Ռուսաստանը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու շուրջ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին և Հայաստանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու ուղղությամբ։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրում։

«Այդ հարցի շուրջ մեր հայ և ադրբեջանցի գործընկերները մանրամասն առաջարկներ են ստացել: Տեղում խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու հարցերը: Ամեն օր ներկրվում է տասնյակ տոննա մարդասիրական բեռ, և մենք սպասում ենք իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման՝ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների հիման վրա», – ասել է Զախարովան:

Դիվանագետը նաև անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա այցին, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային կապերի վերականգնման հարցը: Նա հրաժարվել է մանրամասներ բացահայտել, քանի որ գործընթացը դեռ ավարտված չէ: Սակայն Զախարովան վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը:

«Մենք աջակցում ենք Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնմանը: Այն, ինչպես հիշում եք, մեկնարկել է մեր անմիջական միջնորդությամբ 2022 թ.-ի հունվարին… Վստահ ենք, որ նման, կարելի է ասել, «ջերմացումը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, նկատելի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման հարցում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում էլ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ հարցում:

Տեսանյութեր

Լրահոս