Ո՞վ է իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից բյուջե փոխանցված միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվեքննությունը և ի՞նչ է պարզել
Մեկ ամիս առաջ 168.am-ն անդրադարձել էր Համահայկական հիմնադրամի՝ միլիարդավոր դրամների ոդիսականին՝ տեղեկացնելով, որ Հաշվեքննիչ պալատն ավարտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը, սակայն հաշվեքննության արդյունքները գաղտնի են պահվում:
«Պետական գաղտնիք է պարունակում. հրապարակման ենթակա չէ»,- մեզ հետ զրույցում վերահաստատել էր Հաշվեքննիչ պալատի Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը՝ հավելելով, որ հաշվեքննությունը սահմանված կարգով ուղարկվել է կառավարություն և Ազգային ժողով:
Պարզվում է՝ այս ամսվա սկզբին ՀՊ-ն արտահերթ նիստ է անցկացրել, և հաստատել ու հանրայնացրել է հիմնադրամի կողմից պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:
Ամփոփագրից տեղեկանում ենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դրամահավաք կազմակերպելու համար, որն ընդունվել է հիմնադրամի կողմից և նախաձեռնվել է «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավ: Հավաքագրված դրամական միջոցներից հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 08.10.2020 թվականից մինչև 01.11.2020 թվականը կայացված թվով 9 որոշումներով և «Ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար»` նվիրաբերության պայմանագրերով ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 52 միլիարդ 703 հազար դրամ:
«Նշյալ հաշվեհամարին հաշվեգրված միջոցները համախմբվել են պետական բյուջեում՝ վերջինիս օրենսդրությամբ ամրագրված մնացած մուտքերի հետ, և օգտագործվել պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման նպատակով»,- ասված է ՀՊ եզրակացության մեջ:
Նկատենք, որ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված միջոցառումների գծով ծախսերի բացվածքի՝ Հիմնադրամի նվիրաբերած միջոցների հաշվին հնարավոր է դարձել նվիրաբերության պայմանագրերով նախատեսված՝ ռազմական դրությամբ պայմանավորված, մասնավորապես, դրամական օգնություն և աջակցություն տրամադրել Արցախում հաշվառված և Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիներին, ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև՝ այլ առողջական, կրթական և սոցիալական ծրագրերին:
Ընթացիկ եզրակացության մեջ ուշադրության է արժանի հատկապես հետևյալ ձևակերպումը. «Թեև, հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ Հիմնադրամի նվիրաբերած միջոցների ու պետական բյուջեի առանձին վերցրած որևէ ծախսի միջև ուղղակի կապը բացակայում է, այդուհանդերձ, հաշվեքննության են ենթարկվել պետական բյուջեի այն լրացուցիչ իրականացված միջոցառումները, որոնք հետևանք են եղել ռազմական գործողությունների և, ըստ կառավարության հաշվետվության, ֆինանսավորվել են՝ այդ թվում նաև Հիմնադրամից ստացված միջոցների հաշվին, որպեսզի բացահայտվի նվիրաբերված միջոցների օգտագործման համապատասխանությունը նվիրաբերության պայմանագրերով սահմանված ուղղություններին»:
«Հիմնադրամի նվիրաբերած միջոցների ու պետական բյուջեի առանձին վերցրած որևէ ծախսի միջև ուղղակի կապը բացակայում է». հենց սա նկատի ունենալով էին երկու տարի շարունակ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ անվստահություն հայտնում 52 միլիարդ դրամի ծախսագրման վերաբերյալ:
168.am-ը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է պաշտոնական պարզաբանումների հանդեպ հայաստանյան ու սփյուռքյան տարբեր շրջանակների անվստահության հարցերին:
Վերադառնանք մեր հաշվեքննության հանրայնացված եզրակացությանը
Այսպիսով, տեղեկանում ենք, որ հաշվեքննության օբյեկտներ են դիտարկվել Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։ Հաշվեքննությունը կատարվել է 2022 թվականի հունվարի 3-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը:
