«Եթե չփոխեինք պատմությունը, եթե մնայինք հայրենասիրության մոդելի մեջ, Թուրքիան Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէ՛ր բացի». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին:
«Պետք է արձանագրեմ, որ այո՛, մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը, պիտի խոստովանեմ՝ մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, և Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները այդպես էլ ընկալեցին և ընդունեցին:
Մենք Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէինք կայացնի, եթե չփոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունը այս ժամանակահատվածում, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ, Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը մեր բեռների և փրկարարական ջոկատի համար չէ՛ր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը:
Շարունակելով խոսքը՝ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցին.
«Թուրքիայի ԱԳ նախարարության դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չէին, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը:
Հայաստանի Հանարապետության և Թուրքիայի Հանրապետության դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա, և ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը իրոք կբացվի և հիմք կստեղծի հարևանային բնականոն հարաբերությունների զարգացման համար:
Այս առումով չափազանց կարևոր է, որ առաջիկա ամիսներին 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի:
Իհարկե, դա կարող է նաև տեղի չունենալ, եթե հումանիտար և հարևանային արժեքների բերած նոր ընկալումները, տպավորությունները ժամանակի ընթացքում սառեն, խամրեն և քաղաքական, դիվանագիտական որոշումների վրա նրանց ազդեցությունն ի չիք դառնա: Հույս ունեմ՝ նման բան տեղի չի՛ ունենա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում