Բաժիններ՝

Իշխանությունն ի՞նչ է արել, որ այս հոսքը ՀՀ օգտին ծառայի. կարող ենք ասել՝ ոչինչ. Տնտեսագետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ Ֆեյսբուքում հերթական տնտեսական «ավետիսն էր» բերել մեզ համար՝ տեղեկացնելով, որ համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի` Հայաստանի տնտեսության իրական աճը 2022թվականին աշխարհի մոտ 200 երկրների մեջ 4-րդն է:

Այսօր արդեն տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում այս ձեռքբերումը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես արձանագրելով. «2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ:

Այս ցուցանիշով Հայաստանը, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում»:

Որպես ասվածի ապացույց՝ նա չզլացավ տեղեկացնել նաև, որ 2022 թվականին 2017-ի համեմատ՝ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով:

Կարդացեք նաև

Հետաքրքիր է, սակայն, որ ո՛չ Քերոբյանը, ո՛չ Փաշինյանը չանդրադարձան նույն միջազգային կառույցի արձանագրած ռիսկերին, չնշեցին, թե ինչու և ինչպես այս տնտեսական «հրաշքը» տեղի ունեցավ Հայաստանում, և ինչո՞ւ են այս « հրաշքից» անմասնմնացել հանրային լայն շրջանակները:

Այսպիսով, Արժույթի միջազգային հիմնադրամը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Հայաստանի տնտեսությանը՝ նախ նշելով, որ տնտեսությունը պահպանել է ուժեղ թափը՝ պայմանավորված «կապիտալի, բիզնեսի և աշխատուժի ներհոսքի աճով», որ թեև կա աճի դինամիկա, այդուհանդերձ մեծ են նաև անորոշությունները՝ հիմնականում պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ապա նաև արձանագրել. «Կառուցվածքային մարտահրավերները նույնպես պահպանվում են, ներառյալ՝ բարձր գործազրկությունը, թույլ բիզնես միջավայրը և ցածր արտադրողականության աճը»: Ի դեպ, բիզնես միջավայրի բարելավման մասին ընդամենն օրեր առաջ էր մեզ պատմում էկոնոմիկայի նախարարը:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը 168.amի հետ զրույցում խոսելով հանրայնացված հերթական ցուցանիշի ու դրան նպաստող բաղադրիչների մասին՝ նկատեց. «Եթե Արժույթի Միջազգային Հիմնադրամն ասեր՝ տեսեք, Նիկոլ Փաշինյանն ինչ լավ է աշխատել, ինչ բարեփոխումներ է արել, ինչ կառուցվածքային փոփոխություններ է արել, որ տնտեսությունն արագորեն աճում է, դա այլ բան կլիներ, բայց մենք ունենք 1 տարվա պատահական աճ: Վերջինը, ինչպես պարբերաբար նշում ենք, պայմանավորված է մի քանի գործոններով՝

• վերականգնողական աճ. 2020 թ. լուրջ անկում կար, որը 2021 թվականին չկոմպենսացվեց,
• հունվարի սկզբին ոչ աշխատանքային օրերի չեղարկումը, որի էֆեկտը թեև մեծ չէ, բայց առկա է,
• ՌԴ-ից ներգաղթը, ռելոկանտների մի հատվածի աշխատանքը, հարկ վճարելը, բնակարան վարձելը ՀՀ-ում,
• ֆինանսական հոսքերի մուտքը ՀՀ և որոշակի առևտրաշրջանառությունը՝ դեպի ՌԴ, կամ ՌԴ-ից,
• Հայաստանի միջոցով(դեպի երրորդ երկրներ) լրացուցիչ 3 միլիարդ դոլարի շրջանառությունը, որի զգալի մասը մնաց Հայաստանում՝ որպես նաև այդ ծառայությունների փոխհատուցում և այլն:

Իշխանությունն ի՞նչ է արել, որ այս հոսքը ՀՀ օգտին ծառայի և ոչ թե ուղղակի ՀՀ միջով գնա-գա: Կարող ենք ասել՝ ոչինչ չի արել. դրամի փոխարժեքը բարձրացվեց, պարտքերը չմարվեցին, ԿԲ պահուստում գումարներ չհավաքվեցին:

Այսպիսով, այս իշխանությունը, կարելի է ասել, որ ուղղակի օգտվել է պահից՝ անձերի մակարդակով (առանձին մարդիկ, որոնց միջոցով այդ շրջանառությունն իրականացվում է), և հույս ունի, որ նաև ՀՀ տնտեսությունն էլ լրացուցիչ աճ կարձանագրի և ոչ ավելին»:

Տնտեսագետը հավելեց նաև, որ Հայաստանի գործող իշխանություններն արձանագրված ցուցանիշի հետ որևէ կապ չունեն, փոխարենը՝ կապ ունեն այն տնտեսական կորուստների հետ, որոնք ունեցանք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկում, Սոթքում և այլն:

«Իսկ այդտեղ մենք ինչքա՞ն ենք կորցրել՝ նույնիսկ չեն էլ փորձել հաշվել»,- նկատեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հների հետ համեմատվելու վերջին դրվագին, որով արձանագրում էր, թե2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով, Հրանտ Միքայելյանը պարզաբանեց. «2 միլիարդ դոլարը ո՞րն է. եթե դրամն արհեստականորեն թանկացել է դոլարի նկատմամբ՝ արդեն ինքնին ունես միլիարդավոր դոլարների աճ:

Այս համեմատություններն անհեթեթ են. բյուջեն միլիարդ դոլարով չի հավաքվում, ՀՀ պետական ֆինանսները դոլարներով չեն հաշվարկվում,ըստ այդմ՝ համեմատել միլիարդ դոլարով անիմաստ է: Պետք է համեմատել դրամով, համադրելի գներով»:

Տեսանյութեր

Լրահոս