«Եթե որևէ մեկն իլյուզիաներով մտածում է, թե Արցախը տանք՝ փրկվենք, չի լինելու նման բան». Դավիթ Բաբայան

Ապրիլի 4-ի երեկոյան Արցախի ճանապարհը փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» կրկին դիմել են սադրանքի՝ թույլ չտալով արցախցիներին մտնել Արցախ։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել նրանց մուտքը։

Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։

Խաղաղապահները շտապ օգնության մեքենայով նրանց տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից այսօր հայտնել էին, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխված քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքն ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով ադրբեջանցիների սադրանքների մասին,  ասաց, որ նախևառաջ չպետք է կտրվել իրականությունից և ուրիշ բան սպասել Ադրբեջանից, դա  լավագույն դեպքում կլինի միամտություն։

«Ադրբեջանում հայատյացությունը դարձել է ադրբեջանցիների ոչ միայն գաղափարախոսությունը, այլև կրոնը, նրանք նույնիսկ իրենց սեփական կրոնից են հեռացել։ Նույնիսկ իսլամը որևէ մեկին թույլ չի տալիս նման ձևի զզվելի պահվածք ցուցաբերել՝ կանանց և երեխաներին դուրս բերել, հայհոյել, զենքով զինված սպառնալ անզեն կանգնած երեխաներին ու կանանց։ Նրանք իսկապես փորձում են մեզ ծաղրել ու նվաստացնել, բայց չի ստացվելու, ժամանակն ամեն ինչ դնելու է իր տեղը, ուղղակի այս պահին մենք պետք է կրենք այս ծանր բեռը։ Մեկ է՝ մենք կանգնելու ենք մինչև վերջ, թող որևէ մեկը չմտածի, իսկ ով նման պահվածք է ցուցաբերում, լավ ավարտ չի ունենալու, ուշ թե շուտ, կրկնում եմ՝ ամեն ինչ գալու է իր տեղն ընկնի։ Բայց ինչ տեղի ունեցավ, հայատյացության, նացիզմի, ատելության, խտրականության լավագույն դրսևորումն է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Մեր զրուցակիցը համոզված է, որ ադրբեջանցիները վաղն էլ նույնը կարող են անել Արցախից Հայաստան գնացող մարդկանց նկատմամբ, որովհետև նրանց մոտ ատելությունը հայության նկատմամբ անսահման է։

«Որևէ մեկը թող իլյուզիաներով չտառապի, նրանք Արցախը Երևանից չեն տարբերում, եթե որևէ մեկն իլյուզիաներով մտածում է, թե Արցախը տանք՝ փրկվենք, չի լինելու նման բան։ Աստված չի փրկելու, նման պահվածքի համար պատժելու է։ Այդ պատճառով էլ պետք է կանգնենք, չկոտրվենք, հասկանանք՝ ում հետ գործ ունենք։ Սրանք ատելությամբ լի են, հիվանդ հասարակություն է, որովհետև ատելությունը հիվանդության մի ձև է, ինչը նրանց համար, կրկնում եմ՝ պետական կրոն է։ Աշխարհը լուռ ու մունջ է, պապանձված, ընդհակառակը՝ գովաբանում են Ալիևին, ասում են՝ լավ գործընկեր է և այլն։ Հարվածները Ռուսաստանի դեմ են, Ռուսաստանն էլ սրան այլ կերպ պետք է վերաբերվի, որովհետև այն, ինչ տեղի է ունենում՝ ոտնահարում է  արդեն, ծաղրանք է, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհի դեմ»,- նշեց Դ. Բաբայանը։

Նրա դիտարկմամբ՝ աշխարհը լավ է հասկանում, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, և նրանք, ովքեր արցախահայությանն ասում են՝ ինտեգրվեք Ադրբեջանի կազմ, նրանք չեն ցանկանում, որպեսզի Արցախը լինի։

«Իրենք չգիտե՞ն, թե ինչ է  նշանակում այդ ինտեգրացիան՝ համակենտրոնացման ճամբարներ, ոչնչացում, սպանություններ և այլն, շատ լավ գիտեն։ Այն ուժերը, որոնք ասում են՝ ինտեգրվեք, նրանց նպատակն Արցախի ոչնչացումն է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ արդեն 115-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։

Դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին ունեցած տեղեկություններով՝ ավելի քան 250 բուժառու է տեղափոխվել Ստեփանակերտից Երևան:

Տեսանյութեր

Լրահոս