ԱԺ քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է ստորագրել ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 18-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերած  գումարի մի մասը ծախսվել է, մյուս մասն էլ նվիրաբերվել է Կառավարությանը, որպեսզի ծախսերը ճիշտ կոնսոլիդացվեն: Նա նաև ասել էր, որ հիմնադրամն առաջիկայում մանրամասն հաշվետվություն կներկայացնի: Այս հայտարարությունը, որ հիմնադրամի գումարի մի մասը նվիրաբերվել է կառավարությանը՝ անակնկալ էր հանրության համար։ Կառավարությանը տրվել է գումարի մոտավորապես 60 տոկոսը՝ մոտ 105 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս