ՄԱԳԱՏԷ-ի վրա չեն կարող ազդել. միակ կառույցը, որի վրա կարող են ազդել, այսօրվա վարչապետի ղեկավարած կառավարությունն է. Էներգետիկ փորձագետ
Իլհամ Ալիևը Հայաստանի հետ բանակցային գործընթացում փորձում է հերթական նախապայմանն առաջ քաշել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսիի մոտ նա սկսել է դժգոհել Մեծամորի ատոմակայանից: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը նշել է, թե Հայաստանի ատոմակայանը «մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ու տարածաշրջանի համար», իբր այն աշխատում է հին տեխնոլոգիաներով, ունի տեխնիկական խնդիրներ:
Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը 168.am–ի հետ զրույցում թշնամական այս հարձակումներին հակադարձում է հիշեցմամբ. «Ատոմակայանը գնվում է ՄԱԳԱՏԷ-ի ամենօրյա հսկողության տակ. այսինքն՝ այնտեղ տեղադրված են հատուկ սարքեր, որոնցով օնլայն ռեժիմով տեսնում են, թե ատոմակայանում ինչ է կատարվում: Մեծամորի ատոմակայանը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:
Վերջին անգամ ատոմակայանում 200 միլիոն դոլարի ներդրում է արվել հենց միայն անվտանգության համակարգերի բարելավման համար, ինչը եղել է ՄԱԳԱՏԷ-ի պահանջը»:
Նա ադրբեջանական դժգոհությունները քաղաքական սպեկուլյացիա որակեց՝ նկատելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ցանկացել են փակել ատոմակայանը:
Հնարավո՞ր է՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանին ու Թուրքիային հաջողվի հասնել ատոմակայանի փակմանը՝ հաշվի անելով, որ ի դեմս Հայաստանը ներկայացնող իշխանությունների՝ չկա Ադրբեջանի ախորժակը զսպող կողմ` հարցին ի պատասխան՝ փորձագետը հավելեց.
«Այս իշխանությունների պարագայում ամեն ինչ է հնարավոր: Իրենք, օրինակ, Էներգետիկայի նախարարությունը լուծարեցին՝ որոշելով, որ դա իրենց պետք չէ:
Բայց եթե, Աստված չանի, ատոմակայանը փակվի, մենք ոչ միայն էներգետիկ, այլև, առհասարակ, լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ կկանգնենք, որովհետև ատոմակայանն ապահովում է մեր արտադրվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը. դա փոխարինել այլ հզորություններով մենք այս պահին չենք կարող ուղղակի:
Ադրբեջանն ու Թուրքիան ՄԱԳԱՏԷ-ի վրա չեն կարող ազդել. միակ կառույցը, որի վրա կարող են ազդել, այսօրվա վարչապետի ղեկավարած կառավարությունն է. եթե նրանք որոշեն փակել, կփակվի»:
Ի դեպ, Ալիևի հայտարարությունից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր ատոմակայան՝ «ՀՀ վարչապետ» գրությամբ անվանական սաղավարտով, ծանոթանալու ԱԷԿ-ի անցուդարձին: