«Քանի իշխանության ղեկին Նիկոլն է, Ալիևի պահանջները կատարվելու են, մի օր էլ կարող է Ադրբեջանին հանձնի ՀՀ նախկին նախագահներին». Արշակ Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները պատերազմի սպառնալիքի մասին են, ինչին հայկական կողմը պատասխանում է «անատամ» հայտարարություններով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց արցախցի վերլուծաբան, հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանը` մանրամասնելով, որ Ալիևը բացահայտ սպառնում է պատերազմով, իսկ ՀՀ իշխանությունը որդեգրել է պարտվողական քաղաքականություն։ Իսկ այս պայմաններում Ալիևը ստանալու է այն ամենը, ինչ ցանկանում է՝ օգտվելով Հայաստանում ապազգային իշխանության վարած քաղաքականությունից։

«Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլն է, Ալիևի պահանջները մեկը մյուսի հետևից կատարվելու են։ Իսկ ամենավտագավորը գիտե՞ք որն է, որ մի օր էլ կարող է Ադրբեջանին հանձնի ՀՀ նախկին նախագահներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հանձնելուց հետո, անցնելու է ՀՀ նախագահներին՝ Առաջինից մինչև Երրորդ նախագահ։ Ադրբեջանի ղեկավարը բազմիցս ասել է, որ ՀՀ նախկին նախագահները «ռազմական հանցագործ» են, եթե Նիկոլն է ՀՀ-ում իշխանության ղեկին, ի՞նչն է խանգարում Ալիևին հասնել իր ուզածին։ Նախագահներից հետո կանցնեն ազատամարտիկներին, դեռ ամենավատն առջևում է»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Ըստ նրա, Ալիևի ռազմատենչ հայտարարություններին պատասխանում են ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով, մինչդեռ դրան երկրի ղեկավարը պետք է պատասխաներ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հաղթանակ կերտած մարդկանց, տվյալ պարագայում՝ ՀՀ նախկին նախագահներին։

«Այս իշխանությունը մատը մատին չի տալիս Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու համար։ Եթե Հայաստանում ազգային իշխանություն լիներ, հենց առաջին օրը, երբ Հակարիի կամրջից ձերբակալվեցին Արցախի ղեկավարները, նրանց խնդրով կզբաղվեր, այս խնդիրը պետք է բարձրաձայնվեր միջազգային ամենաբարձր ամբիոններից։ Բայց քանի որ ՀՀ-ում ապազգային իշխանություն է, այդ մարդկանց ճակատագիրն անորոշ է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Հետևելով ադրբեջանական լրահոսին, Արշակ Աբրահամյանը տեսնում է, որ Ադրբեջանում առաջիկայում ռազմական ղեկավարությանը փոխելու են. ցամաքայինից սկսած՝ մինչև օդուժի ղեկավարություն։

«Ադրբեջանի բանակում մեծ անցուդարձ է տեղի ունենում՝ զորաշարժ, զորավարժություններ, հրետանու փոփոխություն է տեղի ունենում, զորքի կուտակում և այլն։ Այս մասին ՀՀ-ում խոսում է համայնքի ղեկավար, հետո այդ անձի եղբորը ձերբակալում են, նման լուրեր են մեզ հասնում։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունն աչքը Հայաստանի հարավին է պահել, որպեսզի տեղի ունեցողի մասին մարդիկ չիրազեկեն, ուզում են անեն նույնը, ինչ արեցին Արցախում։ Երբ Արցախում ասում էինք՝ թշնամին հարձակվելու է, պատերազմի է պատրաստվում, ՀՀ իշխանությունը հրամայում էր մեզ լռեցնեն, նույնը հիմա այստեղ են փորձում։ Այս իշխանությունն իր անողնաշար լինելը փաթաթում է ժողովրդի վզին, ասում է՝ «տեսեք, հա, չբողոքեք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»։ Այս մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանից մի փոքր տարածք է մնացել, այլևս զիջելու բան էլ չկա։

Նիկոլը հայտարարում էր, որ ինքը գերագույն հրամանատար է, թող որևէ մեկը չկասկածի, երկու պատերազմներում տեսանք՝ նա ինչի է ունակ, եթե նրա օրոք մի պատերազմ էլ լինի՝ հավատացեք, Հայաստանի վերջն է լինելու։ Իսկ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար»,- շեշտեց նա և հավելեց՝ չի բացառում, որ COP-29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական գործողության, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական նորանշանակ ղեկավարությունը ծանոթանա դիրքերին ու տեղեկատվությանը։

Տեսանյութեր

Լրահոս