«Դուխը տեղն է, ոնց որ միշտ եղել է, ամեն ինչ նորմալ է». Գրիգորի Խաչատուրովի փաստաբան

ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ վճռաբեկ բողոքն արդեն մուտք է արվել, դրա ընդունվելու մասին մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի: Այս մասին 168.am-ին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Գեներալին կալանավորելու որոշումը կայացվել էրմարտի 16-ին:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն էր նման որոշում կայացնողը: Նա համարել էր, որ ազատության մեջ Գրիգորի Խաչատուրովը կխոչընդոտի քննությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Կարդացեք նաև

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում փողերի լվացման մեջ:

Այս գործին առնչվող փաստաբաններ Հակոբ Ենոքյանը և Միհրան Պողոսյանը այն համարում են կարված,ինչը հիմնավորող փաստեր էին ներկայացրել մարտի 20-ին հրավիրված ասուլիսում:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրակցված տարածքի կամ հաշվեկշռում եղած հողի նպատակային նշանակությունը չի փոխվել և նոր օտարվել, ի՞նչ կարգով դա պիտի արվեր, ըստ էության, հարցը շրջանցել էր:

«Ուրեմն բոլոր հողերի օտարումներն իրականացվել են Զինված ուժերի օպտիմալացման շրջանակներում: Օպտիմալացում նշանակում է՝ Զինված ուժերի խնդիրները համապատասխանեցնել իրականությանը և ձերբազատվել այն ավելորդություններից, որոնք որ կան և ավելորդ ծախսեր են: Որքան ես հիշում եմ, այդ ամեն ինչը իրականացվել է ՀՀ-ում գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում»,- ասել էր նա:

Իսկ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը մեզ նաև հայտնեց, որ գեներալի առողջական վիճակը նորմալ է, ոչ մի բանից չի բողոքում:

«Դուխը տեղն է, ոնց որ միշտ եղել է, ամեն ինչ նորմալ է»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս