Ադրբեջանի զինուժը 44-օրյային իջել էր Ստեփանակերտի ուղղությամբ, այդ թվում՝ «Խայփալու» տեղամաս, և մարտական դիրքեր դրել. ինչո՞ւ Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր
Մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Այսինքն, կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է Ստեփանակերտից դեպի Լիսագոր ուղևորվող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:
Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1-1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է, իսկ մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.
«44-օրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը վերահսկողություն էր հաստատել Շուշի քաղաքի, Քարին տակ գյուղի և Շուշիին հարակից տարբեր այլ տեղամասերի նկատմամբ, ադրբեջանական զորքերը որոշակի ուղղություններով իջել էին մայրուղուց ներքև՝ Ստեփանակերտի ուղղությամբ, այդ թվում՝ դեպի, այսպես կոչված՝ «Խայփալու» տեղամաս, և մարտական դիրքեր դրել:
ՊԲ-ն հետպատերազմյան ժամանակահատվածում մարտական հերթապահության համար նոր պաշտպանական գիծ է ստեղծել, որի հանգույցներից մեկը այդ հատվածով է անցել: Բնական է՝ այդտեղ պաշտպանական գիծ դնելու անհրաժեշտություն առաջացել է պատերազմից հետո, երբ Շուշիի նկատմամբ կար ադրբեջանական վերահսկողություն:
Աշխարհագրական տեղանքի, դիրքի առումով բավականին ծանր հատված է մարտական հերթապահություն իրականացնելու համար, քանի որ հիմնական մասը անտառային է, որտեղ հնարավոր անցումները, հատկապես վատ եղանակային պայմաններում դժվար է լինում ֆիքսելը:
Բայց այդ ուղղության գլխավոր սպառնալիքն այն է, որ այն բավական մոտ է մայրաքաղաք Ստեփանակերտին: Օրինակ, բուն այն տեղամասը, որտեղ դա եղել է հարձակումը, գտնվում էր Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Այսինքն, այդ ուղղությամբ ցանկացած անցում, առաջխաղացում լուրջ իրավիճակ կարող է ստեղծել հենց Ստեփանակերտի պաշտպանության համար»:
168.am-ը 2022թ. հուլիսի վերջին այլընտրանքային ճանապարհի արցախյան հատվածին անդրադառնալիս՝ գրել էր, որ դրա կառուցումը դեռ սկսված չէ, և ինչպես մեր արցախյան աղբյուրներն էին փոխանցել՝ դա Ղայբալու (Լիսագորից հետո)-Ստեփանակերտ հատվածն է:
Իհարկե, եթե անգամ այդ ճանապարհը կառուցված լիներ, ադրբեջանական կողմը, միևնույնն է՝ հարվածելու էր:
«Այդ ճանապարհը նույնիսկ, եթե վերանորոգված լիներ, կրկին որևէ անվտանգային խնդիր չէր լուծի, բացի նրանից, որ այդ ճանապարհով շատ արագ կստացվեր տեղաշարժերը, որովհետև բավականին հատվածներ կա, որտեղից կամ Ադրբեջանի կողմից տեսանելի է, կամ այդ ճանապարհը բավականին մոտ է և ցանկացած պարագայում այնտեղ անվտանգության խնդիրներ լինելու են»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ի դեպ, այս հատվածը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ է եղել, այսպես ասած, անպաշտպան:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ժողովրդին իր ուղերձում ասել էր, թե պատերազմը պետք է կանգնեցվեր, նոյեմբերի 10-ի որոշումը պետք է կայացվեր:
«Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում՝ հատկապես այդ 43 օրը հերոսաբար պայքարող մեր ժամկետային զինվորների մասով։ Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին լինել: Կարծես մի քանի օր հաջողվել էր պաշտպանվել հակաօդային ուժերի առումով անօդաչու սարքերից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը նոր տեխնոլոգիաների, թե անօդաչու սարքերի միջոցով հնարավորություն ունեցավ»,- հայտարարել էր Արայիկ Հարությունյանը:
Այս միտքը Արցախի նախագահը կրկնել էր 2021 թվականի փետրվարին՝ Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Շոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն, Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր, խնդրել էի, որ Մարտակերտից մի փոքր խումբ հերթապահեր Արմենավանի ուղղությունում, որպեսզի ժամանակին ահազանգի, թե ինչ է կատարվում»,- շեշտել էր նա:
Այո, Ստեփանակերտը կորցնելու վտանգ եղել է, այո, որոշ ուղղություններ պաշտպանված չեն եղել, բայց հարց է՝ ինչու: Սրա պատաասխանը, ըստ էության, Արցախի և ՀՀ ղեկավարությունը չի տվել, ըստ էության:
Այս համատեքստում հարկ է հիշել Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցը, որը, ըստ մամուլում եղած տեղեկությունների՝ կայացել է 2020 թ․ նոյեմբերի 4-9-ը, որտեղ Արցախի նախագահն ասում է, թե 10 օր է՝ մարդ է ուզում, որ Ստեփանակերտը պահի:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահիմ։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ – Ու մարդ չըն ղարկում։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը էն ա տեռտակ։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ – Օնիկը հի՞նչ ա ասում։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – «26»-ավը վեր շոռ տան, քմակավը նի մտնին։ Հի՞նչ։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ –«26»-ումը, էն ա իլա̈լ, մարդ օնինք դեղ։
ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ –… Էննընք դիտարկումընք լոխ…
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Արա դե … էրկու մարդ օնինք, էրկու մարդավ պոստ պահել ա ինում, քանի՞ մարդըն։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ – Արայի՛կ, մհենգ արտիլերյին կռեվ ա։ Կարևորը տսնաս՝ շտղավըն կյամ, տինիս, վեր թակիս, սօր պեխոտավ պեն պահելը տիժեր ա։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Արա, տռնըլան չի, տիյընք ըրալ, վեր հսալ ա Շուշի։ Մինչև մհենգ հըսալ ա Շուշի, շտեղընք արտիլերյի կռիվ անում։ Կռեվ ընելավ եկալըն, հսալ Շուշի։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ – Դե էն ուրգոնեն զանգ ում տամ՝ ասիմ զաստավավը կալոնա ա պիցրանում, հլորվում բիդի Զառիսլու, քամըն, պիցրանում Շուշի։ Արտիլերիան՝ սուս ըրած։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Ա դե քառասուն հետ ասումըս, ես էլ ասում ում՝ կա վեչ լի, պրծած ա, պրծած ա։ Վեչ արտիլերիան ա կարում գործ անի, վեչ էլ… Ես հի՞նչ անիմ մերը ք․․․։ Թողիմ՝ Ստեփանակերտը նի մտնին, պրծնի, ասին՝ «պա՜հ, պա խե՞ ասալ չըք, մունք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին յօրընք օնում»։ Հանցա մայիսի 8-ը ինի 92 թվին։
Նշենք, որ Շուշիի ու Ստեփանակերտի մեջտեղում գտնվող «26» բարձունքը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ամենավտանգավոր ու ծանր կետն էր մինչև Շուշիի ազատագրումը: Թշնամին անընդհատ լարված աշխատում էր այդ ուղղությամբ, քանի որ եթե անցներ «26» բարձունքը, Ստեփանակերտ կմտներ:
Իսկ Արցախի նախագահը, բնական է՝ ՀՀ իշխանություններից էր օգնություն խնդրել, իսկ թե ի՞նչ արձագանք է եղել, կարող ենք միայն կռահել և՛ Արայիկ Հարությունյան- Ռուսլան Իսրայելյան զրույցից, և՛ պատերազմի արդյունքից:
2022թ. սեպտեմբերին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ 2020թ․ նոյեմբերի 6 ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել է քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով նրա կողմից հանրայնացման ենթակա չեն)։
Իր հերթին 168.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ 2020-ի նոյեմբերի 7-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ինքը և ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու:
Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանին այլ հարցով էր ուղարկել Երևան, պարզ չէ: Իսկ գուցե չի վստահել և դրա համա՞ր է հաջորդ օրը Սեյրան Օհանյանին և Արգիշտի Քյարամյանին գործուղել Երևան:
Սամվել Բաբայանը վերը նշված հայտարարության մեջ հայտնել էր՝ «գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է»:
Ի դեպ, անցած տարի լրագրողների հետ զրույցում նա խուսափել էր «Իսկանդերի» կիրառման հետ կապված դիրքորոշում հայտնել՝ պատճառաբանելով, որ նոյեմբերի 6-ին Երևանում է եղել, իսկ, ըստ լուրերի՝ «Իսկանդերը» կիրառվել է նոյեմբերի 7-ին։
Հիշատակված հայտարարության մեջ Սամվել Բաբայանն անդրադարձել էր նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում իր հայտնի ելույթի առանձին դրվագների ձայնագրությանը, որտեղ նա, մասնավորապես, ասում էր.
«Պետք ա խնդիրը հաշվարկենք` ենթադրենք՝ 20-30 սմերչ ես գցում, կռիվ ենք տալիս, սաղին կոտորում ենք, Շուշին վերցնում ենք, բա հետո, հետո զորքն ի վիճակի չի պատերազմ մղելու: Խնդիրը հետևյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը 10 օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար: Ստեղ մենակ ժողովրդի խնդիրը չի` լավ, Ստեփանակերտի բնակչությանը տարհանեցինք, բա ամբողջ ճակատով զորք է կանգնած, կարողանո՞ւմ ենք էդ զորքը ապահով դուրս բերել, թե՞ թողնում ենք կոտորվի: Եթե Ռուսաստանը գտնում ա, որ Ղարաբաղում մարդ չպետք ա մնա, էդ 10 օրը Ադրբեջանի՞ց ենք խնդրում, թե՞ ինքը՝ ռուսն ա խնդրում` դուրս ենք գալիս: Չենք կարող ՆԱՏՕ-ի զորքի հետ, «նայոմնիկների» հետ, «պոլնի վաառուժենիայով» կռվենք: Երեկ փորձել եմ օպերացիա մշակեմ, ընդամենը չորս հատ գաուբիցա ունենք, եթե արտիլերիան չապահովի, ո՞նց ենք մենք առաջ գնալու: Ես էդ 5+2, 5+1 տենց բաներ չեմ հասկանում, որովհետև ոչ մեկը ստեղ էդ պարագայում չի մնալու: Կարող ա էդ դեպքում ռուսը զենք ուղարկի նայոմնիկներով, ստեղ իրավիճակը փոխվի»:
Այս օրերին Սամվել Բաբայանն Արցախում է և շարունակում է պնդել՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ շարունակաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների համապատկերում Լեռնային Ղարաբաղը չի կարող հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից, նույնն է թե՝ իր ժողովրդին ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից պաշտպանելու պարտականությունից»:
Վերադառնալով երեկվա միջադեպին, հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը դրա համատեքստում իր տարածած հայտարարության մեջ նշում է.
«ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները զոհվել են այն տեղանքում, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած պայմանավորվածությամբ ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող և Շուշի քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Ուստի ադրբեջանական կողմի պահանջն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը պետք է ապահովվի բացառապես Ստեփանակերտ–Բերձոր (Լաչին) ճանապարհով, հիմնազուրկ է։
Մյուս կողմից՝ Ադրբեջանն այսպիսով հերքում է իր այն պնդումը, թե Բերձորի (Լաչինի) միջանցքը բաց է ազատ տեղաշարժի համար։ Եվ, ի դեպ, Բերձորի (Լաչինի) միջանցքը համընկնում է այն տարածքային միավորներին, որոնք հայկական կողմից կամավոր հանձնվել են ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Հայաստանի ու Ռուսաստանի խնդրանքով և խաղաղության հաստատման ակնկալիքով»:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում մի ուշագրավ պահ կա՝ «…շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Այսինքն, ըստ մասնագետների, «Լաչինի միջանցքը» ձգվում է ոչ միայն մինչև Շուշի, այլ անցնում է Շուշիից այն կողմ, ինչը նշանակում է, որ Ստեփանակերտ-Շուշի հատվածի ճակատագիրն է վտանգի տակ, ինչի ականատեսը դեռ լինելու ենք:
Ի դեպ, մի առիթով «Հրապարակի» հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն ասել էր, ըստ էության, որ մեզ այնքան էլ պարտված չպետք է զգանք:
«Եկեք մյուս կողմից հարցին նայենք՝ Ադրբեջանն իր առջև դրված խնդիրները կատարե՞ց, քանի հայը կա Ղարաբաղում, ուրեմն Ադրբեջանը խնդիրներ ունի։ Սա է խնդիրը։ Այո, ինքը որոշակի հաջողությունների հասավ, մենք ունեցանք անհաջողություններ։ Շատ ներողություն, եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ»,- շեշտել էր նա:
Այնուհետ հակադարձմանը՝ շատ հեռու չէ ադրբեջանական դրոշը, ընդամենը մի 5 կիլոմետր, ԳՇ նախկին պետն արձագանքել է.
«Ես չեմ շտապում, և ընդունենք՝ 1 կիլոմետր է, հարցը դա չէ․ իրավիճակը կարող է մեկ տարի հետո փոխվել, 5 տարի, 10 տարի»:
Հավելենք, որ Արտակ Դավթյանը իրավիճակի փոփոխության մասին իր պնդումն արել է 2021 թվականի փետրվարի վերջին: Այսինքն, ուղիղ 2 տարի առաջ:
Ի դեպ, Ստեփանակերտը չկորցնելու հարցում շատերը կարևորում են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դերակատարումը, ով կալանքի տակ է և մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար: