Արման Եղոյանը խուսափում է պատասխանել Փաշինյանի իմպիչմենտի վերաբերյալ հարցին

ԱԺ-ում լրագրողներն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք ստացել է իմպիչմենտի գործընթացին առնչվող Էդգար Ղազարյանի ուղարկած նամակը, ինչին նա դրական պատասխան է տվել:

«Այո, իհարկե, դուք գիտեք այդ հարցի պատասխանը, ինչի՞ եք նորից այդ հարցը տալիս: Բոլոր 107 պատգամավորներին էլ ուղարկվել է: Չեմ արձագանքելու: Դուք հիմա ռեալիթի շոո՞ւ եք կազմակերպում, ինչի՞ մասին եք խոսում, 6 տարի ինձ քաղաքացիները նամակներ են գրում, ո՞ր մեկի մասին եք հարցրել: Ի՞նչ է՝ ձեզ թվում է, որ մյուս քաղաքացիներն ավելի անկարևոր հարցեր են բարձրացնո՞ւմ: Պարզապես սա է ձեր օրակարգում այսօր: Ես չեմ խուսափում այս թեմայից, ուղղակի եթե շոուի կարիք ունեք…»,- շարունակել է նա:

Հիշեցմանը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր նման նախաձեռնությամբ հանդես գալիս՝ չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոո՞ւ էր անում, բնականաբար, Արման Եղոյանը նշել է՝ Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում, և որ այստեղ կարևորը դրա քաղաքական կոնտեքստն է:

«Քաղաքական կոնտեքստից կախված է կարելի գործողությունը որակել կամ շոու, կամ քաղաքական գործընթաց»,- շեշտել է իշխանական պատգամավորը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ադրբեջանական կրակոցներին, Արման Եղոյանը հույս է հայտնել, որ ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի և չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետև այդ կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորրը մեր հասարակությունում: Եվ այս համատեքստում նա սլաքն ուղղել է լրագրողներին՝ խուճապ տարածելով չնպաստել հանրային անդորրի խաթարմանը:

Հակադարձմանը՝ բացառո՞ւմ եք, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով կամ սահմանազատումից հետո Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են լքել իրենց գյուղերը կամ երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ՝ Եղոյանը հարցը կոռեկտ չի համարել:

«Ձեր հարցից դուք ակնկալում եք երկու հնարավոր պատասխան՝ այո՛, բացառում եմ, և ո՛չ, չեմ բացառում։ Եթե ինձ հարցնեք՝ դուք բացառո՞ւմ եք, որ վաղն աշխարհի վերջն է, ես էլի չեմ կարող բացառել, բայց դա չի նշանակում, որ ես կանխատեսում եմ, որ վաղը կլինի աշխարհի վերջը»,- արձագանքել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս