Ես նույնիսկ չգիտեմ՝ արդյո՞ք Փաշինյանը հասկանում է, թե՞ իրեն էլ են մանիպուլացնում. Հրանտ Բագրատյան
«Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Գիտեք նաև՝ խնդիր ենք առաջադրել 2023 թվականին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»,- սա տնտեսության առկա վիճակի մասին Վիճակագրական կոմիտեի և Նիկոլ Փաշինյանի տեսակետն է, որը նա հանրայնացրել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները՝ «ավետելով» մեր տնտեսության հերթական առաջընթացի մասին, ըստ որի՝ հունվար-փետրվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ:
Տնտեսության մասին ոչ պաշտոնական, մասնագիտական տեսակետները, սակայն, այդքան լավատեսական չեն:
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հակիրճ ներկայացրեց մի վիճակագրություն, որի մասին լռում է Նիկոլ Փաշինյանը. «5 տարի ինքն ասում է՝ տնտեսությունն աճել է, բայց այդ հինգ տարում՝ 2018-2023 թվականներին, նա տնտեսությունը կարողացել է աճեցնել ընդամենը 26 տոկոսով, այդ հինգ տարում թոշակառուների թոշակը բարձրացել է ավելի քիչ, քան գները, ինչի հետևանքով թոշակառուներն ապրում են 9 տոկոս ավելի վատ:
Այդ հինգը տարում կյանքի միջին տևողությունը նվազել է 4 տարով. այսօր մենք գտնվում ենք պատմական մինիմումի մեջ, երբ կյանքի միջին տևողությունը 76 տարուց դարձել է 72 տարի: Սրանք Փաշինյանի պաշտոնական թվերն են»:
Հրանտ Բագրատյանը շեշտեց նաև՝ աճերը, որոնց պարբերաբար հղում են տալիս իշխանություններն ու Փաշինյանը, ստանում են ծառայությունների ոլորտում, հատկապես՝ ֆինանսներում և բանկերում:
«Դրանից ժողովրդին ոչինչ չի հասնում, և իրականում ոչ ոք էլ չգիտի՝ այնտեղ աճ կա՞, թե՞ ոչ: Այդ խաղերը, այդ մանիպուլյացիան շարունակվում է. ես նույնիսկ չգիտեմ՝ արդյո՞ք Փաշինյանը հասկանում է, թե՞ իրեն էլ են մանիպուլացնում»,- մեկնաբանեց տնտեսագետը: