«Փաշինյանն ու Հարությունյանն իրենց հայտարարություններով ավելի շատ են խուճապ տարածում ժողովրդի մեջ, քան ադրբեջանական դիվերսիոն ներթափանցումները». Արշակ Աբրահամյան

Մարտի 3-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին կոչ էր արել ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և աջակցություն ցուցաբերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։

«Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։

Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։

Իհարկե, պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորություններն անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումն այսօր խիստ անհրաժեշտություն է»,- իր հայտարարության մեջ նշել էր Արցախի պետնախարարը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն ասաց, որ պետնախարարի այդ հայտարարությանն արձագանքել են բազմաթիվ մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ։

«Ինքս և մեր խմբի շատ երիտասարդներ զբաղվածության, ինչպես նաև այլ ծրագրերում ընդգրկվածության պատճառով չենք կարողանում այդ ծրագրին զուտ ֆիզիկապես մասնակցել։ Բայց ընդհանուր առմամբ երիտասարդության արձագանքը դրական է եղել։ Այդ ծրագրում հիմնականում ներգրավված են տղաները, քանի որ բեռներ են տեղափոխում, դրանք ծանր են, և աղջիկներն ի վիճակի չեն անելու, բայց որոշ աշխատանքներում աղջիկներ էլ կան ներգրավված»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ Արցախում խոսելուց զատ՝ որևէ բան չեն անում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հատկապես Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունից հետո, ով ներկայացրել էր Ադրբեջանի ներկայացրած պահանջները, Արշակ Աբրահամյանը նկատեց՝ պետք է ներկայացնել, թե այդ հանդիպմանն ինչ է տեղի ունեցել։

«Երբ մեր բանագնացներն Արցախի կողմից գնացել են՝ որպես բանակցող կողմ, ռուսական կողմը նրանց ներկայացրել է՝ որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ, այսինքն՝ այդ տերմինը շեշտվել է։ Սա շատ ողջունելի է, քանի որ Արցախը ներկայացվել է որպես միավոր, առանց ինտեգրացիոն գործընթացների։

Երբ մեր բանագնացները գնացել են հանդիպման, ասել են, որ եկել են 4 պահանջներով՝ էլեկտրական սյուների վերականգնում, այցելություն Դրմբոն և այլն, սակայն ադրբեջանական կողմի ներկայացուցիչը միանգամից անտեսելով այդ կետերը, պնդել է, որ պետք է խոսել ինտեգրացիոն քաղաքականության մասին, թե ինչպես պետք է Արցախն ինտեգրվի։ Այդ ամենին ի պատասխան՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ լիազորված չէ նման հարցեր քննարկելու, բացի այն 4 կետերից, որոնք իրենց հետ տարել են։ Այսինքն՝ առկա ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որովհետև Սարսանգի ջրամբարն արդեն բավականին իջել է, մոտ 3 տարի անհրաժեշտ կլինի այն վերականգնելու համար։ Հանդիպմանը, ինչպես միշտ, Ադրբեջանը ցուցաբերել է ապակառուցողական դիրքորոշում, այսինքն՝ նրանք միանգամից փորձել են ճնշում գործադրել մերոնց վրա՝ ասելով, թե պետք է քննարկել միայն ինտեգրման հարցը»,- շեշտեց Արշակ Աբրահամյանը։

Ըստ նրա, այս հանդիպումից մեկ օր հետո Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստում իր հայտարարությամբ ընդգծել է, որ ներքին խողովակով իրենց փոխանցել են, որ իրավիճակը դրական ուղղությամբ չի ընթանալու, մինչև չընդունվի Ադրբեջանի՝ ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ պահանջը։

«Այդ հանդիպումից հետո, Արցախի խորհրդարանի երեք ընդդիմադիր ուժերը ձևավորել են միջխորհրդարանական կուսակցական մարմին, այսինքն՝ գործնական աշխատանքներ, հանդիպումներ ընթանում են և՛ Արցախի նախկին նախագահների, և՛ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ։ Ակտիվ հանդիպումներ ենք ունենում, ճանապարհային քարտեզը գծվում է։ Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել Արցախի այն «կարմիր գծերի» վրա, որոնք բազմիցս նշել ենք։

Վերջին 85 օրերի ընթացքում ժողովուրդը, կենցաղային խնդիրներով տարված, կարիք ունի որոշակի հստակությունների։ Մեր «կարմիր գծերն» առավելագույնը 4-ն են, առաջինն Արցախի ինքնիշխանությունն է, երկրորդը՝ պաշտպանական համակարգը եռակողմ կոնցեպտով՝ Արցախի ՊԲ-ն, խաղաղապահ զորակազմը և ՀՀ Զինված ուժեր, երրորդը՝ ցամաքային կապն է Հայաստանի հետ, իսկ չորրորդը՝ միասնական սոցիալական-տնտեսական համակարգն է։ Անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանի կառավարությունը 50 դրամով էլեկտրաէներգիա կվաճառի, թե՝ ոչ, Արցախը պետք է ունենա մեկ սոցիալական-տնտեսական համակարգ Հայաստանի հետ։

Հակառակ պարագայում անիմաստ է հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, եթե այս 4 կետերն աստիճանաբար խախտվում են»,- շեշտեց Արշակ Աբրահամյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, եթե Ադրբեջանը Արայիկ Հարությունյանին ստիպում է Արցախի ներքին կադրային քաղաքականությունը վարել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, ապա Արցախի նախագահը հավասարվում է Ադրբեջանի որևէ մարզպետի կամ ներկայացուցչի, որը կատարում է նրա հրահանգները։

Խոսելով մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախի դիվերսիոն ներթափանցման մասին, որի ժամանակ երեք հայ ոստիկաններ զոհվեցին, Արշակ Աբրահամյանն ասաց, որ պարզից էլ պարզ է՝ Ադրբեջանը ձգտում է հուսահատություն ու վախ մտցնել արցախահայության մեջ, որպեսզի Արցախը հայաթափվի։

«Փաշինյան-Հարությունյան-Ալիև եռյակն ամեն կերպ փորձում է հուսալքել արցախցիներին, թեպետ մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ իրավիճակի մեջ ենք գտնվում։ Փաշինյանն ու Հարությունյանն իրենց հայտարարություններով ավելի շատ են խուճապ տարածում ժողովրդի մեջ, քան ադրբեջանական դիվերսիոն ներթափանցումները։

Ադրբեջանական դիվերսիան տեղի է ունեցել միջհամայնքային ճանապարհի վրա, մարտի 5-ից սկսած թիրախավորված են Արցախի բնակավայրերն իրար հետ կապող ճանապարհները։ Որևէ մեկս երաշխիքներ չունենք, որ նույն իրադարձությունը տեղի չի ունենա այլ բնակավայրում»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս