Ի՞նչ փուլում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող աուդիտը և ինչ խոչընդոտների է բախվել աուդիտ իրականացնող տեղական ընկերությունը
Պատերազմից ամիսներ են անցել, սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատերազմի օրերին հավաքագրված գումարի, ծախսերի մասին հակասական տեղեկություններն այդպես էլ չեն պարզաբանվել։
Նկատենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջում տեղադրված վերջին տարեկան հաշվետվությունը վերաբերում է 2019 թվականին: Մինչդեռ Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջով՝ «Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել՝ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը»:
Հաշվետվությունների համար օրենքով սահմանված վերջնաժամկետն արդեն վաղուց անցել է, սակայն 2020 թ․ հաշվետվությունը Համահայկական հիմնադրամի կայքէջում դեռ տեղադրված չէ:
Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, անդրադառնալով Կառավարությանը փոխանցված միջոցներին, հորդորել էր սպասել Ֆինանսների նախարարության հաշվետվությանը, ապա վստահեցրել էր, թե՝ Կառավարության բոլոր ծախսերը հիմնադրամի հետ համաձայնեցված են, իսկ նպատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։
52 միլիարդ 703 միլիոն դրամի ոդիսականը, սակայն սրանով չավարտվեց
«Requiem / 6. ՓՈՂԵՐ» տեսանյութում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, օրինակ, նշել էր, որ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին: Միքայել Մինասյանը նաև հավելել էր՝ 9 որոշումներից 7-ի բնօրինակները անհետացել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Հայկակ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:
Սա էլ դեռ վերջը չէ. ըստ որոշ տեղեկությունների՝ հիշյալ գումարի մի մասը, որը եղել է ԱՄՆ դոլարով, ծառայել է արտարժույթի փոխարժեքի կայունացման նպատակին։
Թեմայի առնչությամբ պարբերաբար հանրայնացվում են նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները։ https://168.am/2020/12/06/1422100.html
Նա մասնավորապես նշում էր, որ Կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ: Ավելի ուշ նախագահը նաև հայտնել էր, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
Արտահերթ նիստը չուշացավ
Հիմնադրամի 29-րդ նիստը տեղի ունեցավ 2021թ․ մարտի 16-ին, որտեղ նախագահը վերահաստատեց. «Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի»:
Նիստից հետո հայտարարություն էր տարածել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա տեղեկացրել էր, որ նիստում քննարկվել է Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի հաշվետվության խնդիրը։
«Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում, և, որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն՝ կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։
Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե՞ անփութության հետևանք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների հետևանքով լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը»,- նշել էր Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաև ընդգծել էր, որ վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում․ «Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը»:
Այս ընթացքում հայտնի դարձավ նաև, որ հիմնադրամը, առաջնորդվելով «Հիմնադրամների մասին» օրենքով, հրավիրել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերությանն իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020 թվականի ընթացքում դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ, որի արդյունքները, հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց և հաստատվելուց հետո, կհրապարակի բաց հաշվետվություն:
Ավելի ուշ տարբեր շրջանակներից նաև հավաստիացումներ եղան, թե միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունը, իսկ վարչապետ Փաշինյանը շարունակեց պնդել, թե՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներն արդյունավետ են ծախսվել. դա կատարված փաստ է»:
Անպատասխան հարցեր
Ի վերջո, հիմնադրամում իրականացվող աուդիտն ավարտվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո՝ ե՞րբ կներկայացվի հանրությանը՝ հարցերը շարունակում են անպատասխան մնալ։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում տարեկան գործունեության համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտը վերջին երեք տարիներին իրականացրել է «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունը, մինչդեռ վերջին` 2020 թվականի աուդիտն իրականացնելու ընթացքում այս ընկերությունը բախվել է խոչընդոտների:
Այսպիսով, ըստ մամուլի հրապարակումների՝ Աուդիտորական գործունեության մասին ընդունած օրենքով 2021 թ. հունվարի 1-ից դադարեցված են համարվել բոլոր աուդիտորական կազմակերպություններին տրված լիցենզիաները, նույն օրենքով պարտադիր է համարվել, որպեսզի աուդիտորական կազմակերպությունները անդամագրվեն մասնագիտացված հասարակական կազմակերպությանը՝ Աուդիտորական պալատին:
Աուդիտորական գործունեության մասին օրենքում մասնավորապես նշվում է․
«2021 թվականի հունվարի 1-ից աուդիտորական ծառայությունների իրականացման համար տրված լիցենզիաներն ուժը կորցրած են համարվում, և այն աուդիտորական կազմակերպությունը, որը չի անդամակցում մասնագիտացված կառույցներին, իրավունք չունի մատուցելու աուդիտորական ծառայություններ»:
Ստացվում է՝ ՀՀ իշխանությունները նման կարևոր առաքելությունը հանձնել են հասարակական կազմակերպությանը՝ օրենքով նախատեսած «մասնագիտացված կառույցների» փոխարեն ձևավորելով միայն մեկը, որը գերիշխող դիրք ունի։ Ասել է թե՝ շուկան մոնոպոլիզացվել է:
Օրենքի այս խնդրահարույց դրույթները վիճարկելու նախաձեռնությամբ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերության տնօրեն Փառանձեմ Գևորգյանը մի շարք քայլեր է ձեռնարկել, և քանի որ Ֆինանսների նախարարությունը ծանուցումներ է ուղարկել հկ-ին չանդամակցած աուդիտորական կազմակերպություններին՝ պարտավորեցնելով 2021թ. հունվարի 1-ից անհապաղ ներկայացնել լիցենզիաները, հիշյալ ընկերության տնօրենը նաև բողոքարկել է ապօրինի վարչարարությունը և միջնորդել վարչական դատարանին՝ կիրառել հայցի ապահովման միջոց։
Վարչական դատարանի որոշմամբ՝ արգելվել է պահանջել «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի լիցենզիան, դատարանը պահանջել է պահպանել կազմակերպության աուդիտորական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կարգավիճակը:
«Հասարակական կազմակերպությանը շնորհել են արտոնություններով, ինչի իրավասությունն ինքը չունի. միավորներին, անհատներին և առանձին կազմակերպություններին չեն կարող պարտավորեցնել, որ հասարակական կազմակերպությանն անդամակցեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Փառանձեմ Գևորգյանը:
«Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերության ներկայացուցիչը, սակայն, չի պնդում, որ խնդիրները կապված են հատկապես Համահայկական հիմնադրամի աուդիտի հետ՝ նկատելով, որ այս պահին դատարանի որոշմամբ արտոնված է շարունակել իրենց աշխատանքները, և ըստ պայմանագրի՝ Համահայկական հիմնադրամի աուդիտն իրականացնելու համար մինչև սեպտեմբեր ժամանակ ունեն հաշվետվությունները ներկայացնելու համար:
Հ․Գ․ Աուդիտորական գործունեության մասին նոր օրենքի խնդրահարույց դրույթներին 168.am-ը կանդրադառնա առանձին հրապարակմամբ: