Խաչատուրովի դեմ գործը ԿԱՐՎԱԾ է. ստում են, գենետիկ անհանդուրժող են թուրքին հաղթածների նկատամբ. ՈՒՂԻՂ

Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ի դեմս նոփ-նոր պաշտոնեական առաջխաղացում ունեցած Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանի, բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

Փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը: Այսօր այդ գործին առնչվող փաստաբաններ Հակոբ Ենոքյանը և Միհրան Պողոսյանը Փաստաբանների պալատում հանդես եկան ասուլիսով, որի ընթացքում մանրամասներ ներկայացրեցին՝ ինչպես վարույթի էությունից, դրա ընթացքից, այնպես էլ՝ Գրիգորի Խաչատուրովին առնչվող քաղաքական այլ շարժառիթների մասին:

«Մենք տեսանք, որ երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի  7-ին Ազգային ժողովում (ԱԺ) Սեյրան Օհանյանի անձեռնխելիությունը հաղթահարելու հարցով հաղորդումն էր ներկայացնում, գլխավոր դատախազին 12 հարց տրվեց, որոնցից 9-ը Գրիգորի Խաչատուրովի մասին էր: Առաջինն Ալեն Սիմոնյանն էր, ով ասաց, որ զորամասը վեր է ածվել գումարի: Այն մարդիկ, ովքեր այս քրեական վարույթի ընթացքում կպնդեն, որ զորամասը վեր է ածվել գումարի, կամ տեղյակ չեն գործի նյութերից, կամ միտումնավոր են դա անում: Զորամաս ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա տեսանյութերով, կոնկրետ հարցուպատասխաններով հիմնավորեց իր ասածը:

«Գլխավոր դատախազը պնդում է, որ օտարվել է զորամաս: Զորամաս, կրկնում եմ, չի եղել, զորանոցային պայմաններ այդ շենքում չեն եղել: Եթե սա զորամաս է եղել, թող ԱԺ պատգամավորները, ովքեր բողոքում են զորանոցներ չլինելուց, թող գնան ու փորձեն այդտեղ քնել: Սա եղել է ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել: Գրիգորի Խաչատուրովը դրան առնչություն չի ունեցել: Վերջին 5 տարում օտարվել է ՊՆ-ին պատկանող 71 տարածք: Այսինքն՝ սա օրենքով արգելված չէ»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ սա արվում է Գրիգորի Խաչատուրովին պախարակելու համար, որովհետև հասարակական ընկալումներում այլ բան է, որ ասես՝ ՊՆ-ին պատկանող տարածք է վաճառվել, բոլորովին այլ բան, երբ ասում են, որ զորամաս է վաճառվել:

Փաստաբանը փաստաթղթերով ներկայացրեց, որ այդ տարածքը ՀՀ-ի ողջ պատմության մեջ երբևիցե որպես զորմաս չի ծառայել:

«Աննա Վարդապետյանը մոռանում է՝ ինչ պաշտոն է զբաղեցնում: Գլխավոր դատախազությունը ոչ թե մեզ պետք է ասի՝ փաստաթղթեր բերեք՝ զորամաս է, թե չէ, այլ իրենք պետք է քննությամբ ապացուցեն, որ դա եղել է զորամասի տարածք»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Հակոբ Ենոքյանն էլ ներկայացրեց ՊՆ-ի կողմից օտարվող թույլատրելի հողամասերի վերաբերյալ գործարքի ընթացակարգը:

«ՊՆ-ն լիազորություն է տալիս, որ հողերը վաճառեն: Մինչև օտարելը պետք է հողի նպատակային նշանակությունը փոխել: Տվյալ դեպքում այդ հողերը պաշտպանական նպատակով են: Բազմաթիվ են դեպքերը, երբ փոխվել է հողի նպատակային նշանակությունը, ու դրանք վաճառվել են, և այստեղ ոչ մի խնդիր չկա: Այսինքն՝ այդ տարածքը կարող էր վաճառվել, պարզապես նախ պետք է փոխվեր այդ հողի նպատակային նշանակությունը»,- ասաց Հակոբ Ենոքյանը՝ շեշտելով, որ այս համատեքստում բոլորովին կապ չունի՝ ում է օտարվել գույքը, ում անունով է ձևակերպվել:

«Ես այդ հարցը նաև քննության ընթացքում եմ տվել դատախազին: Գույքը Գրիգորի Խաչատուրովինն էր, թե ոչ, ենթադրյալ փողերի լվացման հանցակազմի համար ոչ մի նշանակություն չի եղել: Որովհետև դատախազը, ի պատասխան իմ հարցի, ասաց, որ եթե անգամ Գրիգորի Խաչատուրովի անունով էլ լիներ գույքը, այս վարույթը, միևնույն է, հարուցվելու էր: Այսինքն՝ իրավական տեսանկյունից դա ոչ մի նշանակություն չուներ»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Միհրան Պողոսյանը հավելեց՝ որևէ խոչընդոտ չկար, որ Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը այլ անձի անունով գրանցեր:

«Բացի դրանից, դա, ինչպես արդեն Հակոբ Ենոքյանը նշեց, այս գործի համար ոչ մի նշանակություն չուներ, և երրորդ՝ եթե նպատակ կար Գրիգորի Խաչատուրովի կողմից այդ գույքը թաքցնել, ապա ի՞նչ իմաստ կար գույքը իր անունով գրավ դնել ու բացահայտել իրական գնորդին: Այս հարցը նաև գլխավոր դատախազին եմ ուղղում, ով ԱԺ-ում պնդում էր, որ այլ անձի անունով Գրիգորի Խաչատուրովի կողմից ձեռք բերված գույքը գրանցելը ունեցել է իրական շահառուին թաքցնելու նպատակ»,- ասաց փաստաբանը:

Միհրան Պողոսյանն ասաց՝ Աննա Վարդապետյանը քաջ տիրապետում է այն փաստին, որ 18 միլիոն դրամ գոյություն չունի:

«Նրա ներկայացրած պնդումները սուտ են: Նա ԱԺ-ում ասաց, որ չգիտեն՝ ուր է գնացել օտարումից ստացված այդ 18 միլիոնը, և, որ քննություն պիտի անեն այդ մասով: Ի դեպ, այդ քննությունը մինչ այժմ չեն արել: Իսկ իրականությունն այն է, որ Գրիգորի Խաչատուրովը իր բնակարանը գրավադրել է, ստացել 18 միլիոն դրամ վարկ՝ տուն ձեռք բերելու համար: Նրան տվել են վարկային գիծ՝ 12 միլիոն դրամի չափով: Գրիգորի Խաչատուրովն առձեռն այդ գումարը չի ունեցել, այլ միանգամից փոխանցվել է այն անձի հաշվեհամարին, ումից Խաչատուրովը պատրաստվում էր գնել նոր բնակարանը: Այս փաստը ձեռքի տակ ունեցող Աննա Վարդապետյանը ո՞նց է իրեն թույլ տալիս ԱԺ-ում ասել, որ պարզ չէ՝ այդ գումարն ուր է գնացել»,- Աննա Վարդապետյանին ստախոսության մեջ մեղադրեց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հակոբ Ենոքյանի խոսքով՝ օտարված հողամասի տարածքը գրավադրվել է՝ որպես լրացուցիչ գրավ:

«Հողամասը ձեռք է բերվել Գրիգորի Խաչատուրովի մտերիմ ընկեր, հարազատ Էդգար Արշակյանի կողմից, ու վերջինս միշտ պատրաստակամ է եղել իր ընկերոջ համար գրավադրել նաև այլ, իրեն պատկանող գույքեր: Փողերի լվացման հիմնական հատկանիշը գույքի իրական էությունը խեղաթյուրելն է: Այստեղ նման բան չկա, նույնիսկ գույքի նպատակային նշանակությունը մինչև հիմա փոխված չէ: Այս գույքը 14 տարվա մեջ նույնիսկ գումարի չի վերածվել, ինչը շատ հանգիստ կարող էր արվել: Եթե գույքը գրավադրեին, գումարը վերցնեին, չվճարեին, ու գույքը մնար բանկին, կլիներ դասական փողերի լվացում, բայց այս գույքը գրավից ազատ է, որովհետև Խաչատուրովը կատարել է իր վարկային պարտավորությունները ժամանակին»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Միհրան Պողոսյանը Աննա Վարդապետյանի ևս մեկ սուտը բացահայտեց:

«Հարգելի տիկին Աննա Վարդապետյան, դուք ասում եք, որ այդ գույքը փաստացի պատկանում է Գրիգորի Խաչատուրովին: Դուք փաստացի տիրապետում եք մարդկանց բանկային գաղտնիքներին, գիտեք, որ այդ գույքը Գրիգորի Խաչատուրովին փաստացի չի պատկանում, ու նման բան եք հայտարարում: Նրա հայտարարության մեջ փետրվարի 7-ի դրությամբ, բացի Աննա Վարդապետյանի անձից, ոչ մի իրական բան չկա: Ինչո՞ւ եք ստում… ԱԺ-ի 12 հարցերից 9-ը, կրկնում ենք, Խաչատուրովի մասին է, 9 պնդումն էլ՝ սուտ: Ո՞րն է նպատակը, ինչո՞ւ եք հանրությանը սուտ մատուցում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Ըստ նրա՝ այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած ցանկացած անձի նկատմամբ. այստեղ այլ տարբերակ չկա:

«Գործ կարելը պոզով-պոչով չի լինում: Փաստացի Էդգար Արշակյանին պատկանող գույքը գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը: Էդ գույքը ոնց 2006թ. կար, այնպես էլ կա հիմա: Ո՞ւր է այստեղ փողերի լվացումը: Նախկինում մարդկանց գրպանը թմրանյութ էին գցում, հիմա հող են գցում»,– ասաց Միհրան Պողոսյանը:

Հարցին՝ արդյո՞ք Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում այն բանի համար, որ պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փաստաբանն ասաց՝ Խաչատուրովի դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել:

«Գրիգորի Խաչատուրովը մի բանը մի անգամ է ասում: Եթե նա ասում է, որ ծառայում է ՀՀ-ին, ուրեմն ծառայում է ՀՀ-ին: Եթե ասում է, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ուրեմն դա այդպես է, ու տեսնում ենք, որ այդպես է: Գործը հարուցվել է 2021թ.: Եվ հե՛նց դրանից առաջ՝ 2021թ.-ին է Գրիգորի Խաչատուրովը պահանջել Փաշինյանի հրաժարականը: Այո՛, այստեղ քրեաիրավական հանցակազմ չկա: Այո՛, մենք պնդում ենք, որ նրա նկատմամբ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթ ու անձնական մոտիվ»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Հակոբ Ենոքյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ 10 ամսից այս հանցակազմի վաղեմության ժամկետը լրանում է:

«Մինչև այս գործով օրինական ուժի մեջ մտած վճիռ լինի, այդ ժամկետը կլրանա: Ես չեմ ասում՝ Խաչատուրովն օգտվելու է դրանից, բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ չօգտվի, համապատասխան վերդիկտի պայմաններում դա համարվելու է պատիժ: 2023թ. մարտի 16-ի ժամը 14:50-ից սկսած՝ Գրիգորի Խաչատուրովը պատիժ է կրում: Վերաքննիչ դատարանն ասում էր՝ պետք է ապացույցներ հավաքեն: Է, թող հավաքեն, պարտադիր է մարդը կալանքի տա՞կ լինի»,- տարակուսեց Հակոբ Ենոքյանը:

Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ ցուցմունք չկա:

«Գտել են մի հովիվ, ով ասել է, որ լսել է, որ տարածքը պատկանում է Գրիգորի Խաչատուրովին: Երբ նրան հարցրել են՝ ի՞նչ գիտես, եկել-գնացե՞լ է Խաչատուրովը, ասել է՝ ոչ, մի մահացած մարդ կա, ով իրեն ասել է այդ մասին…  Այսինքն՝ այդ հողը Խաչատուրովի գրպանը գցում են մահացած մարդու օգնությամբ»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդմանն ու խտրական վերաբերմունքին, փաստաբաններն ասացին՝ այս գործով մեկ այլ մեղադրյալ կա, բայց նա և առհասարակ այս գործով որևէ մեկը կալանավորված չէ, բացի Գրիգորի Խաչատուրովից:

«Բացարձակ նույն մեղադրանքն է: Նույնիսկ կալանքի միջնորդություն չի ներկայացվել: Ո՞րն է այս խտրական մոտեցման պատճառը»,- ասացին նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս