Շիրակի մարզպետը պետության միջոցներով քաղաքացիների խնդիրների լուծումը ծախում է՝ որպես ՔՊ-ի կողմից լավություն
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարտի 28-ին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է կատարել այն մասին, որ աշխատանքային օրվա ավարտին հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ:
Նշել էր նաև, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին սոցիալական, առողջապահական, բնակարանային և զբաղվածության խնդիրներին, որոնցից որոշ հարցերի տեղում տրվել են լուծումներ, իսկ մնացած հարցերը համապատասխան ընթացք կստանան։
Սա կլիներ սովորական ռելիզ, եթե Մուշեղ Մուրադյանը չգրեր, որ հանդիպումն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, և, որ բնակիչների խնդիրները մշտապես լինելու են իրենց կուսակցության ուշադրության կենտրոնում:
Շիրակի մարզը նախկինում ունեցել է Հանրապետական և Դաշնակցական մարզպետներ: Հետաքրքիր է՝ երբևէ նրանց մտքով անցե՞լ է, որ նրանք մարզի քաղաքացիների հետ հանդիպումը կազմակերպեն հարազատ կուսակցության գրասենյակում:
Սա, բացի իրավաքաղաքական բաղադրիչից, ունի նաև բարոյական կողմ:
Այսինքն՝ մարդկանց խնդիրներին լուծում ես տալիս պետության փողերով, ՀՀ քաղաքացիներից հավաքագրած հարկերով, սակայն դա նույն այդ քաղաքացիների վրա ծախում ես՝ որպես ՔՊ-ի կողմից բնակիչների խնդիրների նկատմամբ դրսևորվող ուշադրություն:
Իհարկե, մարզային բնակիչներին այս եղանակով ՔՊ-ի տարածք մտցնելն ունի հստակ քաղաքական նպատակ, և դա իրագործվում է անշեղորեն, սակայն մարզերի բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ մարզպետն իրենց հետ պետք է հանդիպի մարզպետարանում, մարզի որևէ բնակավայրում, ինչ-որ միջոցառման ժամանակ ինչ-որ դահլիճում, որտեղ ասես, բայց ոչ կուսակցության գրասենյակում, որովհետև կուսակցության գրասենյակում կազմակերպված հանդիպումները մարզի բնակիչներին ուղղորդելու հստակ նպատակ ունեն:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իր տեսակի մեջ հոգեորսություն, երբ օգտվելով մարդկանց սոցիալական նեղ վիճակից, խնդիրների առկայությունից, երբեմն՝ անելանելիությունից, նրանց գիտակցաբար ներքաշում ես կուսակցական դաշտ ու ստիպում, որ վերջիններս իրենց պարտավորված զգան:
Բարոյական որևէ սահման չունեցող այս իշխանության ու նրա առանձին ներկայացուցիչների համար, իհարկե, վերոգրյալը ոչ մի նշանակություն չունի, և դրա համար մեր շարունակական անկման ընթացքը կանգնեցնելու միակ իրավատերն ու պատասխանատուն մնում է ՀՀ քաղաքացին, այդ թվում՝ մարզի բնակիչն ու նրա իրավագիտակցությունն ու տրամաբանելու կարողությունը, ով այդ օգնությունն ընդունելուց առաջ պիտի մի պահ մտածի՝ իսկ մարզպետն ինչո՞ւ է ՔՊ-ի գրասենյակում դա կազմակերպում:
Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, ի պաշտոնե իրեն օրենքով վերապահված գործառույթների իրականացումը որպես «լավություն»՝ ծախում է քաղաքացիների վրա:
Ավելին, մարզերի՝ 44-օրյա պատերազմում զավակ կորցրած շատ ծնողների, ովքեր օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն և պետք է ստանան իրենց որդիների չապրած կյանքի համար պետության նախատեսած փոխհատուցումը, վստահ են, որ չեն ստանա այդ գումարները, եթե իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանը չլինի:
Դա, իհարկե, ստոր սուտ է, որը ՔՊ-ական տարատեսակ մանր ու մեծ գործիչներ ներդրել են մարդկանց մեջ:
Իրականությունն այն է, սակայն, որ 2016թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին:
Որդեկորույս ծնողները պետք է իմանան՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, որևէ իշխանություն չի կարող այդ գումարները չվճարել շահառուներին: Դրանց չափն ու վճարման կարգը սահմանված է «Զինծառայողների ապահովագրության մասին» օրենքով, իսկ օրենքի չկատարումը նախատեսում է պատասխանատվություն:
Այնպես որ, պետք չէ տրվել այն մանիպուլյացիաներին, թե եթե չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մարդիկ այդ գումարները չեն կարող ստանալ:
Այդ գումարները տրվում են բոլորիս, կրկնում եմ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներիս վճարած հարկերից: ՀՀ քաղաքացիները որպես հարկատեսակ են վճարում այդ հիմնադրամին տրվող գումարները: Դա օրենքի պահանջն է:
Իհարկե, հասկանալի է, որ շատերն ունեն այդ գումարի կարիքը, և արդարացիորեն այն պետք է տրվի բոլոր շահառուներին, բայց այդ գումարները տրվելու են՝ անկախ օրվա իշխանության ով լինելուց: