
Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններում հիմնական պայքարը Արմեն Հակոբջանյանի և Ջիվան Մարգարյանի միջև է

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարին այս անգամ մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածու Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սիսիանի 34/01 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեն 1852 քաղաքացի։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Խաժակ Գևորգյանը
168.am -ին ասաց, որ սպասում են ընտրողների ակտիվ մասնակցություն, վստահ է, որ ընտրողների 50-60 տոկոսը կմասնակցի քվեարկությանը ։ Նա նաև ասաց, որ կեսօրից հետո են ակնկալում ընտրողների մեծ ակտիվություն։
Ի դեպ, Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ընտրությանը մասնակցելու է հենց 34/01 ընտրատեղամասում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքերով ոչ մի ուժ չհավաքեց իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ 51 տոկոսը։
Ըստ վերլուծությունների, այս անգամ հիմնական պայքարը ծավալվելու է ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի և ՀՀԿ-ական Ջիվան Մարգարյանի միջև։