Ի վերջո, «Իսկանդեր» կիրառվե՞լ է․ մանրամասնում է Սամվել Բաբայանը
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի ցանկանում հաստատել կամ հերքել Շուշիում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ խոսակցությունները, քանի որ նոյեմբերի 6-ին Երևանում է եղել և, ըստ լուրերի՝ «Իսկանդերը» կիրառվել է նոյեմբերի 7-ին։
«Ցանկացած հրթիռ ունի անձնագիր և ամեն տարի ստուգում է անցնում, գրվում է՝ ով է ստուգել, ինչ թերություններ է եղել և այլն։ «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ, հակահետևակային, տարբեր։ Մենք չգիտեք, եթե կրակել են, այդ տարբերակներից ո՞րն են կրակել և ինչի՞ դեմ են կրակել։ Ես այդ մարդկանց, որոնք պագոն են կրում ու քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե հրթիռը 10 տոկոս է պայթել, ո՞նց բացատրեմ, որ խփել է բեկորային, ու այդպես է տեսնում։ Իրենք իրենց բերանով ասում են, որ իրենց տեղում չեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Նա հերքեց այն խոսակցությունները, թե ինքը կուսակցություն ունի։
«Իրականությունն այն է, որ մի խումբ ինտելիգենցիայի մարդիկ, որոնք մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, ինձ հրավիրել են, որպես ռազմական փորձագետ՝ կցվել եմ այդ թիմին։ Որ կռվում են, թե ո՞վ է այդ երրորդ ուժը, երևի կտեսնեք։ Մենք ոչ մեկի հետ չենք համագործակցում, որևէ մեկի հետ կոալիցիա չենք կազմում, մենք ընթանում ենք մեր ճանապարհով։ Կմտնենք խորհրդարան, կտեսնենք՝ ինչ ուժեր են այնտեղ մտել, նոր կասենք՝ ում հետ ենք համագործակցում, ով մեր ծրագրային գաղափարն ընդունի, նրանց հետ էլ կհամագործակցենք»,- շեշտեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե նա ինչպես կմեկնաբանի այն լուրերը, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փորձում է համոզել, որպեսզի Արցախում Արայիկ Հարությունյանին լինի այլընտրանք, ինչին ի պատասխան՝ Սամվել Բաբայանն ասաց, որ, եթե որևէ մեկը կարծում է, թե իրեն կարող են համոզել՝ խնդիրներ ունի։
«Ես ձեզ ասում եմ, ես որևէ անգամ որևէ մեկի պոչ չեմ եղել, էությամբ չեմ կարող լինել, ինձ որևէ մեկը չի համոզել, ինձ հետ նման խոսակցություն չեն տարել։ Երբ ես Արցախում այդքան ստորագրահավաք անցկացրեցի, ինձ ասացին, որ ես իրենց քաղաքացին չեմ։ Մենք մեր դիրքորոշումն ասել ենք, որ այսօր երկրին պետք է պրոֆեսիոնալ բանակ, մենք հզոր բանակ պետք է ունենանք, որովհետև 5 տարի անց խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Սամվել Բաբայանը։