«Մեկ բան հստակ գիտեմ՝ հակառակորդն ինչ դիրք զբաղեցնում է, այդ դիրքը հետ է վերցվում միայն կռվով». Մովսես Հակոբյան
Երեկ՝ ապրիլի 11-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ հակառակորդի նպատակն է, որպեսզի Տեղ համայնքի տարածքում զբաղեցնի կարևոր դիրքեր, իսկ հայկական կողմը չպետք է թույլատրի, որպեսզի ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները նման դիրքեր զբաղեցնեն։
«Քանի դեռ չկա իրական խաղաղություն և «խաղաղության պայմանագիր», ՀՀ սահմանները պետք է պաշտպանի հայոց բանակը, այլ ոչ թե ԱԱԾ սահմանապահները»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Ըստ նրա, թող որևէ մեկը չսպասի, որ ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները կարող են թողնել իրենց զբաղեցրած դիրքերը և հեռանալ։
«Ես մեկ բան հստակ գիտեմ՝ հակառակորդն ինչ դիրք զբաղեցնում է, այդ դիրքը հետ է վերցվում միայն կռվով, անկախ նրանից՝ կլինենք մենք, նրանք, թե մեկ ուրիշը»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ թշնամին Տեղ գյուղի հատվածում առաջ էր եկել մարտի 30-ին՝ դիրքավորվելով Տեղի բնակիչներին պատկանող դաշտերում։