Ինչո՞ւ աուդիտորական գրասենյակը չի կարողացել հաստատել 52 միլիարդի ծախսագրումը․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների ոդիսականը
Պատերազմից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազմի օրերին հավաքագրված գումարների և, մասնավորապես, կառավարությանը փոխանցված 52 մլրդ 700 մլն դրամի մասին իրարամերժ տեղեկությունները շարունակում են չպարզաբանված մնալ։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հարցի առնչությամբ նախաձեռնել են քննիչ հանձաժողովի ստեղծում, որի՝ օրերս կայացած առաջին նիստում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, օրինակ, «նեղսրտել է», թե «անհարկի մեղադրանքների պատճառով» հիմնադրամի նկատմամբ վստահությունը կորսվել է։
168.am-ի հետ զրույցում, սակայն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հստակեցնում է՝ մեղադրանքները ոչ թե հիմնադրամին էին ուղղված, այլ ՀՀ կառավարությանը։
«Խոսքը հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած 52 միլիարդ դրամի ծախսագրման մասին է։ Այսինքն՝ ի սկզբանե ֆիքսենք, որ խոսքը հիմնադրամի մասին չէ, այլ կառավարության կողմից այդ գումարների հնարավոր վատնման մասին»,- մանրամասնեց Արա Վարդանյանը, ապա մատնանշեց հիմնադրամի հետ կապված մեկ այլ խնդիր, որին քննիչ հանձնաժողովի նիստում անդրադարձել էր նաև Արծվիկ Մինասյանը,- «Դեռևս պետք է պարզվի՝ արդյո՞ք հիմնադրամի կողմից գումարի՝ կառավարությանը փոխանցումը և հոգաբարձուների խորհրդի որոշումները եղել են օրինական։ Այս առումով համաձայն եմ պարոն Մինասյանի հետ․ այնտեղ կա խնդիր՝ ամենամեծ խնդիրն այն է, որ որոշումներ ընդունելիս հոգաբարձուների խորհրդի երկու անդամներ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն է, տեղեկացված չեն եղել այդ որոշումների մասին։ Այսինքն՝ սրանով խախտվել է՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, նրանց իրավունքները»։
Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի կարծիքով, եթե նախագահները տեղեկացված լինեին, հնարավոր է՝ կոչով դիմեին մյուս անդամներին, որպեսզի վերջիններս դեմ քվեարկեին գումարը կառավարությանը ուղարկելու որոշմանը։
Ի պատասխան իշխանական պատգամավորի մտահոգությունների՝ նա ևս մեկ անգամ հստակեցնում է խնդիրը՝ մատչելի ձևակերպումով․
«52 միլիարդ դոլար փոխանցվել է կառավարությանը, և ցայսօր չի ստացվել որևէ հոդաբաշխ բացատրութուն՝ բոլոր ապացույցներով, թե ի՞նչ է եղել այդ գումարի հետ: Կպարզվի, որ ամեն ինչը ճի՞շտ է ծախսվել, շատ ավելի լավ, կպարզվի, որ եղել են չարաշահումնե՞ր, ապա չարաշահումներ իրականացնողները կպատժվեն, ինչը, կրկին, շատ լավ է»։
Ի դեպ, Արա Վարդանյանն անդրադարձավ հիմնադրամում կատարված աուդիտի եզրակացությանը՝ տեղեկացնելով, որ «աուդիտորական գրասենյակը չի կարողացել հաստատել այս գումարների (52 միլիարդ դրամի) ծախսագրումը, քանի որ իրավասու չէ ստուգումներ իրականացնել ՀՀ բյուջեում»։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում տարեկան գործունեության համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտը վերջին երեք տարիներին իրականացրել է «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունը։
Նկատենք, սակայն, որ հիմնադրամի կայքէջում տեղադրված վերջին տարեկան հաշվետվությունը 2019 թվականինն է, մինչդեռ Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջով՝ «Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել՝ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, անդրադառնալով Կառավարությանը փոխանցված միջոցներին, հորդորել էր սպասել Ֆինանսների նախարարության հաշվետվությանը, ապա վստահեցրել էր, թե՝ Կառավարության բոլոր ծախսերը հիմնադրամի հետ համաձայնեցված են, իսկ նպատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։
52 միլիարդ 703 միլիոն դրամի ոդիսականը, սակայն, սրանով չէր ավարտվել․
«Requiem / 6. ՓՈՂԵՐ» տեսանյութում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, օրինակ, նշել էր, որ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին: Միքայել Մինասյանը նաև հավելել էր՝ 9 որոշումներից 7-ի բնօրինակները անհետացել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Հայկակ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:
Թեմայի առնչությամբ պարբերաբար հանրայնացվում էին նաև նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները։ Նա մասնավորապես նշում էր, որ Կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ: Ավելի ուշ նախագահը նաև հայտնել էր, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
Արտահերթ նիստը չուշացավ․ Հիմնադրամի 29-րդ նիստը տեղի ունեցավ 2021թ․ մարտի 16-ին, որտեղ նախագահը վերահաստատեց.
«Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի»:
Նիստից հետո հայտարարություն էր տարածել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա տեղեկացրել էր, որ նիստում քննարկվել է Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի հաշվետվության խնդիրը։
«Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում, և, որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն՝ կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։ Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե՞ անփութության հետևանք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների հետևանքով լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը»,- նշել էր Ռոբերտ Քոչարյանը։
Դեռ սեպտեմբերին թեմային անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, ապա պնդել․
««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, և աուդիտը, եթե չի արձանագրել կամ հրապարակել, դա կհրապարակի քննիչ հանձնաժողովը, որևէ այլ հանձնաժողով․․․ Աշխարհում չկա որևէ այլ հանձնաժողով, որ բացի իմ ասածից՝ կարողանա արձանագրել որևէ այլ բան, որովհետև որևէ այլ բան տեղի չի ունեցել և տեղի ունենալ չէր կարող պարզապես»։