Արձանագրենք նաև, որ հաշվեքննությունն իրականացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության կողմից, որի աշխատանքները համակարգում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Գեղամ Հովեյանը, որի՝ Հաշվեքննիչ պալատի անդամության թեկնածությունը 2021 թվականի մայիսին առաջադրել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը:
Հատվածներ ընթացիկ եզրակացության մեջ տեղ գտած անհամապատասխանություններից
Տեղեկանում ենք, որ՝ անհամապատասխանություն է առկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված Նվիրաբերության պայմանագրերի 3.2. կետով սահմանված պահանջների հետ` այն է. «նվիրաբերության պայմանագրերի 3.2. կետով սահմանված՝ հաշվետվության տրամադրումը, այն է՝ յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսի 15-ը Նվիրաբերողին Նվիրառուի կողմից չեն ներկայացվել»:
Ինչպես նաև՝ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով տրամադրվող» նվիրաբերության պայմանագրի 2.5 կետի դրույթների առնչությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության կառավարության միջև կնքված Նվիրաբերության պայմանագրի 3‑րդ կետի դրույթների առումով:
«Ըստ նվիրաբերության պայմանագրի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի Հանրապետությանն անհատույց հանձնում է 1,000,000.00 հազար դրամ Արցախի բնակչության կողմից 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին սպառած գազի, էլեկտրաէներգիայի ծախսերի ֆինանսավորման համար:
Համաձայն պայմանագիր 1-ի 2.5 կետի՝ Արցախի կողմից աշխատանքները կատարված են համարվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ դրական եզրակացություն տալուց հետո:
Հաշվեքննությամբ պարզվել է, որ նախարարության կողմից մինչև հաշվեքննության ավարտը դրական եզրակացություն չի տրվել: Առկա է անհամապատասխանություն Պայմանագիր 1-ի 2.5 կետի դրույթների մասով»,- ասվում է եզրակացության մեջ:
Անհամապատասխանություն է արձանագրվել նաև հսկողական գործընթացի թերացումների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև «Դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» կնքված պայմանագրերի 3-րդ կետի դրույթների առումով: Այս առնչությամբ պարզվել է, որ՝ դրամական աջակցության համար դիմած 3,655 շահառուի մերժել են աջակցության գումարի տրամադրումը, որովհետև ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում: Սակայն գրություններով հիմնավորվել է 264 քաղաքացիների որպես Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում փաստացի գտնվելու հանգամանքը, որոնցից 124-ը, ըստ ՀՀ ԱԱԾ հարցման պատասխանի, այնուամենայնիվ, չեն գտնվել ՀՀ-ում կամ Արցախում, սակայն վճարվել են դրամական աջակցության գումարները 13,413.22 հազար դրամի չափով:
Առկա է անհամապատասխանություն նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ՄՍԾ-ի ցուցակների առնչությամբ: Պարզվում է՝ 2020 թվականին և մինչև 12.05.2021 թվականը ընկած ժամանակահատվածում, միջոցառման վճարման ցուցակներում առկա են ընդհանուր 29 շահառու, որոնց ցուցակներում ներառել են մահվան օրվանից հետո ու կատարվել են վճարումներ:
Հիշեցնենք՝ 2021 թ. հոկտեմբերին ԱԺ-ում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հարցի առնչությամբ նախաձեռնել էին նաև քննիչ հանձնաժողովի ստեղծում։
Այս թեման լայն արձագանք էր գտել հատկապես Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Requiem / 6. ՓՈՂԵՐ» տեսանյութից հետո: Հրապարակման մեջ Միքայել Մինասյանը նշել էր, որ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին: Միքայել Մինասյանը նաև հավելել էր՝ 9 որոշումներից 7-ի բնօրինակներն անհետացել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Հայկակ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:
2021 թ. սեպտեմբերին թեմային անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, ապա պնդել․
««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, և աուդիտը, եթե չի արձանագրել կամ հրապարակել, դա կհրապարակի քննիչ հանձնաժողովը, որևէ այլ հանձնաժողով… Աշխարհում չկա որևէ այլ հանձնաժողով, որ բացի իմ ասածից՝ կարողանա արձանագրել որևէ այլ բան, որովհետև որևէ այլ բան տեղի չի ունեցել և տեղի ունենալ չէր կարող պարզապես»։