Բաժիններ՝

Ինչո՞ւ է արժեզրկվում դոլարը. տնտեսագետը թվարկում է պատճառները

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. վերջին մեկ տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 22 տոկոսով՝ իր հետ բերելով տնտեսական, սոցիալական հետևանքներ: Ստեղծված իրավիճակում առաջին հարվածն իրենց վրա կրում են արտահանողները. հայկական ապրանքները դրսի շուկաներում թանկանում են, ինչն էլ հանգեցնում է պահանջարկի նվազման։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց արտարժույթի արժեզրկման երկու հիմնական պատճառները:

«Հիմնականում երկու ուղղութամբ գործոններ կան. առաջինն արտաքին պատահական գործոնն է, որը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով. 2022 թվականին միայն շուրջ 4 անգամ ավելի արտարժույթով դրամական փոխանցումների զուտ ներհոսք են ունեցել մեր երկիր, ինչը շարունակվում է նաև 2023 թվականին: Սա բերում է ազգային արժութային շուկայում արտարժույթի առաջարկի ավելացման և ազգային արժույթի արժևորման:

Երկրորդ գործոնը պայմանավորված է Կենտրոնական բանկի քաղաքականությամբ. ըստ էության, բարձր գնաճային ֆոնին ԿԲ-ն՝ որպես գնաճի կառավարման սահմանադրական մարմին, արձագանքում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումով, փողի թանկացման քաղաքականությամբ, ինչը ևս բերում է ազգային արժույթի արժևորման»,- մանրամասնեց տնտեսագետը:

Կարդացեք նաև

Թադևոս Ավետիսյանն արձանագրեց՝ շուրջ երկու տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկնապատկվել է:

«Չնայած միջազգային շուկաներում՝ հատկապես պարենային շուկայում, արդեն կա էական գնանկում, գնաճի տեմպերի նվազում, բայց մենք դեռևս ականատես չենք, որ, օրինակ, ԿԲ-ն թուլացնում է իր դրամավարկային կոշտ քաղաքականությունը»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ թվարկած գործոնների հետագա թուլացումը կբերի դրամի արժեզրկման: Տնտեսագետը, սակայն նկատեց՝ հատկապես առաջին՝ արտաքին գործոնն ունի ռիսկեր, քանի որ դրա վերանալու պարագայում դրամի արժեզրկման լուրջ ճնշումներ են լինելու:

Տեսանյութեր

Լրահոս