Տեսա՞ք՝ ոնց հանձնեց Արցախն ու մնաց իշխանության. նրա համար Արցախն է, թե Սյունիքը՝ տարբերություն չկա. Կարեն Բեքարյան

Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որի ընթացքում ընդունվել է Հռչակագիր։ Ինչպես հայտնում են Հայաստանի Կառավարությունից, «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին, ուստի Հայաստանը Հռչակագրին միացել է վերապահումով։

168 TV«Ռեվյու» հաղոդրաշարի եթերում, անդրադառնալով այդ գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությանն ու հատկապես ելույթին, որ 120 երկրի ղեկավարների ներկայությամբ Հայաստանի և Արցախի մարտահրավերները ներկայացնելու փոխարեն՝ ժողովրդավարության ինդեքսից էր խոսում, վերլուծաբան Կարեն Բեքարյանը նշեց.

«Նախ պետք է հիշել, որ այս գագաթնաժողովն ավելի լայն գործընթացի բաղկացուցիչ մաս է կազմում, որին մասնակցության նպատակը մեկն է՝ սեփական հանրությանը ասել, թե հանուն ժողովրդավարության կարելի է ամեն ինչ զիջել և հանձնել։

Այս ուղերձն էլ նա հղեց աշխարհին։ Ունեցած ժամանակի ամեն մի վայրկյանը շատ լուրջ գին ուներ, ուստի պետք էր աշխարհին ներկայացնել ամենակարևորը, մինչդեռ նա ելույթի ժամանակահատվածն օգտագործեց Հայաստանի և Արցախի համար օրակարգ չհանդիսացող հարցերի բարձրաձայնման վրա։ Ընդամենը բարի ցանկություններ ու կենացներ էին, ոչ ավելին»։

Կարդացեք նաև

Ըստ Բեքարյանի՝ սա անելու փոխարեն՝ պետության շահը ներկայացնող գործիչը պետք է, օրինակ, խոսեր այն մասին, որ Ադրբեջանը մինչև հիմա չի կատարում Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը, փոխարենը՝ տեսանք շնորհակալանքի խոսքեր, թեև դրանից հետո էլ հարց է առաջանում՝ այդ շնորհակալությունով դադարեցրե՞լ է Ադրբեջանը օկուպացնել Հայաստանի տարածքները, թե՞ այն շարունակվում է։

«Հումանիզմի ամենաէական հարցերից մեկը՝ մեր գերիները, որտե՞ղ էին այս հարցերի անդրադարձը կամ ադրբեջանական զորքի հերթական առաջխաղացման մասին բարձրաձայնումը»,- ասաց Բեքարյանը՝ ընդգծելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ ընտրել է Արևմուտքը, և այս գագաթնաժողովն օգտագործեց ընդամենը հավատարմության երդում տալու համար։

«Երախտագիտություն է հայտնում այն պարագայում, երբ համատեղ Հռչակագրում մեր խնդիրներին առնչվող մեկ նախադասություն անգամ չկա։ Ո՞ւր է այն աշխատանքը, որի արդյունքը պետք է բերեր մասնակից երկրների կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ գնահատականի, չկա, բառ անգամ չկա Հռչակագրում»,- ասաց վերլուծաբանը՝ շեշտելով՝ կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործ ունենք ոչ թե պետության անվտանգության պահպանմամբ, այլ բացառապես սեփական իշխանության ամրապնդմամբ զբաղվողների հետ։

Ինչ վերաբերում է հայկական պետությունների տարածքները շարունակաբար կրճատող իշխանության քաղաքական երկարակեցության պատճառներին, ապա Բեքարյանը շեշտեց՝ դա պայմանավորված է նրանով, որ այդ իշխանությունը մեկ անգամ արդեն համոզվել է՝ կարող է հանձնել Արցախն ու դա մարսել։

«Տեսա՞ք՝ ոնց մնաց իշխանության՝ հանձնելով Արցախը. առ այսօր գնում է դա մարսելու ճանապարհով։ Ունի այդ փորձը, համոզվեց՝ հնարավոր է, իսկ նրանց համար տարբերություն չկա՝ Արցախը, թե Սյունիքը»,- ասաց Բեքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս