դրա մեջ եղել է, ինձ համար ֆեյք անձ է, որը կառավարվում ու ուղղորդվում է՝ լինելով կախված ինչ-ինչ հանգամանքներից։

Զուտ լեզվական ու հոգեվելուծական մեթոդների դիտանկյունից եթե նայեք, ապա առանց հոգեբուժական գիտության չենք կարող մեկնաբանել կամ փորձ կատարել մեկնաբանել այդ ամենը։ Ցեղասպանության մեջ հայտնի մի խոսք կա՝ ցանկացած ժխտողականություն արդեն հոգեբուժական խնդիր է, սա ես չեմ ասում, այլ ապացուցված բան է։ Այսինքն՝ եթե մեկը գիտի, որ ցեղասպանություն է եղել, սակայն ասում է ճիշտ հակառակը, ապա գործ ունենք ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի հետ, որը պետք է միջամտի ու ասի, թե ինչով է տառապում պացիենտը։ Այստեղ «ուրախալին» այն է, որ Նիկոլ Փաշինյանը «հայրենասիրության նախկին մոդել» ասելով՝ նկատի ունի ցեղասպանության մասին խոսելը։ Ըստ նրա արտահայտած «մարգարիտների»՝ եթե այդ մոդելով առաջնորդվեն, ապա Մարգարայի կամուրջը Թուրքիան թույլ չէր տա բացել։ Հիշողություն չունեցող մարդը մանկուրտն է, որը չի հիշում ծնողին, հայրենիքին»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Շարունակելով միտքը՝ Հայկ Դեմոյանն ասաց, որ եթե այս ամենը դիտարկում են Թուրքիա-հայ ժողովրդի հիշողություններ համատեքստում, ապա դա հանգում է մեկ կետի, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն։

«Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին և առնչվում ենք այսօրվա Թուրքիայի հետ, ապա ունենք ձևակերպում՝ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարում։ Ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանի ասած այդ ձևակերպումը ես կարող եմ դիտարկել փաստ՝ հաղորդում տալու քրեորեն հետապնդելի արարք կատարելու մասին, այն է՝ Հայոց ցեղասպանության ժխտում Հայաստանի վարչապետ հանդիսացող անձի կողմից։ Հետևաբար, ապրիլի 24-ին, եթե կան հասարակական կազմակերպություններ, եթե ընդդիմության շարքում կան Հայ դատով, Հայոց ցեղասպանության հարցերով մտահոգ մարդիկ, ապա նրանց հուշում եմ՝ Փաշինյանի նման ձևակերպումը ենթադրում է Հայոց ցեղասպանության ժխտման փորձ, ինչը քրեորեն հետապնդելի արարք է։ Ըստ այդմ պետք է սկսել գործընթաց քրեական գործ հարուցելու վերաբերյալ»:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի շրջապատում իր հետ առնվազն կան երկու հոգի, որոնք միայն հայերեն են խոսում և նրանց համար պատմությունը, մշակույթը, արժեհամակարգը ոչ թե լղոզված են, այլ իսպառ բացակայում են։

Հայկ Դեմոյանը հիշեցրեց, որ նախկինում կասկած է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի թիմից երկու առանցքային անձ առնվազն կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարանից գողություն կատարելու մեջ։

«Պահպանելով անմեղության կանխավարկածը, ես հղում եմ տալիս նախկին տնօրենին, ով ասաց, որ այդ գողությունը կատարել են ասպիրանտները»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս