Բաժիններ՝

Ինչ մեզ մոտ ավելցուկ է եղել, ձգտել ենք հանել դուրս, որ հին չմնա. Թռչնաբույծների միության նախագահ 

«Ձուն խանութում կարող է մնալ 20 օր, համարվում է սննդային ձու: Մինչև 8-րդ օրը համարվում է դիետիկ ձու: Եթե խանութում պահպանվում է ջերմային աստիճանը, սառնարանային տնտեսություն է, թույլատրվում է մինչև 90 օր պահել»: 168.amի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Քանի որ խանութների մեծ մասում սառնարան չկա, ուստի պահպանման ժամկետը լրանում է 20-24-րդ օրը»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:

Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թա՞րմ են դրանք և արդյո՞ք չեն պարունակում հակաբիոտիկներ։ Փորձաքննության համար ընտրել էին առաջին կարգի (01) թարմ ձու, թռչնաբույծների միության նախագահն ասաց, որ մեթոդաբանությունը սխալ է եղել:

«Մեթոդաբանություն անելու համար հարկավոր է ԳՕՍՏ-ը (վերաբերում է մի շարք տեխնիկական ստանդարտների պահպանմանը) բացել, նայել: Այնտեղ ամենաառաջինը գրված է արտադրողի ներկայացուցչի մասին, ով կմասնակցեր այդ փորձաքննությանը: Հակառակ դեպքում արտադրողը կարող է ասել, որ չի հավատում փորձաքննությանը: Դեղնուցի և սպիտակուցի հարաբերակցությունը պետք է ճշտվի, միլիգրամներով կշռվի, ոչ թե աչքաչափով որոշեն: 3 տարի է՝ ինքնաբավ ենք: Մի հատ ձու դրսից չենք ներկրում, և գինն էլ նախորդ տարվա համեմատ 10-15 դրամ իջել էր այս տարվա Զատիկին: Միակ սննդամթերքն է ամբողջ Հայաստանում, որ ոչ թե գնաճ է եղել, այլ նվազում»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ձու շատ արտադրելուն և դրա հետևանքով ապրանքի հնանալու հավանականությանը, Սերգեյ Ստեփանյանը պարզաբանեց. «Մենք 10.2 տոկոս ավել ենք արտադրել: 8 մեքենա ձու արտահանել ենք ՌԴ: Այսինքն, այն, ինչ մեզ մոտ ավելցուկ է եղել, ձգտել ենք հանել դուրս, որ հին չմնա»:

Հավելենք, որ ըստ «Հետք»ի լրատվամիջոցի նախաձեռնած փորձաքննության՝ «Գնթունիք» ձուն մակնշված՝ 4 օրականի փոխարեն՝ եղել է 14 օրական, «Արզնի» ընկերության ձուն մակնշված 4 օրականի փոխարեն՝ եղել է 10 օրական, «Արաքս թռչնաֆաբրիկայի» ձուն նույնպես մակնշված 4 օրականի փոխարեն՝ եղել է 10 օրական, իսկ ուսումնասիրված 10 ձվից 2-ի ներսի հատվածում՝ օդախցիկի մոտ, հայտնաբերվել են ժանգանման բծեր։

«Աշտարակ ձու» ընկերության ձուն 3 օրականի փոխարեն՝ եղել է 15-20 օրական, սպիտակուցը եղել է ջրիկացած, «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» ձուն 6 օրականի փոխարեն՝ եղել է 15-20 օրական, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված, ինչը ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է։

«Լուսակերտ էլիտ» ընկերության ձուն 4 օրականի փոխարեն՝ եղել է 10 օրական։ «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի «Էրեբունի» ձուն մակնշված 15 օրականի փոխարեն՝ եղել է 20-25 օրական, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ պիգմենտավորված։ Ժամկետի ամենաքիչ շեղումը եղել է «Արզնի ԹՏԽ», «Արաքս» և «Լուսակերտ էլիտ» ապրանքներում. 10 օրական ձուն մակնշվել է՝ որպես 4 օրվա։

Ամենաշատ շեղումն ունեցել է «Աշտարակ ձուն». 15-20 օրական ձուն մակնշվել է՝ որպես 3 օրվա ձու, իսկ 15-20 օրական «Մասիս» ձուն՝ որպես 6 օրվա ձու։

 

Տեսանյութեր

Լրահոս