«ԱՄՆ-ը և ԵՄ-ն երբեք չեն հայտարարել, որ պատրաստ են լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. Սուրեն Սարգսյան
«Թե ինչո՞ւ հասանք այս կետին, կարծում եմ՝ հարցի պատասխանը հստակ է, որովհետև վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը չունեցավ ադեկվատ արտաքին և անվտանգային քաղաքականություն, ինչի հետևանքով մենք հասանք այն կետին, որտեղ հիմա գտնվում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով, իհարկե, դրան որոշակիորեն օժանդակել է նաև միջազգային իրավիճակը, բայց հետևանքներն էապես տարբեր կարող էին լինել, եթե մենք ադեկվատ արտաքին քաղաքականություն ունենայինք և ճիշտ գնահատեինք ժամանակի անվտանգային մարտահրավերները:
«Արդեն 80 օրից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է, ինչը լրջագույն մարտահրավեր է ոչ միայն արցախահայության, այլև ամբողջ հայ ժողովրդի համար, որտեղ էլ որ բնակվի: Սա լրջագույն մարտահրավեր է մեր պետության, մեր պետականության, մեր ապագայի, մեր անվտանգության համար, և այս քայլով ըստ էության մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի բավարարվել նրանով, ինչ ստացել է: Կար պնդում՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք», բայց ստացվում է այնպես, որ նույնիսկ Արցախը տալու պարագայում լավ չեն ապրելու, և սա, կարծում եմ՝ շատ հստակ մեսիջ է, որ այդ թեզը փլուզվել է»,- ասաց Սարգսյանը:
Միջազգայնագետի դիտարկմամբ՝ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ՝ եթե Հայաստանից՝ ռուսական ռազմաբազան, իսկ Արցախից՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքը դուրս գա, ապա ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն կլինեն անվտանգության երաշխավորը:
Նրա խոսքով՝ իրականում այս հարցն առաջին հերթին պետք է ուղղել ԱՄՆ-ին և ԵՄ-ին, թե արդյոք իրենք ցանկանո՞ւմ են լինել այդ երաշխավորը.
«Երբևէ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից նման հայտարարություն չի արվել, որ իրենք պատրաստ են լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, հետո նաև Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը:
Նման հայտարարություններ չեն արվում, երբեք չեն արվել, և կարծում եմ՝ չեն էլ արվի, որովհետև նման հայտարարություն անելու համար լուրջ պարտավորություններ է պետք ստանձնել, որն այս պահի դրությամբ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, և ո՛չ էլ ԱՄՆ-ը առանձնապես հետաքրքրված չեն ստանձնելու…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում