Պետության ու պետականության գահավիժման գործընթացին պետք է  բեկում տրվի, ազգի լայն համախմբում պետք է լինի. Արշակ Աբրահամյան

Հուլիսի 14-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս  Գալստանյանի առաջնորդությամբ եղավ Կոտայքի մարզում: Հրազդանում, Աբովյանում և այլ քաղաքներում սրբազանը հանդիպեց շարժման աջակիցների հետ, նորից ներկայացրեց շարժման նպատակները և պատասխանեց բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի։

Արցախից բռնի տեղահանված և Հրազդանում հաստատված արցախահայերն էլ տարաբնույթ հարցեր ուղղեցին Բագրատ սրբազանին:

168.am հետ զրույցում արցախցի վերլուծաբան, հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանն ասաց, որ Բագրատ սրբազանի այցը Հրազդան շատ սպասված էր, քանի որ Արցախից բռնի տեղահանված ու Հրազդանում հաստատված արցախահայերը շատ հարցեր ունեին սրբազանին, որոնք չեն կարողանում ուղղել ՀՀ իշխանություններին ու սռանալ պատասխան։

«Սրբազանի հետ հանդիպման էին գնացել ոչ միայն մտահոգ հրազդանցիներ, այլև Հրազդանում ապաստան գտած արցախահայեր։ Մտերմիկ միջավայրում արցախահայերը բարձրաձայնեցին առանցքային հարցեր՝ կենցաղային հարցերից՝ մինչև արցախահայերի կարգավիճակի ու Արցախ վերադառնալու մասին։

Կարդացեք նաև

Հրազդանցիները ևս բազմաթիվ հարցեր ուղղեցին, ի վերջո, եթե հաշվի առնենք Հրազդանի աշխարհագրական դիրքը, այն, ինչպես և Ստեփանակերտը, մի ժամանակ սահմանամերձ չէր, բայց հիմա արդեն սահմանամերձ է դարձել։ Հետևաբար, անվտանգային հարցերը նրանց համար օրեցօր ավելի մտահոգիչ են դառնում»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Ըստ նրա, այսօր շատերն են մասնակցում ՊՆ-ի վարժական հավաքներին ու տեսնում սահմանին տիրող իրավիճակը, ու շատերի համար այլևս պարզ է դարձել, որ ՀՀ տարածքը ժամերի ընթացքում է նույնիսկ փոքրանում։ Բնականաբար, մարդիկ բազմաթիվ մտահոգող հարցեր ունեն, և նրանք այդ բոլոր հարցերը տվել են Բագրատ սրբազանին։

«Այդ հանդիպմանը ներկա բոլոր քաղաքացիների տրամադրվածությունը շարժմանը  դրական է, քանի որ հույս ունեն, որ իսկապես իրավիճակ կարող է փոխվել։ Քաղաքացիները նաև մտահոգություններ հայտնեցին ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր զիջումների վերաբերյալ։ Ի դեպ, այս հարցը շատ է մտահոգում արցախահայերին, քանի որ տեսել են, թե Արցախում ինչ տեղի ունեցավ, ուստի այսօր էլ մեզ մտահոգում է մեր հայրենիքի այս հատվածի ճակատագիրը»,- շեշտեց Արշակ Աբրահամյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ շատ արցախցիներ ցանկություն ունեցել, բայց  չեն կարողացել մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը դեռ Կիրանցում, քանի որ մասնակցել են վարժական հավաքներին: Իհարկե, ֆիզկապես չեն կարողացել լինել շարժման կողքին, բայց ամբողջությամբ կիսում են շարժման գաղափարախոսությունը։

«Արցախցի երիտասարդությունը չի կարող անմասն մնալ այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունենում երկրում, առաջնագծում պետք է երիտասարդները ներկա լինեն՝  սահմանին, թե որևէ շարժման ժամանակ։ Բնականաբար, բոլոր երիտասարդներն էլ պատրաստ են պայքարել հայրենիքի համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արշակ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ-ում ներկայիս իշխանություններին հեռացնելուց հետո անպայման պետք է պետական մակարդակով բարձրացվի արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցը, իրենց բնօրրան  արժանապատիվ  ու անվտանգ վերադարձի հարցը:

«Բնականաբար, Արցախի իշխանությունն այս հարցում տարբեր պայմաններ է առաջ քաշելու. անվտանգության հարց, Հակարիի կամրջում դրված անցակետի մնալ-չմնալու հարց, ուժայինները, բժիշկները հայե՞ր են լինելու, բջջային կապը հայկակա՞ն է լինելու, և այլն։ Այս հարցերը լուծելուց հետո պետք է լինի արցախահայերի մասսայական վերադարձ Արցախ։ Սա շատ մեծ ու լայն կոնտեքստ ունեցող հարց է, որին այժմ ամբողջովին չենք կարող անդրադառնալ, քանի դեռ ՀՀ-ում այս իշխանությունն է։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  չի կարող երկու հայկական պետություն կործանվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ այսօր եկեղեցին է  կանգնել ժողովրդի կողքին, ու ազգի լայն համախմբումն ի վերջո պետք է տեղի ունենա։ Պետության ու պետականության գահավիժման գործընթացին պետք է մի օր բեկում տրվի»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս