Հիմա ես էլ եմ ասում՝ թող այդ հրթիռները տանեն փորձաքննության. Սեյրան Օհանյան
Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել:
Նա մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը:
Ըստ նրա, Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, վերջինս իբր 18 մլն դրամով գրավադրել է։
Այս գործի շրջանակում 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կալանավորված է:
Այդ գործին առնչվող փաստաբաններ Հակոբ Ենոքյանը և Միհրան Պողոսյանը լրագրողներին օրերս հստակ հիմնավորումներ էին ներկայացրել՝ ապացուցելու դրա «կարված» լինելը:
Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն անդրադարձել էր ՊՆ-ի կողմից օտարվող թույլատրելի հողամասերի վերաբերյալ գործարքի ընթացակարգին:
«ՊՆ-ն լիազորություն է տալիս, որ հողերը վաճառեն: Մինչև օտարելը պետք է հողի նպատակային նշանակությունը փոխել: Տվյալ դեպքում այդ հողերը պաշտպանական նպատակով են: Բազմաթիվ են դեպքերը, երբ փոխվել է հողի նպատակային նշանակությունը, ու դրանք վաճառվել են, և այստեղ ոչ մի խնդիր չկա: Այսինքն՝ այդ տարածքը կարող էր վաճառվել, պարզապես նախ պետք է փոխվեր այդ հողի նպատակային նշանակությունը»,- նշել էր նա՝ շեշտելով, որ այս համատեքստում բոլորովին կապ չունի՝ ում է օտարվել գույքը, ում անունով է ձևակերպվել:
168.am-ն այս առնչությամբ և հրթիռների գործով մի քանի ճշտումներ փորձեց անել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից, որով ևս անցնում է նա:
– Պարոն Օհանյան, ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրակցված տարածքի կամ հաշվեկշռում եղած հողի նպատակային նշանակությունը չի փոխվել և նոր օտարվել, ի՞նչ կարգով դա պիտի արվեր:
– Ուրեմն բոլոր հողերի օտարումներն իրականացվել են Զինված ուժերի օպտիմալացման շրջանակներում: Օպտիմալացում նշանակում է՝ Զինված ուժերի խնդիրները համապատասխանեցնել իրականությանը և ձերբազատվել այն ավելորդություններից, որոնք որ կան և ավելորդ ծախսեր են: Որքան ես հիշում եմ, այդ ամեն ինչը իրականացվել է ՀՀ-ում գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում:
– Ինչո՞ւ նշանակությունը չի փոխվել, հետո՝ նոր օտարվել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանային:
– Ես արդեն ասացի… արվել է դա:
– Անցնենք մյուս թեմային. երբ հրթիռների գործը հարուցվեց, Դուք մի շարք լրատվամիջոցների ասել էիք, որ ռազմամթերքի խմբաքանակի մոտ 30 տոկոսն է միայն ընդունվել, և հավելել էիք.
«2011 թվականին մնացած 70 տոկոսը նպատակահարմար չենք գտել ընդունելու, որովհետև պիտանելիության, անսարք լինելու հետ խնդիրներ են եղել: Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում, և եթե նույնիսկ ինքը չխնդրեր էլ, մենք իրավունք չունեինք այդ հրթիռները տալ իրեն, մինչև որ ինքը չունի երկրորդ թույլտվությունը` լիցենզիան` տարանցիկ փոխադրմամբ այլ երկիր տանելու, վաճառելու»:
«Անպիտան հրթիռների» գործով անցնողները, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պնդել է , որ հրթիռները կիրառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, որ ՊՆ-ն որևէ խնդիր չի տեսել որակի հետ կապված, և, որ իշխանություններն էլ մինչ օրս չեն կարողացել ապացուցել այդ հրթիռների ոչ պիտանի լինելը, չեն համաձայնել փորձաքննության անցկացման առաջարկներին:
Դուք հիմա ևս այս գործով եք անցնում, ի՞նչ եք փորձելու ապացուցել, երբ ժամանակին մոտ 70 տոկոսը դրանց անորակ եք համարել («Ազատության» տեսանյութ, 8 հոկտեմբեր, 2021թ.):
– Երբ որ դա ասել եմ, ես ասել եմ՝ հավանաբար, այսինքն, հավանաբար բառն եմ օգտագործել: Եվ նախևառաջ իմ տված հարցազրույցը դոգմա չի, քանի որ այն ժամանակ ինձ վրա քրեական գործ չկար հարուցված: Ես ասել եմ՝ հավանաբար, և իմ տված հարցազրույցի համար հիմք են հանդիսացել 1-2 փաստաթուղթ և քննիչի կողմից հարցադրումների ձևը: Այսինքն, ես պատասխանել եմ՝ ելնելով քննիչի կողմից ինչ-որ փաստաթղթեր ցույց տալուց և նրա հարցադրումների բնույթից:
– Հիմա գտնում եք, որ այդ հրթիռները, այսպես ասած, որակյա՞լ են եղել, խնդիր չկա՞:
– Ես էլ եմ հիմա ասում՝ առաջինը թող դիմեն փորձաքննության, և երկրորդը, քանի որ ինձ վրա էլ է քրեական գործ հարուցված, գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ պատասխանի: Ես կարող եմ ասել, որ Զինված ուժերի գնումներն իրականացվել են ընթացակարգերի համաձայն: Որքան ես գիտեմ՝ այդ հրթիռների որակի հետ կապված խնդիրներ չկան: Առայժմ այդքանը կարող եմ ասել: Նորից եմ ասում, որ ես էլ եմ համաձայն՝ թող տանեն փորձաքննության: