Շենգեն վիզա ստանալու գործընթացը բարդացել է, բազմաթիվ բողոքներ ենք ստացել. ԱԳ փոխնախարար
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո պատգամավորները ԱԳ փոխնախարարին հարցեր ուղղեցին։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցը վերաբերում էր շենգեն վիզաներ ստանալու գործընթացին, որը ստանալու դժվարությունների վերաբերյալ անձամբ բազմաթիվ բողոքներ է ստացել։
«Շատացել են բողոքները և՛ դեսպանատներում օր ամրագրելու հնարավորության, և՛ վիզա ստանալու պրոցեսի հետ կապված։ Իհարկե, առյուծի բաժինը վերաբերում է բուն օրը վերցնելու դժվարություններին։ Մենք որոշակիորեն հետազոտեցինք խնդիրը, բազմաթիվ հարցեր առաջ եկան, և դիմումատուների թվի աճի հետ կապված խնդիր կա, նաև դեսպանատների կարողությունների ոչ բավարար լինելու հետ կապված։ Որքանով հասկացա, տուրիստական գործակալություններն ինչ-որ կերպ այդ օրերը կարողանում են ամրագրել, հետո վերավաճառել, անվանափոխել։
Չգիտեմ՝ ինչ է ստացվում, ինչպես կարելի է իրավաբանորեն սա անվանակոչել՝ երևի անօրինական ձեռնարկատիրական գործունեություն։ Մենք, իհարկե, այս հարցը շատ ենք քննարկել դեսպանատների հետ, ինձ մոտ այդպիսի գաղափար կար, որ այնպես անեն, որպեսզի համակարգը թույլ չտա օր ամրագրածի հայտը փոխել մեկ այլ անձի անունով, բայց դուք մեզ ի՞նչ այլ նորություն կարող եք ասել, ինչպե՞ս կարող ենք այս խնդիրը լուծել»,- հետաքրքրվեց Արման Եղոյանը։
Պատասխանելով բարձրացրած հարցերին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ իսկապես իրավիճակը վատթարացել է վերջին ամիսների ընթացքում։
«Ստացել ենք բազմաթիվ բողոքներ թե՛ քաղաքացիներից, թե՛ անգամ պաշտոնյաներից։ Հետևյալն ենք անում՝ երկու ուղղությամբ ենք աշխատում, հաջորդ շաբաթ պետք է հրավիրենք մի շարք գործընկերներ, որպեսզի ունենանք մանրամասն քննարկում։ Նման ֆորմատով այդ ձևի քննարկում դեռ չի եղել։
Երկրորդը՝ ավելի ակտիվացնել վիզայի ազատականացման գործընթացը ԵՄ-ի հետ։ Պետք է ասեմ, որ որոշակի դեսպանատների հետ բարելավում է տեղի ունեցել։ Ուզում եմ վստահեցնել, որ հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Նաև հրավիրել ենք տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչներին, քանի որ մեծ վնաս է հասցվում մեր տուրիզմին, նաև չվերթերին, որն այսքան բացվել է վերջին շրջանում։ Այդ բոլոր հարցերով պատրաստվում ենք ավելացնել մեր աշխատանքները թե՛ Երևանում դեսպանությունների հետ, թե՛ հանձնարարել մեր դեսպաններին ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարար Հովհաննիսյանը։
Արձագանքելով՝ Արման Եղոյանը խնդրեց իր բարձրացրած հարցերին առանձնահատուկ ուշադրություն դարձնել, քանի որ հարցը լայն հասարակական հնչեղություն է ստացել։
«Երևի մեկ լուծում էլ կարելի է առաջարկել. ուղղակի դեսպանատների հետ այսպես քաղաքական համաձայնության գալ, որ այն մարդկանց դեպքում, որոնք ակնհայտորեն շատ են ճանապարհորդում՝ աշխատանքի կամ գուցե հանգստի բերումով, ում, այսպես ասած՝ պատմությունը խնդրահարույց չէ, գուցե իրենց ավելի երկար ժամկետով մուլտի վիզաներ տան, որպեսզի իրենք նորից չդիմեն, ու այդ հերթը նորից չերկարի»,- ընդգծեց Արման Եղոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում