Նախիջևանի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շահումյանի հայերը պետք է Ադրբեջանից փոխհատուցում պահանջեն
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձի թեմային:
«Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ: ԼՂ հարցով բանակցային գործընթացի փակուղի մտնելը հենց այդ պատճառով է տեղի ունեցել, որովհետև ակնհայտ է եղել, որ այ այս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում:
Ձեր ասածը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին և հայտարարություններին, այսինքն՝ ըստ էության, Ադրբեջանը ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել: Շատ հաճախ Հադրութից բռնագաղթած ժողովուրդը կառավարության դիմաց ցույցեր է անում, և, մեծ հաշվով, այդ մարդիկ ճիշտ են անում, որովհետև, օրինակ՝ եռակողմ հայտարարության դրույթներից մեկն այն մասին է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: Մինչև այսօր Հադրութի ժողովրդին ոչ ոք չի առաջարկել վերադառնալ իրենց տները: Եվ դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից:
Մենք այդ հարցը բարձրացրել ենք և շարունակելու ենք բարձրացնել: Նույնը՝ Շուշիից բռնի տեղահանված հայությունը: Ավելին ասեմ, ես կարծում եմ, որ հիմա այդ թվում հայաթափված Նախիջևանի ներկայացուցիչներն իրենք են հարցեր բարձրացնում ՀՀ կառավարության առաջ, ասում են, որ Հայաստանի կառավարությունը խոչընդոտում է, որպեսզի իրենք իրենց իրավունքները պաշտպանեն: Նախիջևանում բացահայտ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մեծ կամպանիա է տեղի ունեցել:
Ընդ որում, Նախիջևանը հայաթափվել է դեռ 19-րդ դարից սկսած՝ հետևողականորեն: Դուք գիտեք, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությունը տեղահանվել է, դուք գիտեք Շահումյանի շրջանի Գետաշենի հայության տեղահանման մասին, և ՀՀ կառավարությունը երբեք չի խոչընդոտել, գուցե չենք էլ քաջալերել, և դա երևի սխալ է եղել, բայց մենք հաստատ չենք էլ խոչընդոտել, որ նրանք իրենց իրավունքները հետապնդեն: 100 հազարավոր մարդկանց մասին է խոսքը»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանից բռնի տեղահանման դեպքեր չեն գրանցվել. «Ավելին, մեր արխիվներում պահված են փաստաթղթեր, որ ՀՀ կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին: Նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ, իհարկե, ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, բայց կոտորածներ չեն եղել ՀՀ-ում ադրբեջանցիների, մինչդեռ Բաքվում, Սումգայիթում եղել են, Հադրութում, Շուշիում 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են, Գետաշենի մասին գիտեք, Շահումյանի շրջանի մասին գիտեք»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Շահումյանի, Նախիջևանի, Հադրութի, Շուշիի, Կիրովաբադի, Բաքվի, Սումգայիթի և էլի շատ շրջանների հայեր, որոնք հազարամյակներով այդտեղ ապրել են, իրենց իրավունքները հետապնդելու, այդ թվում՝ փոխհատուցումներ պահանջելու լիարժեք իրավունք ունեն. «Ենթադրում եմ, որ այդ մարդիկ կօգտվեն իրենց իրավունքները հետևողական պաշտպանելու պատեհությունից»:
Մանրամասները՝ տեսանյութում