Զարեհ Սինանյանը պետության ու ժողովրդի հարկերի հաշվին շրջում է՝ իբրև տուրիստ, Լիլիթ Մակունցի վերաբերմունքն արտառոց է. Հարութ Սասունյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱՄՆ շրջայցից հետո այցելություններ է ունեցել նաև Լիբանանում և Սիրիայում: Թե ի՞նչ հանձնարարությամբ էր հանձնակատարը որոշել շրջել Սփյուռքի մի քանի համայնքներում Հայաստանի ու Արցախի համար սրված այս մարտահրավերների փուլում, դեռևս հայտնի չէ: Մամլո հաղորդագրություններում, ձեռնպահ որոշ դիտարկումներից զատ, ոչ մի առանցքային հանձնառություն չկար:
Արդյո՞ք Զարեհ Սինանյանը Սփյուռք էր տարել նաև իշխանությունների թրենդային «խաղաղության օրակարգը»՝ հարցը ևս բաց է:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը, սակայն, շեշտում է՝ եթե դա է եղել այցի նպատակը, ապա շատ վատ անձ են ընտրել այդ պատգամը փոխանցելու համար:
Ըստ նրա՝ Զարեհ Սինանյանը ոչ մի բան չի կարող փոխանցել և պարզապես պետության ու ժողովրդի հարկերի հաշվին շրջում է՝ իբրև տուրիստ:
«Իր այցելությունները միայն փողի վատնում են: Ինձ համար առավել տարօրինակ է, որ այս ճգնաժամային օրերին, երբ բոլորս աշխարհով մեկ փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, Արցախն ու Հայաստանը կարողանան դիմագրավել մարտահրավերներին, Զարեհ Սինանյանը չփորձեց մի խելացի պատգամ փոխանցել, ուղղություն տալ Սփյուռքին:
Վերջիվերջո, իր պաշտոնը Սփյուռքի հանձնակատարի պաշտոնն է, բայց նա նույնիսկ չի էլ հասկացել, թե ինչ է իր պաշտոնն ու պարտականությունը. նա կարծում է, թե իր պաշտոնը Փաշինյանին գովերգելն է՝ պրոպագանդայի նախարարի նման (պաշտոն, որ դիկտատորական մի քանի երկրներում կա)»,- 168.am–ի հետ զրույցում մանրամասնեց Հարութ Սասունյանը:
Ամերիկահայ գործիչը տեղեկացրեց նաև, որ հերթական շրջայցի մասին Զարեհ Սինանյանի գրասենյակի տարածած հաղորդագրություններն ուռճացված են և չեն արտացոլում իրականությունը:
«Երբ կարդում եմ զեկույցներ, որ իր գրասենյակն ու ինքը չեն գրել, այլ մարդիկ, որոնք ներկա են եղել այդ հանդիպումներին, պատմում են ճիշտ հակառակը. այսինքն՝ գրեթե ամեն տեղ, ուր եղել է հանձակատարը, քիչ թվով մարդիկ են ներկա եղել: Ոչ միայն նրա հրավերներն են մերժել, այլև եղել են մարդիկ, որոնք չէին ցանկացել գնալ հանդիպման, բայց գնացել են, որպեսզի տեսնեն, թե այս մարդն այս անգամ ինչ է ասելու, և հետո համայնքին հայտնեն, թե իսկապես ինչ է եղել, ոչ թե այն, ինչ Զարեհ Սինանյանը պետք է ներկայացնի մամլո հաղորդագրություններով:
Ես կարդացի առնվազն երկու զեկույց, որ «Հայրենիք» և «The Armenian Weekly» լրատվականները հրապարակեցին, ըստ որոնց՝ Սինանյանը շատ արտառոց գաղափարներ է ասել, որոնք տեղ չեն գտել իր կողմից հրապարակված զեկույցներում. օրինակ, ասել է, որ երբ 2020 թ. պատերազմը սկսվել է, ինքն առաջին երկու շաբաթից հասկացել է, որ ՀՀ-ն պարտվելու է պատերազմում:
Ես չգիտեի, որ Սինանյանը ռազմական գործի մասնագետ է և հասկանում է՝ որ կողմը պետք է պարտվի, որ կողմը՝ հաղթի, դա ինձ համար նորություն էր:
Հետո խոսել է ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին՝ ասելով, թե Հայաստանը չի կարող ՌԴ-ին վստահել և այլն. արդյո՞ք ինքը կարծում է, թե ՀՀ արտգործնախարարն է, կամ վարչապետը: Սինանյանի գործը քաղաքական հարցերով զբաղվելը չէ. նա Սփյուռքի հետ կապերի պատասխանատու է և պետք է փորձի Սփյուռք-Հայաստան կապն ավելի ամրացնել, որպեսզի համատեղ ուժերով կարողանան գործակցել Հայաստանի և Արցախի վիճակը բարելավելու ուղղությամբ»,- նշեց նա:
Իսկ թե Հայաստանի ու Արցախի վիճակը բարելավելու, հայկական կողմի շահերը ներկայացնելու ուղղությամբ ի՞նչ է անում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը՝ Հարութ Սասունյանը չգիտի:
Սփյուռքահայ գործիչը հիշեց, որ անկախությունից ի վեր՝ Հայաստանի բազմաթիվ դեսպանների է հանդիպել, և անկախ ՀՀ այդ օրվա իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքից՝ բոլորին փորձել է լսել, աջակցել, քանի որ գրեթե բոլորն էլ փորձել են օգտակար աշխատանք տանել Հայաստանի համար, իսկ Լիլիթ Մակունցն արտառոց պահվածքով է աչքի ընկել:
«Անհասկանալի է, թե ինչ է անում Լիլիթ Մակունցը. ես երբեք չեմ տեսնում, որ ինքը համայնքի հետ շփվի: Անցյալ օրը զանգ ստացա, ասում էին՝ տեղյա՞կ ես, որ Մակունցը մի քանի ժամով եկել է Լոս Անջելես և մեկնել. ինչպե՞ս կարող է ՀՀ դեսպանը գալ Լոս Անջելես՝ ամենահայաշատ համայնքն աշխարհում, և համայնքի հետ հանդիպում չունենա:
Մեկ տարի առաջ էլ եկավ այստեղ և մի քանի մարդկանց հետ ճաշեց միայն, և դարձյալ ոչ մի հայտարարություն, ոչ մի լուր՝ ինչ ասեց, ինչու է եկել, այսինքն՝ գաղտագողի էր եկել ու գնացել:
Սա շատ արտառոց վերաբերմունք է ՀՀ ներկայացուցչի համար: Եվ Արցախի շրջափակման 90 օրերին էլ ես ոչ մի բան չեմ լսել իր կողմից, մինչդեռ Հայաստանի դեսպանն այս օրերին պետք է գիշեր ու ցերեկ՝ օրը 24 ժամ վազվզեր, հանդիպումներ ունենար, համոզեր, որ՝ օգնեք մեզ»,- ամփոփեց Հարութ Սասունյանը:
Ի դեպ, ԱՄՆ-ի անգլիալեզու «The Armenian Weekly» լրատվամիջոցն այս այցին անդրադառնալով՝ նկատել էր. «Անհասկանալի է, թե ինչու և ինչ նպատակով Սինանյանը պարաշյուտով թռավ ԱՄՆ արևելյան շրջան՝ շրջելու մեր համայնքներով։ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի մեր հայրենիքում տիրող իրավիճակը. Հայաստանը կարմիր տագնապի տակ է»: